Դեկտեմբերին «Հրապարակը» գրել էր, որ Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզում դրամահավաք են անում: Մանկապարտեզի սաներից մեկի տատիկն էր դիմել մեզ, թե` երեխաներին պարտադրել են մանկապարտեզի համար ամանորյա աքսեսուարներ բերել տնից, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցներից 3000-ական դրամ են հավաքել տնօրեն` Անուշ Ասիլյանին նվեր գնելու համար: Զրուցել էինք տնօրեն Ասիլյանի հետ, ով բավականին բարկացած հերքել էր շրջանառվող լուրերը: Այսօր նույն մանկապարտեզի աշխատակիցները կրկին «Հրապարակին» են դիմել` բողոքելով, որ մանկապարտեզում դրամահավաքը չի դադարել, վերջինը տնօրենի ծննդյան օրվա առթիվ է: Մեզ սքրինշոթ են տրամադրել, որտեղ դաստիարակներից մեկը վայբերի չատում գրել է. «Աղջիկներ ջան, հավաքվել էր 88 հազար դրամ: 8000 դրամը տվեցինք ծաղիկներին` 21 հատ վարդ գնեցինք 400 դրամով: Առավոտյան ընկեր Տաթևը ծաղիկները կվերցնի և գումարի հետ միասին կդնի ընկեր Ասիլյանի սենյակում»:
Ի դեպ` մեր նախորդ հրապարակումից հետո տնօրենը փորձել է պարզել, թե ով է այն համարձակը, որ հանդգնել է մանկապարտեզի խոհանոցից խմբագրությանը ինֆորմացիա տալ:
Մենք երեկ կապվեցինք Աբովյանի համայնքապետարանի կրթության բաժնի ղեկավար Մարիա Բաղդասարյանի հետ, հասկանալու համար, թե ինչու են դժգոհում թիվ 9 մանկապարտեզից, Աբովյանի մյուս մանկապարտեզներո՞ւմ էլ է իրավիճակն այդպիսին` դրամահավաքներ են անում եւ տնօրեններին նվերներ գնում, Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ չկա նման բան, սակայն ես հիմա արձակուրդում եմ: Բայց ես հերքում եմ այդ փաստը, ուրախ կլինեմ տեսնել սքրինները, բայց քանի որ արձակուրդում եմ, չեմ ցանկանում խոսել, կապ հաստատեք Աբովյանի համայնքապետի օգնականի հետ», - նշեց նա: Դիմեցինք Աբովյան համայնքի ղեկավարի օգնական Դիանա Երեմյանին, հասկանալու համար, տեղյա՞կ է, թիվ 9 մանկապարտեզում իրար հաջորդող դրամահավաքությունների մասին: Երեմյանը մեզ հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ թիվ 9 մանկապարտեզի տնօրեն Անուշ Ասիլյանի ծննդյան օրվա առթիվ դրամահավաքություն է եղել, ավելին՝ նա մասնավորապես նշեց. «Ես տեղյակ չեմ եղել, որ դրամահավաքություն է եղել, բայց այ եթե երեխաների ծնողները դրամահավաքություն կազմակերպեն, դա լիարժեք մեզ կվերաբերվեր, եթե պայմանական ասած՝ ես ինչ-որ մեկի համար նվեր եմ առնում, դա ոչ մեկի խնդիրը չէ: Դա ոչ իմ նախաձեռնությունն է, ոչ էլ երեխաների ծնողների, որ ես կանխեմ այն: Եթե ես երկուշաբթի օրը կանչեմ աշխատակիցներին և ասեմ՝ ինչո՞ւ եք նման բան արել, գուցե ինձ պատասխանեն, որ դա ոչ ձեր խնդիրն է, ոչ էլ այլ մեկի, մենք մեր գործընկերուհուն նվեր ենք գնել։ Ես դեռեւս չեմ խոսել աշխատակիցների հետ» - ասաց նա:
Հ.Գ Բայց ակնհայտ է, որ եթե աշխատակիցները նման կերպ մտածեին, չէին դիմի լրատվամիջոցին և իրենց դժգոհությունը չէին հայտնի: Ի դեպ, ըստ մանկապարտեզի աշխատակիցների՝ Երեմյանը երեկ այցելել է մանկապարտեզ և փոխարենը դրամահավաքության համար աշխատակիցներին սաստելու, փորձել է պարզել, թե ով է զանգահարել «Հրապարակի» խմբագրություն: