ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որտեղ անդրադարձել է 2020 թվականից հետո Ադրբեջանի զինուժի կողմից ՀՀ սահմանամերձ տարածքների օկուպացիայի խնդրին․ «Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում, եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում»։
Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով Կիրանցի հողերը հանձնելուց հետո անցել է ավելի քան մեկուկես տարի, ի՞նչ եղավ սահմանազատման գործընթացը, ինչո՞ւ 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված 215 քառակուսի կիլոմետր տարածքից եւ ավելի քան 30 տարի օկուպացված տասնյակ հազարավոր հեկտարների հասնող մեր տարածքներից ոչ մի մետր չի վերադարձվել Հայաստանին։ Երբ Տավուշի մարզում կատարվում էր սահմանազատում, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դեռեւս հաստատված չէր, Կիրանց-Ոսկեպար հատվածում ավելի քան 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի գյուղի 56 սեփականատերերին պատկանող հողամասերը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 15 հեկտար հողատարածք, Ադրբեջանին հանձնվել է առանց իրավական հիմքի։ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգ կոչված փաստաթուղթը դրանից հետո ընդունվեց։
Այն ժամանակ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում էին, որ առաջիկայում սահմանազատումը կատարվելու է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման կետից։ Այդ կետը Նոյեմբերյան համայնքի Կողբ եւ Բերդավան գյուղերի սահմանագոտում է։ Սակայն ոչ միայն այդ կետում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի այլ հատվածներում 2024 թվականից հետո սահմանազատում չի կատարվել, հայտնի էլ չէ, թե երբ կիրականացվի։ Մինչդեռ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին պատկանող շատ տարածքներ ավելի քան 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Նման հսկայական տարածքներ կան Նոյեմբերյան համայնքի Կոթի, Դովեղ, Բերդավան, Բարեկամավան գյուղերում, Իջեւան համայնքի Բերքաբեր, Վազաշեն գյուղերում, Բերդ համայնքի Պառավաքար, Մովսես եւ այլ բնակավայրերում։ Բերդ համայնքի սահմանագոտու բարձունքները, Իջեւան-Բերդ ավտոճանապարհին հարակից բարձրադիր գոտին գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։
Ինչպե՞ս ստացվեց, որ 2024 թվականին սահմանազատման անվան տակ Իջեւան համայնքի Բերքաբեր գյուղի մոտակա պաշտպանական դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին, իսկ Բերքաբերին պատկանող, 1976-1980 թվականներին կառուցված Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող, խորհրդային ժամանակներից Բերքաբերին պատկանող շուրջ 900 հեկտար հողերից ոչ մի հեկտար սահմանազատումով չվերադարձվեց Բերքաբեր գյուղին, Հայաստանին։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրությանը ներկայացնում է, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետեւանքով կառուցված Կիրանցի պատը Հայաստանի անվտանգության ապահովման գործիք է։ Նա պարբերաբար խմբերով ՀՀ քաղաքացիներին տանում է Տավուշ, այցեր կատարում այդ պատի մոտ, որտեղ զբոսավարի կերպարի մեջ մտած՝ այդ քաղաքացիներին ներկայացնում է, թե որքան անվտանգ ու երջանիկ են ապրում Կիրանցի բնակիչները։
2025թ․ դեկտեմբերի 6-ին Կիրանց այցելած քաղաքացիների 50 հոգանոց խմբին, օրինակ, Փաշինյանը հայտնել է, որ այդ այցի նպատակն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է կառավարությունը: Նա ընդգծել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել, անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, եւ Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է: Կիրանցում նաեւ հայտարարել է․ «Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է եւ խաղաղության օրակարգի մեր պատկերացումը: Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է»։
Կիրանցի բնակիչները ճիշտ հակառակն են ասում։ Նրանք ինձ հետ զրույցում ասացին, որ հիմա ամենեւին էլ իրենց անվտանգ չեն զգում, քանի որ տեսնում են, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական զինյալների 4-5 հոգանոց խմբեր, ինքնաձիգներով զինված, մոտենում են այդ պատին։ Ամռանը ադրբեջանցի քաղաքացիական անձանց խմբեր էլ են եկել այդտեղ, նկարվել Կիրանցի կամրջի վրա, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված այլ տարածքներում։
Կիրանցի բնակիչները պատմեցին, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված հողերի տերերին պետբյուջեից փոխհատուցումը կատարվել է գաղտնի կերպով, հայտնի չէ՝ ինչ կարգով, սկզբունքով։ Նրանց խոսքով՝ Կիրանցի բնակիչ կա, որից հող չի հանձնվել Ադրբեջանին, սակայն գյուղի բնակիչների շրջանում կազմակերպչական աշխատանքներ տանելու, հողերը հանձնելու դեմ բնակիչների դիմադրությունը հաղթահարելու համար այդ բնակչին տրվել է 240 հազար դոլարին համարժեք գումար։ Կիրանցի մի բնակչի, որը գյուղում առեւտրական գործունեությամբ է զբաղվում, Ադրբեջանին հանձնված իր հողամասի դիմաց առաջարկել են ռեկորդային գումար՝ 260 միլիոն դրամ․ սակայն խիստ սկզբունքային է գտնվել մարդը եւ հրաժարվել է այդ մեծ գումարից։ Ի դեպ, այդ մասին Տավուշի մարզպետն էլ է մի առիթով ասել, որ մարդ կա՝ հրաժարվել է փոխհատուցում ստանալուց։
Ընդհանուր առմամբ, Կիրանցում հանձնված հողերի համար գյուղի 6 բնակիչ, հիմնականում՝ ազատամարտում զոհվածների հարազատներ, սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց։ Ադրբեջանին հանձնված հողամասերի դիմաց դրամական փոխհատուցում ստացած եւ դրանից հրաժարված բնակիչների փոխհարաբերություններում, այդ հողի վրա, որոշակի սառնություն, չհասկացվածություն է ծագել։