Քաղաքականություն

Քոչարյանը ճիշտ էր ասում. միջանցք տալ -չտալը Նիկոլի որոշելիքը չէ

Քոչարյանը ճիշտ էր ասում. միջանցք տալ -չտալը Նիկոլի որոշելիքը չէ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է թուրք-ադրբեջանական տանդեմին առաջարկել ադրբեջանցիների կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանումը ստացած հայակործան պրոյեկտի հնարավորինս արագ իրականացումը:

Ավելին, իր վերջին ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ միջանցքի տարածքի վերահսկումը կտրվի ինչ-որ երրորդ ընկերության՝ ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում գրանցված, և ինչ-որ կազմակերպություն էլ իրավասություն կստանա այդ տարածքներում տարատեսակ ծրագրեր իրականացնել:

«Սիսական ջոկատի» անդամ, սյունեցի ազատամարտիկ, նկարիչ Աշոտ Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադաձավ Փաշինյանի հայտարարություններին ու միջանցքի գաղափարին:

- Միջանցքի մասին հայտարարությունները Փաշինյանի կողմից տպավորություն են ստեղծում, որ այլևս այդ միջանցքը իրականություն է դառնալու:

- Ես չէի շտապի, որովհետև դա իրենից կախված չէ և բացի դրանից նրանք, ովքեր որ իր կողմնակիցներն են՝ նաև դրանցից չի կախված՝ Ռուսաստան կա և կա Իրան: Արի չշտապենք, ես վստահ եմ, որ Իրանն ու Ռուսաստանը որպես գեոքաղաքական գործընթաց, նրանք էլ ինչ-որ բան պիտի անեն, դրա համար ես չեմ շտապում որևէ եզրակացություն անել: Բայց այն, ինչ նա անում է՝ նորություն չի. այդ հակահայկական մղումը իր ցանկությունն է, բայց իր ցանկությունը քիչ է՝ ես չէի շտապի: 

- Այսինքն, Փաշինյանը շատ է երազում միջանցքի մասին, սակայն այդ երազանքը չի՞ իրականանալու:

- Դե հիմա մենք երբ հետ ենք նայում, իրեն բերել են, որպեսզի ինքն անի այն, ինչ հիմա անում է, հիմա ինքը պիտի փորձի դա իրականացնել՝ այն մարդիկ, ովքեր իրեն բերել են, ինքը պիտի փորձի արդարացնել այդ մարդկանց սպասումները:

- Ենթադրենք, Աստված մի արասցե, միջանցքն իրականություն դարձավ, Սյունիքին, սյունեցիներին ի՞նչ է սպասվում:

- Նայած որտեղից է այդ միջանցքը լինելու. եթե միայն Մեղրին է, պատկերացրեք` տասը-տասնհինգ տարի հետո, ենթադրենք այնտեղ մոտ 15.000 բնակիչ կա, մի քսան տարի հետո բնակչության կեսն էլ չի մնա այնտեղ: Կեսը հազիվ մնա: Պիտի իմանանք, թե որտեղից են այդ միջանցքը բացում, որովհետև տարբեր խոսակցություններ կան, թե այդ միջանցքը ուրիշների համար ինչ է, մեզ համար` ինչ է:

- Անդրադառնանք այն ապագային, որը սպասելու է մեզ միջանցքի գոյության պայմաններում:

- Սյունիքը կհայաթափվի, որոշ մարդիկ կմնան իհարկե՝ ասենք հարյուր քսան հազար բնակչությունից կմնա մի երեսուն-քառասուն հազար մարդ: Որովհետև 1400 թվականից հետո էլ են մնացողներ եղել, 1600 թվականից հետո էլ են մնացել, հետո Արցախից ու Իրանից տեղաշարժվել են այս կողմ: Այդքան մարդ կմնա, որովհետև մի մասը չի կարող հեռանալ՝ սոցիալական վիճակը չի ների, մի մասը կասի, դե ինչ, ապրելու ենք դրանց հետ: Ստրուկի պես կապրեն ու կուրախանան, դե իրենք չեն հասկանա իհարկե, որ ստրուկ են, այ այդ տեսակը կմնա: Այսինքն, այսօր Նիկոլին աջակցողը կմնա՝ որոշ մասը, որոշ մասը փնթփնթալով վեր կկենա ու կգնա ու կհայհոյի Նիկոլին, որ տնավեր է դառնում:

- Փաշինյանը վստահեցնում է, որ միջանցքը վտանգ չի ներկայացնում ՀՀ ինքնիշխանությանը:

- Ի՞նչ ինքիշխանություն՝ չկա նման բան: Արդեն 2020 թվականից այն, ինչ-որ ստորագրել է, չկա նման բան, ինչ ինքիշխանություն: Քոչարյանը ճիշտ էր ասում՝ մենք արդեն սեղանի վրա ենք՝ սեղանի կողքը չենք, այդ բոլոր բաները բոլորն են ասում, ոչ միայն հայ վերլուծաբանները, դա ասում են ռուսները, ամերիկացիները: Ի՞նչ ինքիշխանություն... Հետո` ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն, օրինակ, ԱՄՆ-ն ինքնիշխա՞ն է, աշխարհի ամենահզոր երկիրն է, նման բան չկա բնության մեջ: Տիեզերքում նման բան չկա, ամենքը մեկը մյուսի հետ փոխկապակցված են՝ նայած ինչ չափով, իսկ եթե փոխկապակցված ես, արդեն ինքիշխան չես՝ ես այդպես եմ հասկանում:
Այ եկող տարի, մինչ այս ժամանակաշրջանը մեզ լիքը բաներ են սպասում՝ մեզ դիմանալ է պետք: Մեզ ասելով նկատի ունեմ քո տեսակը, կարող է Դաշնակցության մեր տղաներին  ձերբակալեն՝ արդեն խոսակցություններ կան առանձին մարդկանց անվան հետ, բայց դրանով ինքը որևէ բան չի փոխելու՝ ավելի է խորացնում իր նկատմամբ ատելությունը: Այսինքն, եթե ես ատում եմ՝ եռակի եմ ատելու, իմ հարևանը, որ իրեն ձայն է տվել 2021 թվականին՝ ինքն էլ է սկսելու ատել: Ամենակարևորը,  ընդդիմություն ասվածը լիքը աշխատանք ունի անելու: Ռևանշ լինելու է՝ չի կարող ռևանշ չլինել: Ես չեմ տեսնելու, բայց լինելու է...իր նկատմամբ լինելու է՝ իր նկատմամբ արդեն հասունացել է: Իսկ մեր թշնամիների հետ կապված լինելու է՝ մենք ոտքի ենք կանգնելու, չգիտեմ երբ, բայց ոտքի ենք կանգնելու և որոշակի հարցեր ի օգուտ մեզ անելու ենք: Ես վստահ եմ, չգիտեմ երբ խելքը գլխին իշխանություն է գալու, որը հասարակություն է դաստիարակելու, որը նման չի լինելու այս եղած հասարակությանը, որին քսան տարի այլ ձևով դաստիարակեցին՝ լինելու է, լինելու:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image