ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, որոշեց նորից հիշել ԱԱԾ-ին, ԱԱԾ նախկին տնօրեններին` Արթուր Վանեցյանին եւ Միքայել Համբարձումյանին, չնայած անուններ չտվեց: Առավել եւս տարօրինակ էին նրա բուռն էմոցիաներն «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հանդեպ, որի հիմնադիրներն ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպաներ են, այդ թվում՝ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարած Միքայել Համբարձումյանը։
Փաշինյանն իրեն հատուկ ոճով՝ ճղճղան տոնայնությամբ, ամենավերջին բառերն ասաց ԱԱԾ պաշտոնաթող սպաների հասցեին։ Ահա նրա խոսքից մի կտոր․ «Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ, որ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են՝ էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում... Չգիտեմ՝ ԱԱԾ սպաների միություն․ տո, արա, դուք նամուս ունենաք՝ էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն ա եղել ձեր պաշտոնավարման ընթացքում, դուք հասարակական կազմակերպությո՞ւն եք հիմնում՝ Ազգային անվտանգության ծառայության․․․ Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ազգային անվտանգության ծառայություն չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, խոպանչիների բրիգադ՝ ցավոք սրտի, նաեւ մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ ԱԱԾ սպաների միություն․․․․ տո, դուք՝ ո՜վ, Ազգային անվտանգության ծառայության․․․ ձեզնով ԱԱԾ-ն պիտի զբաղվի, որովհետեւ շատ դեպքերում հլը պետք ա հասկանանք՝ դուք՝ ամեն մեկդ, քանի՞ երկրի շպիոն եք ընդհանրապես»։
Ահա, այս բառերով Նիկոլ Փաշինյանն անվանարկեց ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամներին` թացը չորի հետ խառնելով եւ կոլեկտիվ մեղադրանքներ ուղղելով մեծ թվով մարդկանց։ Միության արձագանքը չուշացավ։ Նրանք գրեթե «հուժկու» պատասխան շրխկացրին իրենց «արա»-ով դիմող, իրենց վրա մուննաթ եկող, «խոպանչիների բրիգադ» ու մի քանի երկրի «շպիոն» անվանած «մեծարգո վարչապետին»։ Ահա այդ արձագանքը․ «Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդես գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության եւ լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին»։ Իրենց վերջին հայհոյանքները տված, «խոպանչի» եւ «յոթ երկրի շպիոն» անվանած Նիկոլ Փաշինյանի ելույթին ԱԱԾ պաշտոնաթող սպաները, որոնց թվում՝ գեներալի ուսադիր կրող երբեմնի հզոր ու «սարսափազդու» դեմքեր, ընդամենը զարմանք են հայտնում։
Միության համանախագահ Միքայել Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում չցանկացավ հայտարարությունից դուրս այլ բան ասել։ Իսկ ՀԿ-ի համահիմնադիր, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող Հրանտ Եպիսկոպոսյանն էլ մեր դիտարկմանը, թե զարմացած ենք, որ իրենք ընդամենը զարմանք արտահայտելով են արձագանքել Փաշինյանի ելույթին, ասաց. «Դե, դա դեռ նախնականն էր, հետագայում կմտածենք՝ էլի ինչ ենք անելու»։
Այսինքն՝ փուլ առ փո՞ւլ պետք է արձագանքեն, գեներալ Եպիսկոպոսյանն ասաց․ «Դե, չգիտեմ, հլը չենք որոշել, դա պիտի կոլեկտիվով որոշենք»։
- Հիմա Դուք՝ որպես երկարամյա ծառայությամբ սպա, գեներալի ուսադիրներ կրող ԱԱԾ-ական, ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ ելույթին, ինչո՞ւ նա որոշեց ձեր հասցեին այդպիսի բաներ ասել՝ «խոպանչի» եւ այլն։
- Ես իմ կարծիքն արտահայտել եմ, իմ կարծիքը գրված է, ավել մեկնաբանություններ չունեմ տալու, որ լինի` կլինի մեր էջում։
- Ձեր կարծիքն ասելով՝ միության անունից հայտարարությո՞ւնը նկատի ունեք։
- Այո, ես մենակ խոսում եմ միության անունից, ես անձնական երբեւիցե ոչ մի կարծիք չեմ արտահայտում։
- Այսինքն՝ Դուք է՞լ եք զարմացել, որ Փաշինյանը ձեր հասցեին այդպիսի բաներ է ասել։
- Ես ասացի ամեն ինչը, ինչ որ պետք էր քեզ։
- Մի քիչ անհամարժեք էր ձեր արձագանքը նրա ելույթին։
- Դե, անհամարժեք է՝ մի երկու օրից զանգիր, ավելի մանրամասն կզրուցենք էդ թեմայի շուրջ։
- Կզանգեմ, իհարկե, բայց ի՞նչ է փոխվելու երկու օրից։
- Ես ասում եմ՝ կոլեկտիվի կարծիքը պիտի մի հատ հասկանանք, թե ինչ է կոլեկտիվը մտածում։
- Իսկ այս հայտարարությունը, որ տարածել եք, կոլեկտիվո՞վ չեք քննարկել, որ տարածել եք։
- Ես ինչ որ պետք է, քեզ ասացի, դու անընդհատ հարցեր ես տալիս։
- Դե, իմ աշխատանքը հարցեր տալն է։
- Քո աշխատանքն է, հիմա քեզ հարգելով՝ խնդրեցի, ասացի՝ մենք հիմա պատրաստ չենք դրանից ավել մեկնաբանություններ տալ։ Սպառիչ տվել եմ պատասխան․ դա իմ կարծիքն է, կոլեկտիվի կարծիքն է, նախնական էդքանով սահմանափակվենք։