Իրանի ԱԳ նախարար Արաղչիի՝ Հայաստան կատարած այցից օրեր անց հայտնի դարձավ, որ հայ-իրանական համատեղ զորավարժություն են անցկացնելու: Երեւանում, Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ինչպես ՀՀ ՊՆ-ն է որակում՝ «ոչ թիրախային» չդադարող կրակոցների ֆոնին, Արաղչին խոսել էր էսկալացիայի հավանականության մասին:
Հաշվի առնելով փաստը, որ Երեւանը տեւական ժամանակ անարձագանք էր թողնում համատեղ վարժանքների եւ ռազմավարական համագործակցության վերաբերյալ Թեհրանի առաջարկները, ու նկատի ունենալով անհանգիստ իրավիճակը սահմանին, նաեւ՝ Իրանի շուրջ գեոպոլիտիկ լարվածության աճը, զորավարժությունները խիստ կարեւորություն են ստանում: Դրանք նաեւ նախադեպային են այն իմաստով, որ Փաշինյանի իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ ու հետո ընկած ամբողջ ժամանակահատվածում որեւէ զորավարժություն չի իրականացրել, բացառությամբ ԱՄՆ-ի հետ խաղաղասիրական վարժանքները, որոնք այլ բնույթի էին: Իսկ այս տարիներին ոչ միայն Իրանի, այլեւ ՀԱՊԿ-ի կողմից զորավարժությունների անցկացման առաջարկներ եղել են` Երեւանը մերժել է դրանք:
Փաշինյանի իշխանությունը, ինչպես իրենք են ձեւակերպում, սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, իսկ Իրանի մեկնած ձեռքը երկար ժամանակ օդում էին թողնում: Իրանական կողմը, ինչպես հայտնի է, ամենաբարձր մակարդակով պնդում է իր կարմիր գծերը՝ կապված հայ-իրանական սահմանի անքակտելիության հետ, ինչը սեփական երկրի անվտանգության համար կենսական նշանակություն ունի, իսկ Հայաստանում Իրանի դեսպանն անգամ Երեւանի ու Թեհրանի միջեւ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին էր խոսել՝ դեռ մարտին:
Ապրիլի 9-10-ը տեւած զորավարժություններին, իրանական աղբյուրների փոխանցմամբ, ընդգրկվել են թեթեւ եւ ծանր զինատեսակներ, հատուկ նշանակության ջոկատներ, դիպուկահարներ, պայթեցման գործողություններ, ինչպես նաեւ՝ կրակային աջակցություն:
Վարժանքն անցկացվել է Արեւելյան Ատրպատական նահանգին սահմանամերձ Նորդուզ շրջանում։ IRNA գործակալությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին հայտնել էր, որ դրանք խաղաղ բնույթ են կրում եւ իրականացվում են «մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար»: «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է»,- նշել էր պաշտոնյան։ Հայկական կողմը տեղեկացրել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
«Այս զարգացումները տեղի են ունենում մի փուլում, երբ տարածաշրջանային դերակատարները փորձում են նախաձեռնություն ստանձնել տարածաշրջանի անկայուն պայմաններում։ Այս համատեքստում, երբ Արեւմտյան Ասիան դարձել է մրցակցության ասպարեզ Իրանի, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, հնարավոր է, որ այդ մրցակցության մի մասը տեղափոխվի Հարավային Կովկաս։ Իրանը լավ տեղեկացված է Ադրբեջանում Իսրայելի ազդեցության մասին եւ ուշադիր հետեւում է Բաքվի սերտ կապերին Թուրքիայի հետ։ Իրանում շատ վերլուծաբաններ կարծում են, որ կովկասյան տարածաշրջանը կարող է վերածվել լուրջ անկայունության գոտու, եւ առկա խնդիրները՝ զուգորդված նոր միջազգային իրավիճակով, կարող են տարածաշրջանը դարձնել ճգնաժամային օջախ՝ Իրանի դեմ ուղղված սադրիչ գործողությունների համար: Այս պայմաններում, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող եւ Իսրայելի աջակցությունը վայելող Ադրբեջանը կարող է փորձել ռազմական առաջխաղացում իրականացնել Հայաստանի Սյունիքի մարզում։ Սա միաժամանակ կբացի ճանապարհ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման համար եւ կիրագործի Թուրքիայի եւ Իսրայելի ծրագրերը՝ ճնշում գործադրելու Իրանի վրա»,- «Հրապարակ»-ին ասում է իրանցի ազդեցիկ վերլուծաբան, ստրատեգ Ֆարշադ Ադելը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, որի պայմաններում իրականացվում են հայ-իրանական զորավարժությունները։
Փորձագետը ռազմական համատեղ վարժանքը դիտարկում է Հայաստան-Իրան համընկնող շահերի ու բնական դաշնակցության լույսի ներքո՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ցանկացած փորձ կխզի Հայաստանի եւ Իրանի ընդհանուր սահմանը՝ մի բան, որն Իրանը երբեք չի հանդուրժի։ «Իրանի եւ Հայաստանի համատեղ ռազմական վարժանքը հստակ ուղերձ է Բաքվին՝ վերանայել հնարավոր ռազմական հաշվարկները։ Ահա թե ինչու այս վարժանքն անվանվել է «Խաղաղության զորավարժություն»։ Դա ցույց է տալիս Իրանի եւ Հայաստանի միասնությունը եւ համերաշխությունը՝ Կովկասում խաղաղություն եւ կայունություն պահպանելու գործում: Այս վարժանքին մասնակցում են հատուկ նշանակության ուժեր, որոնք հայտնի են իրենց ճկունությամբ եւ արագ արձագանքելու կարողությամբ։ Նրանց առաքելությունն է՝ լինել առաջին արձագանքողը ցանկացած ճգնաժամային իրավիճակում, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Թեհրանի պատրաստակամությունը՝ արագ գործելու վճռական պահերին»,-ասում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ զորավարժությունները վկայում են Հայաստանին Իրանի վճռական աջակցության մասին։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է իրանցի ստրատեգը, Իրանը շարունակում է բարձր մակարդակի հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը պետք է խուսափի թակարդն ընկնելուց եւ Իրանի դեմ հնարավոր հարթակ դառնալուց. «Ի վերջո, պետք է ընդգծել, որ Թուրքիան եւ Իսրայելը կարող են փորձել Կովկասը վերածել անուղղակի պատերազմի ասպարեզի՝ Իրանի դեմ։ Տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Ադրբեջանը, պետք է խուսափեն այդ թակարդն ընկնելուց։ Հետեւաբար, Իրանը եւ Հայաստանը պետք է լիակատար միասնությամբ եւ համագործակցությամբ աշխատեն՝ սխալ հաշվարկները շտկելու եւ Կովկասը ճգնաժամի օջախ չդարձնելու համար»։
Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հիշեցնում է, որ նախորդ 2 տարիներին Իրանը զորավարժություններ էր անցկացրել նաեւ Ադրբեջանի հետ, որի նպատակն էր՝ ցույց տալ, որ երկրների միջեւ լարվածություն չկա, եւ Իրանը չի գործում Ադրբեջանի շահերի դեմ: Մեր պարագայում զորավարժությունները պայմանավորված են էսկալացիայի աճով: Թե՛ Երեւանում, թե՛ Թեհրանում բոլորը տեսնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման: «Դա կարող է լինել սահմանափակ, թե լայնածավալ, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը պատրաստվում է դիմել այդ քայլին, արդեն կարճաժամկետ հեռանկարում, եւ կան տարբեր միջոցներ, որոնք կարող են զսպել կամ հետաձգել այդ հարձակումը: Հիմնական գործիքներն են՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական: Քաղաքական մակարդակում դա երկրների պաշտոնյաների՝ Բաքու այցերի ժամանակ ուղիղ մեսիջն է Ալիեւին, որ դա կարմիր գիծ է եւ հակասում է խաղաղության օրակարգին, ինչպես, օրինակ, Փեզեշկիանի խորհրդատուի՝ Սանահի այցի ժամանակ հնչած մեսիջը, որը խոսել էր Հարավային Կովկասում խաղաղության մասին, կամ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի՝ Երեւան եւ Բաքու այցերի ժամանակ արված հայտարարությունները, բայց մենք կարող ենք հիշել 2023թ․ սեպտեմբերը, երբ տարբեր երկրներից մեսիջներ կային, բայց դա Ադրբեջանին զսպող մեխանիզմ չդարձավ: Ադրբեջանի դեմ որեւէ մեկը պատրաստ չէ կիրառել տնտեսական գործիքներ, մնում է միայն կոշտ ուժը, որը գետնի վրա՝ որպես մեխանիզմ, կարող է կիրառել միայն 2 երկիր՝ Իրանը եւ Ռուսաստանը: ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, եւ ԵՄ-ն մշտապես դա շեշտում է»,-բացատրում է Սերգեյ Մելքոնյանը՝ հիշելով, որ վերջին տարիներին, առհասարակ, Հայաստանը որեւէ լուրջ զորավարժություն չի անցկացրել:
2020 թվականից ի վեր չկա տեղեկություն այն մասին, որ Հայաստանը որեւէ երկրի, օրինակ, Ռուսաստանի հետ զորավարժություն է անցկացրել, այն դեպքում, երբ դրա պահանջը կար, ու, ըստ մեր զրուցակցի, այն գուցեեւ զսպեր Ադրբեջանի հարձակումը եւ պատերազմը:
«Մեծ դադարից հետո Իրանը դարձավ առաջին երկիրը, որի հետ Հայաստանը համաձայնեց անցկացնել զորավարժություններ: Ինչպես հասկանում եմ, եկել են եզրակացության, որ այլ գործընկերներից բացասական ռեակցիա չի լինի, սակայն խնդիրն այն է, որ այս ձեւաչափով՝ յուրաքանչյուրն իր տարածքում զորավարժությունների մասին, օրինակ` ես, խոսում էինք դեռ 3 տարի առաջ, երբ մտահոգություններ էին հնչում, թե Իրանի ուժերը կհայտնվեն Հայաստանի տարածքում, եւ հետո դժվար կլինի պայմանավորվել՝ դրանք դուրս բերել»,- նկատում է քաղաքագետը՝ ընդգծելով ընթացիկ զորավարժությունների հիմնական մեսիջը, չնայած նրան, որ Իրանի շուրջ լարվածությունն աճում է, Իրանը գետնի վրա ունի հնարավորություն՝ պաշտպանելու իր շահերը հյուսիսային սահմաններին:
Իսկ Հայաստանն այս համատեղ վարժանքով, Մելքոնյանի խոսքով, ցույց է տալիս, որ կա երկիր, որի հետ պատրաստ է համագործակցել՝ թուրք-ադրբեջանական հարձակումը զսպելու համար: Սերգեյ Մելքոնյանը հիշեցնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանի՝ մարտին արած հայտարարությունը՝ Հայաստան-Իրան փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ինչպես ես հասկանում եմ, դա նախատեսված էր պարոն Արաղչիի այցի շրջանակում, բայց այդ փաստաթուղթը չստորագրվեց: Իրանի մոտեցումը հետեւյալն է՝ Թեհրանը չի կարող միջամտել եւ աջակցել Հայաստանին, եթե նրա հետ պայմանագիր չունի, որովհետեւ պետք է ունենա իրավական հիմք: Հայաստանն այդ պայմանագիրը դեռ չի ստորագրում, եւ, ինչպես տեսնում ենք, որպես առաջարկ՝ անցկացվում են համատեղ զորավարժություններ, որպեսզի ցույց տան, որ նույնիսկ առանց պայմանագրի հնարավոր է ինչ-որ խնդիր լուծել եւ ռազմական հարթությունում ստեղծել այդ նախադեպը, որն ապագայում ավելի մեծ զորավարժությունների համար կարող է հիմք հանդիսանալ այն դեպքում, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակում գործի»,- եզրափակում է Սերգեյ Մելքոնյանը: