Քաղաքականություն

«Հրապարակ». Սկզբում սրբադասեցին Մուկուչյանին, հիմա էլ գովաբանում են Քոչարյանին

«Հրապարակ». Սկզբում սրբադասեցին Մուկուչյանին, հիմա էլ գովաբանում են Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ դիտմամբ, թե պատահմամբ, գովեստի խոսքեր հղեց երկրորդ նախագահ, իր «ոխերիմ հակառակորդ» Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի մեկնարկին նա, հիշելով 23 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը, ասաց․ «Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության եւ անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»։ Եվ թվարկեց այդ օրն ԱԺ դահլիճ ներխուժած ահաբեկչական խմբի կրակոցներից սպանված պետական գործիչների անունները` Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Յուրի Բախշյան եւ այլք:

Մեր ուշադրությունը գրավեց «ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ» ձեւակերպումը։ Հիշեցնենք․ այդ ժամանակ իշխանության ղեկին Ռոբերտ Քոչարյանն էր։ Նա նախագահ էր դարձել 1998 թվականի ընտրություններում՝ Կարեն Դեմիրճյանին հաղթելու արդյունքում, իսկ խորհրդարանը ձեւավորվել էր 1999 թվականի ընտրությունների արդյունքներով, որի ձեւավորումից ընդամենը 5 ամիս անց տեղի ունեցավ ահաբեկչությունը։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը, որը տարիներ շարունակ նախկիններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, մեղադրել է ընտրություններ կեղծելու, կեղծված ընտրությունների միջոցով իշխանության գալու մեջ, այսօր ասում է, որ 1999 թվականի ահաբեկչությունը հարձակում էր «ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»։

Իհարկե, նա կարող է ասել, թե ինքը խորհրդարանում ձեւավորված իշխանությունը նկատի ունի, որը 1999 թ. մայիսի 30-ին կայացած ընտրությունների արդյունքում էր ձեւավորվել, իսկ կեղծվել են միայն նախագահական ընտրությունները։ Բայց 99-ի ԱԺ ընտրությունները, չմոռանանք, կազմակերպվել ու անցկացվել են հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ու նրա հովանու ներքո։ Այսինքն՝ Քոչարյանն էլ կարող էր իր Վահագն Հովակիմյանին նշանակել ԿԸՀ նախագահ, իր «տասովշչիկներին» գործի դնել, օլիգարխներին հանձնարարել, որ ձայն ապահովեն իր ֆավորիտ կուսակցության օգտին՝ խանգարելով, որ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ձեւավորած «Միասնություն» դաշինքն այդքան շատ ձայն ստանա եւ գա իշխանության։ Ստացվում է, որ Քոչարյանը չի խոչընդոտել ընտրություններին եւ թույլ է տվել, որ առանց խախտումների, թափանցիկ ընտրությունների արդյունքում «ժողովրդի կողմից ընտրված իշխանություն» ձեւավորվի։ Սա նշանակում է՝ նախկինները միշտ չէ, որ ընտրակեղծարարությամբ են զբաղվել։

Սրանով, ի դեպ, կարելի է ասել, որ մասամբ փարատվում են նաեւ այն կասկածները, որ Քոչարյանն է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը․ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ թույլ տալ, որ այն մարդիկ, ում ինքը չի ուզում տեսնել իշխանության մեջ, գան իշխանության, եւ ընդամենը 5 ամիս հետո նրանց ոչնչացնել։

Վերջերս պարզվեց նաեւ, որ նախկինների հայտնի «թվանկարիչ» Տիգրան Մուկուչյանն էլ, իրականում, սուրբ ու անբասիր անձնավորություն է եղել, որովհետեւ, ինչպես Փաշինյանի «նշանակած» ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էր մեզ հետ զրույցում խոստովանում, Մուկուչյանը ոչ միայն Հայաստանում վարչական իրավունքի լավագույն մասնագետներից է, այլեւ ուզենար էլ՝ չէր կարող կեղծել ընտրությունները, որովհետեւ, ըստ Հովակիմյանի, «2003 թվականից այս կողմ ԿԸՀ-ն արդյունքների վրա չի կարող ազդել»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տարիներ շարունակ Տիգրան Մուկուչյանին վերագրված մեղադրանքները, թե նա նախկինների պատվերով կեղծել է ընտրությունների արդյունքները, սին էին ու անհիմն։

Արդյունքում ստացվում է՝ Քոչարյանի օրոք ամեն ինչ օրենքի շրջանակներում, թափանցիկ ու ժողովրդի կամքին համապատասխան է եղել, բայց ինչ-որ ընդդիմադիր անձինք այս բոլոր տարիներին հետեւողականորեն պախարակել, ցեխ են շպրտել այդ անձանց վրա, վարկաբեկել նրանց՝ ժողովրդի աչքում  ներկայացնելով ընտրակեղծարար, թալանչի, հրեշ, օրինախախտ։ Այսօր մի կեսբերան խոստովություն արեցին մի մասով, վաղը մյուս մասերով կխոստովանեն, որ սխալվել են, կամ՝ կյանքն ու ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image