Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վերջին շրջանում ընդդիմության կողմից հարցուպատասխաններին և խորհրդարանական նիստերին չմասնակցելու որոշմանը։
Նրա խոսքով՝ դա քաղաքական մարտավարության հարց է, և ընդդիմությունն ինքն է որոշում՝ մասնակցել նիստերին, թե ոչ։ Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատվում է՝ արդյոք նպատակահարմար է վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ հարթակ տրամադրել ելույթների համար։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ ընդդիմության մասնակցության դեպքում հաճախ հնչում են քննադատություններ՝ կողմերին միմյանց արժանի համարելու և լարվածությունը չսրելու վերաբերյալ։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, այն նիստերին, որոնց ընդդիմությունը չի մասնակցել, խորհրդարանում նկատվել են հիստերիկ պահվածք, բարձր տոնով վեճեր և վիրավորական արտահայտություններ։