Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններից հետո մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 16 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը` 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, Կարեն Սիմոնյանը` 2 մանդատ։
Իրավիճակի ելքը կախված է Մարտուն Գրիգորյանից․ եթե նա որոշի միանալ ընդդիմությանը, քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը, եթե ոչ՝ նոր զարգացումներ են սպասվում։ Մարտուն Գրիգորյանը, սակայն, մինչ այս պահը լռում է։
«Հրապարակ»-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանն է։
-Պարոն Մելքոնյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է լռում Մարտուն Գրիգորյանը։
-Վստահ եմ՝ լավ է լինելու։ Ինչու է լռում՝ դա իր անձնական դաշտն է, չեմ ուզում մտնել այնտեղ։ Այն, որ ասել է՝ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա արդեն շատ բան է ասում։ Ինձ համար հիմա ամենակարևորը այն է, որ ընդդիմությանը տված գյումրեցիների ձայները չփոշիանան։ Տրամաբանորեն Վարդան Ղուկասյանի առաջարկը ընդունելի է, նա է ավելի շատ ձայն հավաքել, եւ վստահ եմ, եթե Մարտուն Գրիգորյանը նրանից շատ ձայն հավաքեր, ինքը կմիանար նրան, այդ մասին նախօրոք հայտարարել էր նաև։
- Բայց չի բացառվում, որ Մարտուն Գրիգորյանը անակնկալ անի բոլորին, նոր զարգացումներ լինեն։
-Ոչինչ չի բացառվում, բայց ես այդ վատ սցենարը չեմ ուզում դիտարկել ։ Կարծում եմ, որ մինչև ավագանու նիստի հրավիրման օրը՝ ապրիլի 16-ը, ինքը հայտարարությամբ հանդես կգա ։
-Ընտրությունների ընթացքից ի՞նչ կասեք, պարոն Մելքոնյան։
-Հերթական խայտառակ ընտրությունն էր։ Էս տիպի բռնաճնշումներով, ռեպրեսիվ միջոցներով, որ իշխանությունը ընտրություն անցկացրեց, անգամ վատ երազում չէի կարող պատկերացնել, ու այդքանից հետո էլի 50+ չհավաքեցին։
-Իսկ Փարաքարում ընդդիմությունը 50+ հավաքեց, այնտեղ մեթոդների չդիմեցի՞ն, թե՞․․․․
-Ամբողջ իրենց ռեսուրսը կենտրոնացրել էին Գյումրիի վրա, Փաշինյանի համար Գյումրին շատ կարևոր է, նախ, որ այնտեղից է սկսել, իսկ սիմվոլիկաները իր համար շատ կարևոր են, դրանում համոզվել ենք, հետո՝ քաղաքական դաշտը, թեկնածուների պայքարը Գյումրիում այլ էր։ Մի խոսքով, Գյումրին ՔՊ-ի համար պատվո խնդիր է, հաղթանակ ապահովելը շատ կարևոր էր, բայց, եղավ այն, ինչ եղավ․․․