Ակնհայտ է, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանի Հանրապետությունը մտել է նախընտրական պայքարի փուլ: Դրա մեկնարկը, կարելի է ասել, հայտարարվեց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը սափրվեց: «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի, շարժման աջակիցների կալանավորմանը, Մայր Աթոռ ԱԱԾ եւ ոստիկանական մեծաթիվ զորք ուղարկելուն՝ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման վերաբերյալ քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Կանադայում ապրող Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սա բացառապես իշխանության համար պայքար է: Պետության զարգացման, պետական խնդիրների լուծման, երկրի անվտանգության ապահովման հետ որեւէ առնչություն չունի՝ բացառապես իշխանություն պահպանելու խնդիր է: Ընդ որում՝ իշխանությունը պահպանելու համար որեւէ ռեսուրս կամ որեւէ քայլ, որն օրինականության եւ բարոյականության սահմաններից դուրս է լինելու, նմանատիպ որեւէ խնդրի առջեւ չեն կանգնելու այս իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ: Դրա համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, շատ սպասելի էր»:
Մարտիրոսյանը նկատում է, որ, չգիտես ինչու, Հայաստանում իշխանությունների դեմ «բռնի գործողություններ» փորձում են ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ այդ իշխանությունները քաղաքացիների շրջանում խայտառակ ցածր վարկանիշ են ունենում, ինչպես այսօր է, եւ փորձում են իրականացնել տարատեսակ հեղաշրջումներ: «Ընդ որում՝ այդ ամբողջ ժամանակահատվածում իշխանությունն ամբողջովին ապօրինի է գործում, ըստ էության՝ իրականացնում է քայլեր, որոնք օրենքից դուրս են, որոնք մինչեւ հիմա տեսել ենք, եւ կատարում են քայլեր, որոնք նույնիսկ իրենց նախընտրական ծրագրերում կամ իրենց նախընտրական ելույթներում չեն արտահայտել, այլ՝ դրանց հակառակը: Ինչպես, օրինակ, Արցախի հարցում «անջատում՝ հանուն փրկության»-ը, որը վերջնական ձեւ ստացավ Արցախի դատարկումով, եւ իշխանությունների կողմից լրիվ մոռացության մատնելը, Արցախի հետ կապված խնդիրները, ու նույնիսկ «Արցախ» բառից են խուսափում»,- ասաց Մարտիրոսյանը:
Զրուցակիցս նշեց, որ այդ չակերտավոր հեղաշրջման ծրագիրը, այն, ինչ կարդացել է ինքը, ընդամենը կազմակերպչական հարցեր էին, բռնության մասին խոսք չկար: Նա հավելեց, որ միշտ կողմ է եղել խաղաղ անհնազանդությանը, սակայն կարող են լինել նաեւ քաղաքացիների խմբեր, որոնք իշխանության հակաօրինական քայլերին, բռնություններին կնախընտրեն հակազդել որոշակի բռնի գործողություններով: «Ակնհայտ է, իշխանությունները վախեր ունեն, Փաշինյանն իշխանությունը կորցնելու մեծ վախ ունի եւ ամեն ինչ անում է, որպեսզի 2026 թվականի եւ, եթե ինչ-որ ձեւով նաեւ արտահերթ ընտրություններ կազմակերպի, իր ցանկացած եղանակով անցկացնի: Այսինքն, ապաակտիվացված քաղաքացիներ, հազար ներողություն բառիս համար՝ զզված քաղաքացիներ, որոնք չեն մասնակցում ընտրություններին, եւ ինքն իր քիչ ձայներով եւ իր երգչախմբի փոքրաթիվ ձայներով կարողանա իր իշխանությունը պահել, ինչպես դա եղավ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ»,- նկատեց Մարտիրոսյանը:
Այս գործողությունները կարող են տպավորություն ստեղծել, թե Փաշինյանն ուժեղացնում է իր դիրքերը, սակայն, եթե ստեղծվի մի հոսանք, որում ներառված կլինեն պայքարող քաղաքացիներ, որոնք ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ներկայացուցիչներ չեն, դա կարող է կոտրել քաղաքացիների ապատիայի զգացողությունը եւ միաժամանակ, անկասկած, հաղթական գործողություններ իրականացնելու հիմք դառնալ՝ ցույցեր, քարոզարշավ եւ հաղթանակ ընտրություններում, նույնիսկ՝ եթե իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները: «Այդ երրորդ ուժն է, որ կարող է հաղթել, եւ Փաշինյանի այս գործողություններն այդ երրորդ ուժին չեն կարող որեւէ ձեւով խանգարել»,- ասաց Մարտիրոսյանը: Եթե մարդիկ այլընտրանք չտեսնեն, ապա Փաշինյանի ծրագիրը կհաջողի: