Մայիսի 2-ին Գյումրու նորընտիր ավագանու հերթական նիստն է։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն փորձելու է բոյկոտել ավագանու նիստերը։ Իշխող կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ Իշխանականները կարծում են, որ Գյումրիում նոր ընտրություններ պետք է անցկացնել։
«Իրենք չէին պատկերացնում, որ ամեն ինչ ի վնաս իրենց է գնալու, հիմա փորձում են համոզել, թե ամենից շատ քվեն են հավաքել, բայց իշխանություն չձևավորեցին։Ոնց պատերազմի ժամանակ էր՝ մեղավոր են բոլորը, իրենք մեղավոր չեն։ Էդ ձայներն էլ, որ իրենք տարել են, եւ իրենց հաղթանակ են վերագրում, եթե զտենք, թե ոնց են հավաքել այդքան ձայն, տակը բան չի մնա»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Մեր տեղեկություններով՝ մայիսի 2-ի ավագանու նիստի օրակարգում փոխքաղաքապետերի ընտրության հարցն է։ Կոմունիստական կուսակցության ցուցակով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը չեն զիջելու, թեկնածուն փեսան է՝ դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը։
Այս անառողջ մթնոլորտում ավագանու արդյունավետ աշխատանքը կասկածի տակ է դրվում։ «Ցանկացած պարագայում, երբ մի քանի քաղաքական ուժ է հավաքվում, բնական է՝ վտանգը կա, բայց Գյումրիում ընդդիմադիր ուժերն առաջին քայլը արեցին, ՔՊ-ի ձեռքից խլեցին իշխանությունը, հետագայում էլ, համոզված եմ՝ կպահեն ստաբիլությունը։ Իրենց կողմից անընդհատ թեզեր են շրջանառվում, թե հեսա ընդդիմադիրներն իրար են ուտելու, Գյումրիում կրիմինալը հետ է գալու եւ այլն․․․․, բայց հանցագործությունների այնպիսի աճ, ինչպիսին հիմա է՝ իրենց օրոք, ոչ մի անգամ չի եղել։ Վարդան Ղուկասյանի հետ կապված՝ կարծում եմ, որ ինքը բավականին կառավարման փորձ ունի, կկարողանա բալանսը պահել, իսկ ինչ վերաբերում է իրենց ասածներին ու արածներին, ավելի վատ երբեք չի եղել, սրանից վատ կարող էին թուրքական զորքերը մտնել Հայաստան։ Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները այնքան կարևոր եղանակ փոխեցին, հասկացան, որ անպարտելի չեն ու էլ ընտրություններով իշխանության գալու շանսեր չունեն»,-ասաց պատգամավորը ։