Հասարակություն

Հանքահումքային կցորդ, թե զարգացող տնտեսություն

Հանքահումքային կցորդ, թե զարգացող տնտեսություն

Շատ դեպքում մի քանի թիվը, վիճակագրական տեղեկությունը շատ ավելին կարող են ասել երկրի իրական շահերի մասին, քան հազարավոր մարդկանց դատողություններն ու տեսակետները: Հայաստանի տնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը հրապարակել է ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության մի տվյալ. 2025 թվականի առաջին վեց ամսիներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 միլիարդ 788 միլիոն դոլար, ինչը 42 միլիոն դոլարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Սա այն դեպքում, երբ Վրաստանի մաքսային ծառայությունները ամբողջ տարվա ընթացքում խոչընդոտներ էին հարուցում Հայաստանից կոնյակի արտահանման համար, իսկ Ռուսաստանի մաքսային և այլ կառույցներն էլ խոչընդոտւմ էին ծաղիկների արտահանմանը: Նույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ ամբողջ ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 546 միլիոն դոլար, այսինքն 242 միլիոն դոլարով ավելի պակաս միայն Հայաստանից ԵԱՏՄ արտահանումից: Նույն ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ արտահանումը կազմել է ընդամենը 346 միլիոն դոլար, մնացած 1 միլիարդ 200 միլիոնը ԵՄ-ից Հայաստան արտահանումն է: 

Ստացվում է, որ Հայաստանը ԵՄ 27 անդամ երկրներ արտահանել է ընդամենը 346 միլիոն դոլարի ապրանք, իսկ ներմուծել է դրանից երեքուկես անգամ ավելի մեծ արժեքով ապրանքներ: Եթե համեմատենք ԵՄ և ԵԱՏՄ արտահանման տարբերությունը, կստացվի որ տարբերությունը հինգ անգամից ավելի է` Հայաստանը ԵԱՏՄ անդամ չորս երկիր հինգ անգամ ավելի շատ ապրանք է արտահանում, քան ԵՄ 27 անդամ երկրները միասին վերցրած: 
Բայց կարևորը ոչ այնքան ապրանքների ֆիզիկական ծավալը կամ արժեքն է, այլ թե ինչ է արտահանում Հայաստանը ԵՄ և ԵԱՏՄ: ԵՄ-ի արտահանվող ապրանքի մեջ առյուծի բաժինը կազմում է Հայաստանի ընդերքից արդյունահանվող մետաղները և դրանց կոնցետրատները`պղնձի և մոլիբդենի խտանյութը: Դրանից ստացվող շահույթը հիմնականում բաժին է հասնում մի քանի ընկերությունների, որոնց մի մասն էլ արտասահմանյան կապիտալի ներկայացուցիչների է: Հանքավայրերում աշխատող մի քանի հարյուր կամ գուցե հազար մարդ աշխատավարձ է ստանում, և դրանով ամեն ինչ սահմանափակվում է: Բյւոջե փոխանցվող գումարը չենք հաշվում, նկատի ունենալով որ այն մսխվումէ տարբեր անիմաստ և անարդյունավետ քարոզչական ծրագրերի վրա, որոնք երկրին և նրա քաղաքացիներին վնաս տալուց բացի, որևէ այլ արդյունք չեն ստեղծում: 

