«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սարո Սարոյանն է:
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո ակնառու է, որ արեւմտյան ուժերը Հայաստանում համեմատաբար ակտիվացել են: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ’Բրայենն էր օրերս Հայաստան ժամանել: Առհասարակ, տարբեր արեւմտյան կառույցներ փորձում են ցույց տալ, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում են: Ի՞նչ է նշանակում սա:
- Ես չեմ գտնում, որ այդ ակտիվությունը խթանված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, ես գտնում եմ, որ դրանք զուտ պլանային իրադարձություններ են եւ ունեն որոշակի օրակարգ: Ըստ ժամանակացույցի եւ օրակարգի՝ առաջ են գնում: Ես այդպես եմ կարծում:
- Նիկոլ Փաշինյանը, ըստ Ձեզ, արտաքին ուժերի համար պիտանի քաղաքական գործիչ համարվո՞ւմ է:
- Եթե նայում ենք, թե ինչ շահեր են իրացվում, ապա այդ շահերի տեսանկյունից արտաքին շահագրգռվածությունները շատ մեծ են` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պահելու տեսանկյունից: Առաջին հերթին այն վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին, իսկ ավելի շատ՝ Ադրբեջանին: Այն բոլոր պահանջները, որոնք առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից, դրանք կյանքի են կոչվել: Այդ տեսանկյունից չկա գոնե մեկ օրինակ, երբ հայկական կողմը սկզբունքայնություն ցուցաբերեր եւ այլն, եւ այլն: Միակողմանի զիջումները մեր կողմից, միակողմանի պահանջներն Ադրբեջանից, դրանք կան: Եթե մեր աչքի առաջ կա այդ միտումը, ինչո՞ւ պետք է ենթադրենք, որ Փաշինյանը ձեռնտու տարբերակ չէ: Նույնը վերաբերում է Թուրքիային, Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու պատուհանին, որն իրենք տեսնում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Երբեմն եղել են զգուշացումներ, որ չշեղվի Փաշինյանը, որ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն առաջնային է, բայց, մեծ հաշվով, իրենք էլ պահպանում են Հայաստանի հետ հարաբերություններն ու տեսլականը:
- Իսկ Արեւմուտքի դերն այստեղ ո՞րն է:
- Արեւմուտքի համար եւս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնտու է, բայց չզարմանաք՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ ձեռնտու է Ռուսաստանի Դաշնության համար։ Ես հասկանում եմ, իհարկե, որ Հայաստանում անվերջ կա խնդիր՝ տեսնելու, որ ինչ-որ մարդիկ արեւմտամետ են, իսկ ինչ-որ մարդիկ էլ ռուսամետ են, Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում նաեւ հաճախ լսում ենք «թուրքամետ» հասկացությունը, սակայն, մեծ հաշվով, Փաշինյանը համահունչ է թե արեւմտյան քաղաքական կուրսին, որի հիմնական խնդիրը պատերազմի հավանականությունը փոքրացնելն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, ինչպես նաեւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը: Սա է ողջ նպատակադրումը Հարավային Կովկասում, որն ունի կոլեկտիվ Արեւմուտքը: Նրանք ցանկանում են, որ կարողանան էներգակիրներ փոխանցել, որպեսզի գործի տնտեսական արտերիա... նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղություն հաստատեն, բացվեն կոմունիկացիաները։ Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին: Առաջին հերթին նման կարգի զարգացումներով շահագրգռված է Ռուսաստանը: Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի պահանջների կատարումը, Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցումը… սրանք եւս Ռուսաստանի շահերից են բխում: Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արտաքին բոլոր ուժերին ձեռնտու է: Նիկոլ Փաշինյանը միայն ձեռնտու չէ հայ հանրությանը, մնացած բոլորին ձեռնտու է: Ինչու․ որովհետեւ նրա իրականացրած քաղաքականությունը չի բխում հայ ժողովրդի շահերից: Անգամ մեր ժողովրդի իղձերն են այս իշխանության համար բացառված:
- Ըստ Ձեզ` այս պարագայում դեռ որքա՞ն կարող է Փաշինյանն իշխանավարել:
- Արտաքին խաղացողների շահերը շուտ սպառվող չեն: Մենք Ալիեւի բերանից անվերջ նոր պահանջներ ենք լսում: Եթե մարդիկ կարծում են, որ այդ ամենին կարող է վերջ լինել, ապա սխալվում են, վերջ կարող է լինել մեկ դեպքում՝ երբ դու սկզբունքորեն այլ քաղաքականություն վարես, բայց եթե դու վարում ես մի քաղաքականություն, որը միայն Ադրբեջանի պահանջներից է բխում, իմիտացիա ստեղծելով, թե դա պետական կառավարում է, ապա այս իրավիճակը լինելու է շարունակական: Ալիեւի ամեն մի նոր ելույթը Հայաստանից մի նոր պահանջ է իր մեջ ներառում: