Քաղաքականություն

«Հրապարակ». Արեւմուտքը փշրանքներ է նետում ՀՀ իշխանություններին՝ խոստացված ցուրտ ձմեռների դիմաց

«Հրապարակ». Արեւմուտքը փշրանքներ է նետում ՀՀ իշխանություններին՝ խոստացված ցուրտ ձմեռների դիմաց

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից կգա 20 միլիոն 600 հազար դոլար ամերիկյան աջակցության խոստումով։ Այս մասին նախօրեին հայտարարեց Բայդենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԱՄՆ-ն վերջին շրջանում հերթական դրամական օգնության խոստումն է տալիս Հայաստանին։ Նախ՝ անցած սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը խոսեց 11,5 միլիոն դոլարի աջակցության մասին, ապա Բրյուսելում Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպման ժամանակ ասացին, որ ԱՄՆ-ն 65 մլն դոլար է տրամադրելու ՀՀ կառավարությանը եւ 7 մլն դոլար՝ արցախահայերի կարիքների համար, իսկ այս սեպտեմբերի 13-ին Նահանգները կրկնապատկեց Հայաստանին ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով տրամադրվող օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն։

Դիմակայունության ամրապնդում․ այս նպատակն է հռչակում ԱՄՆ կառավարությունը եւ «փափուկ ուժի» գործիքով ու փոքր չափաբաժիններով Հայաստանում իր աշխարհաքաղաքական նպատակներն առաջ մղում։ Եթե ուշադրություն դարձնենք ոլորտներին, որտեղ Հայաստանի դիմակայունությունը պետք է բարձրանա, ապա դրանք առնչվում են հայ-ռուսական ավանդական համագործակցությանը։ Օրինակ, վերջին 20 միլիոնը կուղղվի «կիբերանվտանգության, սահմանային անվտանգության եւ էներգետիկ անվտանգության» մեծացմանը եւ բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդմանը, իսկ 600 հազարը «Տեղեկատվական բարեվարքության եւ դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի «ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն» ապահովելուն։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նորություն չի համարում արեւմտյան փափուկ ուժի կիրառումը Հայաստանում, շեշտում է՝ Արեւմուտքը միշտ է դիմել այդ գործիքին: Արեւմտյան արժեքներից մեկը մամուլի, խոսքի ազատությունն է ու դրան ուղղված ծրագրերը, բայց կարեւոր է, թե ընտրանքն ինչպես է կատարվում, եւ նախապատվությունը որ մեդիաներին է տրվում։

«Հատկապես 2018-ից հետո ու դրանից առաջ էլ, մեդիայի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների մեծ մասը նախապատվությունը տալիս էր յուրայիններին՝ անձնական նախասիրություններով կամ կապերով պայմանավորված, եւ, բացի այս, մեկ այլ հարց է, թե որքանով էր այդ գումարը տեղ հասնում, կամ ովքեր էին միջանկյալ կերպով օգտվում այդ ծրագրերից»,- ասում է Սեյրանյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ծրագիր, իհարկե, քարոզչական մաս ունի, ու կարեւորն այն է, որ դա չիրականացվի կացնային մեթոդներով, եւ հասարակությունը, ինչպես Հայաստանում տեղի ունեցավ, չհեռանա իր ազգային շահերից։ Նա հույս ունի, որ շահառու մեդիաների ընտրությունն օբյեկտիվ կլինի, եւ այդ գումարները բաժին չեն հասնի միայն «խիստ հակառուսական կեցվածք» դրսեւորող ԶԼՄ-ներին։ «Ես հասկանում եմ, որ նման ծրագրերում հստակ քաղաքականություն կա՝ տվյալ երկրի շահերից ու առաջնահերթություններից բխող։ Կկարողանա՞ն օգտվել այն մեդիաները, որոնք, օրինակ, ունեն տասնապատիկ մեծ լսարաններ, բայց խիստ հակառուսական դիրքավորում չունեն, որոնք ունեն ավանդույթներ եւ հավատարիմ են լրագրողական-մասնագիտական էթիկային, թե՞ միայն նրանք, որոնք չակերտավոր մեդիաներ են եւ քարոզչական խնդիրներ են լուծում։ Կընտրեն միայն յուրայի՞ն քարոզիչներին... Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ այդ ընտրանքի մեջ քաղաքականություն դրվելո՞ւ է, թե՞ ոչ։ Բոլոր միջազգային դրամաշնորհային ծրագրերում այդ մերոնքական-ձերոնքականները հստակ աշխատում են»,-շեշտում է Ժուռնալիստների միության նախագահն ու նկատում, որ անգամ միջոցառումների հրավիրելիս են ԶԼՄ-ների սելեկցիա անում, եւ կան մեդիաներ, որոնց առաջ որոշ միջազգային դրամաշնորհների դռները փակ են՝ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ 

Ամերիկյան ֆինանսական օժանդակության ակտիվացումն աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում՝ «Հրապարակ»-ին ասում է Դիվանագետների խորհրդի անդամ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։ «Անունը մենք կարող ենք դնել «փափուկ ուժի կիրառում», բայց եթե մի քիչ ավելի անկեղծ լինենք, դա բոլորովին էլ փափուկ ուժ չէ, այլ շատ բացահայտ ու ագրեսիվ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ տեղավորվող շարժումներ են։ 20 միլիոն, 11 միլիոն, 250 միլիոն․․․ սրանք այն թվերն են, որոնք ԱՄՆ-ի նման կայսրության համար նշանակալից չեն, բայց բարձրագոչ են Հայաստանի նման փոքր երկրի իշխանության փիառի համար եւ նպատակ ունեն ավելի մեծացնելու հակառուսական տրամադրությունները։ Ինչպես նշել է ԱՄՆ ՄԶԳ-ն, այդ վերջին 20 միլիոն 600 հազարը կառավարության բարեփոխումների ու մեդիաոլորտի համար է, դա Հայաստանի ժողովրդի համար չէ, իշխող վարչախմբի համար է, որն Արեւմուտքն ուղղում է՝ կարճաժամկետ տնային աշխատանքը լավ կատարելու եւ հետագայում ավելի մեծ տնային աշխատանքը խրախուսելու համար»,- ասում է Բշտիկյանը։ Իշխանությունը, նրա խոսքով, սրանով եւս մեկ անգամ ժողովրդի մոտ արեւմտյան օժանդակության սին հույսեր կձեւավորի, թե տեսեք՝ մեզ դուրս են բերում ռուսական ճիրաններից։

Ուշագրավ է, որ նույն օրը հայտնի դարձավ, թե ԱՄՆ-ն Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի։ Արտակ Բշտիկյանն Ուկրաինային ու Հայաստանին տրամադրվող աջակցությունը տարբեր քաշային կատեգորիաների խնդիր է համարում, ասում է՝ Հայաստանին տրամադրվողը համապատասխանում է Հայաստանի իշխանության քաշային կատեգորիային։ «Նրանք ասում են՝ այ, եթե դուք էլ լավ կատարեք ձեր տնային աշխատանքը, դուք էլ կունենաք այս աջակցությունը, բայց Աստված մի արասցե, որ մենք նույնկերպ կատարենք այդ աշխատանքը, ինչպես Ուկրաինան։ Ուկրաինային տրվող աջակցությունն ուկրաինացի ժողովրդի արյան գինն է, որն Արեւմուտքը վճարում է` Ուկրաինան եւ հետխորհրդային հանրապետությունները ռուսական ազդեցությունից դուրս բերելու համար։ Մենք մտածելու տեղ ունենք, որովհետեւ 11 կամ 20 միլիոնն այն փշրանքն է, որն Արեւմուտքը նետում է ՀՀ իշխանություններին՝ իրենց կողմից խոստացված ցուրտ ձմեռների եւ այլ դժվարությունների համար, եւ խնդիրն օժանդակության չափի մեջ չէ, որովհետեւ ԱՄՆ-ն, իր շահերից ելնելով, այս կամ այն երկրին կարող է տրամադրել այդ օժանդակությունը, բայց թե ինչ շահ է սպասարկում Հայաստանի իշխանությունը, այստեղ է խնդիրը ու ամբողջովին բացահայտ է՝ ներկա վարչախումբը որեւէ ոլորտում, որեւէ վեկտորում այլեւս չի սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը»,-բացատրում է մեր զրուցակիցը։

Արեւմտյան եւ, մասնավորապես, ամերիկյան դրամական աջակցություն Հայաստանը նախկինում էլ ստանում էր, բայց, ինչպես Բշտիկյանն է ասում, մեծ տարբերություն կար, որովհետեւ նախկին իշխանություններն Արցախը չէին հանձնել, Հայաստանի ինքնիշխան տարածքից կորուստներ չունեինք, ու նման շեշտակի աշխարհաքաղաքական շրջադարձեր չէին անում՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը: Արեւմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է։ Այս փաստը, ըստ մեր զրուցակցի, պետք է ընդունել, եւ այս փուլում ցանկացած  օժանդակություն միտված է ռուսական գործոնի թուլացման դեմ, ինչը նշանակելու է թուրքական մոդերացիա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image