Դրա փոխարեն Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանում վերականգնվող ռեսուրս`տեղական հումքից պատրաստի արտադրանք: Գյուղատնտեսական հազարավոր ձեռնարկություններ արտահանում են իրենց արտադրած գյուղատնտեսական արտադրանքը`կեռաս, ծիրան, խաղող, սալոր, պոմիդոր և բանջարեղենի այլ բազմաթիվ տեսականի, վերամշակող ձեռնարկությունները պահածոներ, գինի, կոնյակ, գարեջուր չրեր, ձկնարդյունաբերությամբ զբաղվող հարյուրավոր ընկերություններ արտահանում են ձուկ և ձկնամթերք, շինանյութեր և թեթեև արդյունաբերության ապրանքներ, ոսկերչական զարդեր, ծխախոտ և հրուշակեղեն, կաթնամթերք և մսամթերք: Այս գործում ներգրավված են և դրանից եկամուտ են ստանում ոչ թե մի խումբ մարդիկ, հիմնականում օտարերկրացիներ, այլ հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, հազարավոր ձեռնարկատերեր և ընկերություններ: 
Կարող են հակադարձել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և այդ կազմակերպության անդամ երկրների հետ մեկընդհանուր մաքսային սահմանում է, ապրանքները չեն մաքսազերծվում, արդյունքում ԵԱՏՄ շուկայում մեր ապրանքները ավելի մրցունակ են, քան ԵՄ շուկայում: Երբ կամ եթե մենք էլ դառնանք ԵՄ անդամ, և ԵՄ-ի հետ լինենք ընդհանուր մաքսային սահմանում, մեր երկրում արտադրված ապրանքները ավելի էժան և ավելի մրցունակ կլինեն ԵՄ շուկայում, հետևաբար արտահանում էլ ԵՄ երկրներ կաճի: Միայն թե նման բան ասողները, չեն կարող ասել, թե ինչ պետք է Հայաստանը առաջարկի ԵՄ-ին, որը հիմա չի կարող առաջարկել, որոհետև այն ինչ Հայաստանը առաջարկում է ԵԱՏՄ երկրներին, վաճառում է ԵԱՏՄ անդամ երկրների շուկայում, ԵՄ-ում ոչ պահանջարկ ունի ոչ գնորդ: Այդ շուկայում մրցակցությունը այնքան մեծ է, առաջարկը այնքան բազմազան, որ հնարավոր չի լինելու ինչ որ բան վաճառել:
Որոշ պաշտոնյաներ նման դեպքերում ասում են, որ հայկական ընկերությունները պետք է բարձրացնեն իրենց կողմից արտադրվող ապարանքների որակը, ստեղծեն նոր և ավելի մրցունակ ապրանքներ, որոնք կգրավեն նոր շուկաներ: Նման բան ասողներին, պետք է առաջարկել հենց հիմա ստեղծել Շվեյցարիայից կամ Սինգապուրի նման երկիր, որից հետո նոր պահանջեն որ տնտեսվարողներն էլ ստեղծեն iPhone-ից մրցունակ սմարտֆոն, կամ Tesla-ից ավելի մրցունակ էլեկտրոմոբիլ: Պետական պաշտոնյաների համար հեշտ է հիմարություններ խոսել, դրա համար նրանք աշխատավարձ են ստանում, բայց դրանց բազմահազարանոց բանակը չի կարող նույնիսկ մրցունակ լուցկի արտադրել, որովհետև դրա համար գիտելիք և հմտություն է պետք, ինչը խոսելու համար ամենևին պարտադիր չէ:

Հետևությունն այն է, որ նույնսիկ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Պապոյանն ու Հայաստանի վիճակագրությունն են փաստում, որ Հայաստանը իր տնտեսական շահերով կապված է ԵԱՏՄ-ի հետ: Հայաստանի տնտեսությունը զարգացում և առաջընթաց կարող է ապահովել միայն այդ շուկայում էլ ավելի առաջատար դիրքեր զբաղեցնելով, իսկ պետության և նրա առանձին կառույցների խնդրը պետք  էլինի այդ առաջխաղացմանը նպաստելը և ոչ թե իրենց գործունեությամբ հավելյալ խոչընդոտ ստեղծելը, ինչը անընդհատ անում են իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, իսկ առաջամարտիկը այդ գործում անշուշտ Փաշինյանն է: ԵՄ-ի համար մենք հանքահումքային կցորդ ենք, որտեղից պետք է արտահանել ընդերքի հարստությունները, իսկ փոխարենը ուղակել պատրաստի արտադրանք: Ընդ որում այդ պատրաստի արտադրանքը երեք ու կես անգամ ավելին է քան մեր ընդերքից տարած հարստությունը: Մեր ընդերքի հարստությունը չվերականգնվող ռեսուրս է իսկ ԵՄ-ից ներմուծվող կոշիկն ու օծանելիքը, կամ մյուս ապրաննքերը վերականգնվող: Եվ չնայած սրան Հայաստանի իշխանությունը ԵՄ-ին ադամակցելու գործընթաց է սկսել, ինչը ենթադրում է ԵԱՏՄ-ից հրաժարում: 

Տեսել եք չէ կտավը, երբ ամերիկյան մայրցամաք դուրս եկած եվրոպացի գաղութարարները հայելիները կամ էժանագին շորերը  փոխանակում են ոսկու և թանկարժեք քարերի հետ: Հինգ հարյուր տարի անց ոչինչ չի փոխվել, թերևս միայն այն, որ հնդկացիներին փոխարինել են մեզանով. մեր ունեցած ոսկու, պղնձի, մոլիբդենի փոխարեն տալիս են շոր, կոշիկ օծանելիք, երեքուկես մեկի հարաբերակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image