Հայրենի խորհրդարանն ադրբեջանական Միլի Մեջլիսին պատասխան չունի, իսկ, ինչպես հայտնի է, լռությունը համաձայնության նշան է։
Ավելի ճիշտ՝ պատասխան չունեն «դուխով» իշխանության ներկայացուցիչները, որոնք երեկ տապալեցին ընդդիմության նախաձեռնությունը եւ հանդես չեկան համատեղ հայտարարությամբ։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանին առաջարկել էր ընդունել հայտարարություն` ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի հայտարարության, որտեղ կոչ էին արել ՀՀ ԱԺ-ին՝ ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը եւ, ըստ էության, համաձայնել Հայաստանի կապիտուլյացիային:
Իհարկե, ամիսներ շարունակ իշխող ուժի կողմից Ադրբեջանի հայտարարություններին որեւէ արձագանք չի եղել, եթե չասենք՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ պարբերաբար հավանություն են տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պահանջին։ Այս առումով ընդդիմության պատրաստած տեքստը, կարելի է ասել, ստուգողական թեստ էր իշխանությունների համար, թե ինչ պլաններ ունեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ընդդիմության հայտարարության բովանդակությունն այն մասին էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել, ՀՀ-ն հանձնառու է պաշտպանել Արցախում ապրող հայերի իրավունքները։ Ինչպես նաեւ շեշտված էր, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համագործակցված՝ շարունակելով ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը։ Նկատենք, որ ընդդիմադիրների հայտարարության մեջ տառ անգամ չկար՝ որպես ներքաղաքական գնահատական։
Ի՞նչ հարցում էր, ուրեմն, տարաձայնությունը, որի պատճառով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը թողեցին անպատասխան։ Երեկ հրավիրված արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ականները նկատելիորեն գերադասում էին բովանդակային քննարկում չծավալել։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը փորձեց «կռուտիտով» արդարացնել իրենց՝ ասելով, թե «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող հայտարարության մեջ օգտագործված ձեւակերպումները կխանգարեն ՀՀ-ի շուրջ դիվանագիտական կոնսոլիդացիայի ձեւավորմանը եւ կնվասեն խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, ուստի չենք կարող ընդունել նման ռիսկեր պարունակող հայտարարություն։
«Մեր գերնպատակը ՀՀ-ի շուրջ քաղաքական-դիվանագիտական կոնսոլիդացիա ապահովելն է։ Դրա համար անհրաժեշտ է խոսել այնպիսի բառապաշարով, որն ընկալելի կլինի միջազգային հանրության համար, եւ դա հիմնական տարաձայնությունն է, որ ունեցանք «Հայաստան» խմբակցության հետ»,- նշեց Աղաջանյանը։ Փոխարենը ընդդիմադիրները գաղտնազերծեցին, թե որն է ՔՊ-ականների առարկության պատճառը։ Բացահայտումներից հետո դժվար էր հավատալ, որ իշխող խմբակում ոչ թե ադրբեջանական շահերի պաշտպաններ են հավաքված, այլ՝ հայկական։
Պարզվեց, որ ՔՊ-ականներին արգելված է օգտագործել «Արցախի Հանրապետություն» բառերը, ինչպես նաեւ Թուրքիային ուղիղ մեղադրել Ադրբեջանին աջակցելու եւ հակահայ քաղաքականություն վարելու մեջ: Հայտարարության նախագծից նրանք ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառերը եւ փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն»: Առաջարկել են նաեւ տեքստից հեռացնել բոլոր այն նախադասությունները, որտեղ օգտագործված է «օկուպացիա» բառը: Հրաժարվել են Հայաստանը դիտարկել որպես արցախահայության իրավունքների պաշտպան։ Խորհրդարանի ամբիոնից էլ երեկ Աղաջանյանը հայտարարեց, թե արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են։ Փաստացի, այլ երկրների խորհրդարանները կարողանում են հայտարարություն ընդունել, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, եւ Ղարաբաղը բնորոշել որպես հանրապետություն, ավելին՝ անկախության հարց բարձրացնել եւ նկատել, որ Ադրբեջանը տարածքներ է «օկուպացրել», իսկ մեր իշխանականները՝ ոչ։ Հիշեցնենք, որ ՔՊ նախընտրական ծրագրում գրել էին, որ ընտրվելուց հետո հանձնառու են բանակցություններով հասնելու Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիային:
Նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ տարաձայնությունները ֆունդամենտալ բնույթ են կրում։ «Մենք ձեւակերպել էինք՝ «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից հարձակում», իսկ նրանք առաջարկում էին նշել «ԼՂ հայության վրա հարձակում», որը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություն։ Սկզբունքային անհամաձայնություն կար նաեւ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված կետում՝ այդ ձեւակերպումը ջնջված է։ ՔՊ-ն հանել էր նաեւ Շուշիի հռչակագիրը դատապարտող կետը։ Հանված էր ՀՀ հանձնառությունը՝ ինքնորոշման իրավունքի իրացման եւ անվտանգության ապահովման մասով։ Հիշեցնեմ, որ այդ վերջին՝ ինքնորոշման իրավունքին վերաբերող կետը բխում է ՀՀ Անկախության հռչակագրից եւ ՀՀ օրենսդրությունից»,- շեշտեց Թեւանյանը։
Դիմակազերծ արված իշխանականներն անցան հակագրոհի ու մեկը մյուսի հետեւից ելույթ ունեցան «30 տարվա թալանի ու տապալված դիվանագիտության» մասին՝ փորձելով իրավիճակի մեղքն ու պատասխանատվությունը դնել ընդդիմության ուսերին։ Իսկ Արման Եղոյանն էլ, ՔՊ-ի մերժումն արդարացնելով, ակամայից «փուռը տվեց» շեֆին՝ ընդունելով, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» սադրիչ հայտարարությունը հրահրեց 44-օրյա պատերազմը։ ՔՊ-ականը, դիմելով ընդդիմությանը, ասաց․ «Ձեր այս հայտարարությամբ գրել եք՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»», եւ ընդդիմությանը հորդորեց՝ ներողություն խնդրել Փաշինյանից քննադատության համար։
Վերջում ՔՊ-ականները չմասնակցեցին քվեարկությանը՝ տապալելով համատեղ հայտարարությունը։ ՔՊ-ի՝ մի քանի օր առաջ տված խոստումը, որ չեն տապալի արտահերթը, հույս էր արթնացրել, թե իշխանությունը դասեր է քաղել սխալներից եւ որոշել է համագործակցության փոքրիկ քայլեր անել, երեկ այդ հույսերը հօդս ցնդեցին։