1950-ականների վերջերին Անգլիայից անկախություն ստանալու՝ կիպրոսցիների պայքարն առաջնորդել է Կիպրոսի արքեպիսկոպոս Մակարիոս Գ-ն: Ով պայքարի ընթացքում նույնիսկ կարճ ժամանակով աքսորվել է հայրենիքից: Իսկ 1960-ին անկախություն ձեռք բերելուց հետո ընտրվել է անկախ Կիպրոսի առաջին նախագահը: Իմ կողմից հարգված քաղաքագետներին, ովքեր հրապարակավ հորդորել են Միքայել Սրբազանին չխառնվել քաղաքականությանը, հորդորում եմ Վիքիպեդիայում ծանոթանալ Մակարիոս Գ-ի կենսագրությանը: Եթե մեր հույն բարեկամների հարգված հոգևորականը կարող էր քաղաքական պայքարի մեջ մտնել, իսկ հետո նաև ընտրվել երկրի նախագահ, ապա ինչո՞ւ չի կարող դա անել հայ հոգևորականը: Հատկապես որ այսօր մեզ բաժին է ընկել շատ ավելի դաժան իշխանություն, քան կիպրոսցիներին 20-րդ դարում: Անգլիական տիրապետությունը, հաստատ, դասեր ուներ սովորելու կես դար անց երևան եկած նիկոլական վարչապետությունից:
Դա՝ մեկ, և երկրորդ. նախորդ տարվա Սրբազան պայքարի օրերին Բագրատ Սրբազանն ընդունեց, որ շարժման հաջողության դեպքում ինքը կարող է և պատրաստ է գլխավորել ՀՀ կառավարությունը: Հասկանալի է, որ նա լինելու էր ընդամենը անցումային ժամանակաշրջանի վարչապետ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Եվ երրորդ. Նիկոլի հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո ծագած Փրկության շարժման ղեկավար էր ընտրվել քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով խոստացել էր իր կուսակցությամբ չմասնակցել Նիկոլին հեռացնելուն հետևելիք Ազգային ժողովի ընտրությանը: Իսկ սրբազանների թեկնածությունը՝ լիներ Բագրատ Սրբազանինը կամ այս օրերին՝ Միքայել Սրբազանինը, կարելի է համարել այդ առումով լավագույն տարբերակը:
Բայց եթե քաղաքագետներին կարելի է հորդորել, որպեսզի ուսումասիրեն Մակարիոս Գ-ի կենսագրությունը, ապա ի՞նչ ասես Միքայել Սրբազանին: Մի մարդու, ով մի քանի տարի քննադատել է վարչապետի աթոռից կառչած անձի հակապետական գործունեությունը, իսկ հիմա հրաժարվում է ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը: Ասվում է, որ առաջարկն ընդունելու համար պետք է ունենար կաթողիկոսի Գարեգին Բ-ի համաձայնությունը, իսկ վերջինս նման համաձայնություն չի տվել: Անկեղծ ասած, արդեն չգիտեմ ինչ ասեմ: Նախորդ հոդվածում նրան առաջարկել էի իր տեղը զիջել Բագրատ Սրբազանին, բայց նա կարծես թե համաձայն չէ Միքայել Սրբազանի առումով, ուր մնաց, թե հրաժարական ներկայացներ իմ ասած տարբերակով: Չնայած գոնե Միքայել Սրբազանի թեկնածության հարցով համաձայնություն տալը ձեռնտու է հենց իրեն: Ձեռնտու է նույնիսկ առաջին հերթին իրեն, որպեսզի, ի վերջո, ազատվի ամենօրյա նիկոլական գրառումներից: Բայց դե ոնց որ թե ծուռ հայելիների աշխարհում է գտնվում ոչ միայն Նիկոլն իր խամաճիկ կամակատարներով, այլև համարյա թե ողջ հայոց աշխարհը: Իսկապես, արդեն չգիտես՝ լաս, թե խնդաս…
ՀԳ. «hraparak.am»-ն առավոտյան նյութ էր հրապարակել, ըստ որի նախորդ ամբողջ օրը հանրապետականները չեն կարողացել կապվել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի ճշտեն նրանից՝ իրենք միանում են, թե չեն միանում Միքայել Սրբազանի հարցով Էդմոն Մարուքյանի առաջարկին: Իսկ երբ հայտնի է դարձել, որ Սրբազանը նախընտրել է «չշահարկվել», իրենք հայտարարել են միանաու մասին: Էստեղ են ասել՝ «Դե ե՜կ, Վարդապե՛տ, Ու մի՛ խենթանա...»: