Հասարակություն

Ըստ ՀՀԽ-ի, Հանրային ռադիոն օժանդակ դպրոց է, որը պետք է ղեկավարի դեֆեկտոլոգը

Ըստ ՀՀԽ-ի, Հանրային ռադիոն օժանդակ դպրոց է, որը պետք է ղեկավարի դեֆեկտոլոգը

Սկիզբը՝ այստեղ

Ի՞նչ է գրված «Ազատություն» ռադիոկայանի (Radio Free Europe /Radio Liberty) կողմից պրն Քոլոյանին տրված Appreciation Letter-ում (իմաստային թարգմանությամբ՝ Շնորհակալագիր), որի պատճենը ՀՀԽ-ից ուղարկվել էր դատարան։ Մեջբերում եմ ամբողջական տեքստը․ 

“RFE /RL Service Appreciation Letter is presented to Armen Koloyan on his 30th service an-niversary. Thank you for your ongoing commitment and dedicated service. We very much ap-preciate your hard work and continuous contribution to RFE /RL’s mission. Jeffrey Gedmin, Interim President & CEO, Prague, September 2023” (բառացի թարգմանությամբ՝ «RFE /RL-ի ծառայության շնորհակալագիրը տրվում է Արմեն Քոլոյանին՝ իր ծառայության 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Շնորհակալություն Ձեր հավատարմության եւ նվիրյալ ծառայության համար։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջանադիր աշխատանքը եւ տեւական նպաստը RFE /RL-ի առաքելությանը։ Ջեֆրի Գեդմին, Ժամանակավոր նախագահ եւ գործադիր տնօրեն, Պրահա, սեպտեմբեր, 2023թ․»:

Ինչպես տեսնում ենք, շնորհակալագրում չկա բառ պրն Քոլոյանի լրագրողական գործունեության կամ ծառայության մասին։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանում գիտեն, թե ինչ են գրում... Չեն գրել՝ շնորհակալություն ենք հայտնում, դիցուք, Ձեր «բարձրակարգ լրագրողական աշխատանքի» կամ գոնե՝ «լրագրողական աշխատանքի» համար, որովհետեւ պրն Քոլոյանն ակնհայտորեն լրագրողական աշխատանք չի կատարել «Ազատություն» ռադիոկայանում։ Նա եղել է հաղորդավար, ինչն իր էությամբ ոչ թե ստեղծագործական (մի հանգամանք, որ լրագրության համար տարբերակիչ եւ որոշիչ է), այլ կատարողական բնույթի աշխատանք է, համարյա՝ ինչպես էջադրումը թերթում կամ գրված սցենարով հաղորդում վարելը հեռուստատեսությունում։ 

Ավելին ասեմ․ միջազգային լրատվական «կայսրությունները»՝ Reuters, Associated Press, Agence France-Presse եւ այլն, որոնք 1800-ականների կեսերից ձեւավորել են զանգվածային լրատվության երեւույթը, դաշտը, ստանդարտներն աշխարհում (զանգվածային լրատվությունը (mass media) տարբեր է լրագրությունից (journalism) եւ սկիզբ է առել 1840-ականների electric telegraph-ի գյուտից, երբ լուրն ինքնին, որպես ապրանք, սկսել է մայրցամաքից մայրցամաք հաղորդվել եւ վաճառվել բորսաներին՝ ֆինանսական շահույթի համար), ունեն աշխատակիցների կատեգորիաներ, ընդ որում՝ հազարավոր անձանց ընդգրկող, օրինակ՝ fixer, local informer, stringer եւ այլն, որոնց աշխատանքում նույնիսկ ստեղծագործական հատկանիշ էլ կա, բայց այդ աշխատակիցները երբեք լրագրող չեն համարվում։ 
Ինչո՞ւ։ Ասենք, Reuters-ում, որի լոնդոնյան, Canary Wharf-ի կենտրոնակայանում ես մի քանի անգամ եմ եղել, սեմինարների եմ մասնակցել, Reuters-ի միջազգային խմբագիրների հետ հանդիպումների եւ այլն, հարցին, թե ինչու stringer-ը, citizen journal-ist-ը, local informer-ը եւ այլն, չեն կարող լրագրող համարվել, բացատրության քվինտ-էսսենցիան այն է, որ «հում տեղեկություն» (raw information) հաղորդողը լրագրող չէ։ Լրագրողական աշխատանքը մեկնարկում է հում լուրը ստանալուց հետո․ դա նախ լուրի հավաստիությունը ստուգելն է, հավելյալ տեղեկատվություն ձեռք բերելը, այնուհետեւ լուրը կոնտեքստում դնելը, հեղինակային մատուցումը, հետագա զարգացմանը հետեւել-լուսաբանելը եւ այլն։ Նույնիսկ breaking news-ի հավակնող հում լուրի տիրապետել- հաղորդելը որեւէ մեկին լրագրող չի դարձնում, ուր մնաց եթերում լուր ընթերցելը հանկարծ լրագրողական աշխատանք համարվի։ 

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունում, ի հակադրություն ՀՀԽ-ի, բնականաբար, գիտեն, թե ինչ է լրագրությունը, լրատվությունը, լրագրողը եւ այլն, դրա համար էլ պրն Քոլոյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին աշխատակցելու 30 տարիների արդյունքն ամփոփող շնորհակալագրում ո՛չ «լրագրող» բառն են օգտագործել, ո՛չ «լրագրություն», ո՛չ էլ «լրագրողական աշխատանք»։ Պրն Քոլոյանը լոկ հաղորդավար է, որն զբաղվել է հաղորդավարությամբ։ 

Ասվածն անհերքելի հաստատվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նյութերի արխիվով։ «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքէջում (azatutyun.am) «Արմեն Քոլոյան» որոնումով համակարգը մոտ 700 նյութ է ցույց տալիս, 70 էջի վրա՝ հրապարակված 2001-2014թթ․։ Ես այդ արխիվից պատահական ընտրանքով տպել եմ 11-րդ էջի 1-ին նյութը, 22-րդ էջի 2-րդ, 33-րդ էջի 3-րդ, մինչեւ 66-րդ էջի 6-րդ եւ 70-րդ էջի վերջին նյութը։ Դա ներկայացրել եմ դատարանին: Եվս մոտ 10-15 նյութ էլ ես նայել եմ, որոշները սրամիտ եւ հիշվող էին՝ «Ինդոնեզիկում», «Գրասենյակային առնետների մրցույթ», «Արգելվում է մահանալ» եւ այլն, բայց դրանից նյութերի բնույթը չի փոխվում․ դրանք՝ բոլորը, լուրերի ընթերցումներ են։ Երբեմն՝ մի լուրի, երբեմն՝ լուրերի համակցության, բայց, ամեն դեպքում՝ copy-paste-ի ընթերցում։ Copy-paste-ի աղբյուրը DPA-ն է, «Թուրանն» է, Agence France-Presse-ն է, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն է, ինչ-որ երկրի ԱԳՆ-ն է, «Ազատության» չգիտեմ որտեղի թղթակիցն է․ պրն Քոլոյանը դրանք միայն համադրում-ընթերցում է, ինչը որեւէ կերպ լրագրություն չէ։ 

«Ազատություն» ռադիոկայանի շնորհակալագիրն ուղղակի վերջնական ու սպառիչ հաստատում է, որ պրն Քոլոյանը 0 (զրո) համապատասխանություն ունի «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» պահանջին, որը ՀՀ կառավարության 2005թ․ N 224-Ն որոշմամբ հաստատված 2-րդ իմպերատիվ պահանջն է 100 տոկոս պետական բաժնեմասով ՓԲԸ-ի (իմա՝ Հանրային ռադիոյի) տնօրենի մրցույթին մասնակցելու համար։ Պրն Քոլոյանի՝ «Ազատություն» ռադիոկայանում կամ դրանից դուրս ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի փորձառության մասին հայտնի չէ։

(Իմ մասով դարձյալ հետո կանդրադառնամ, ուղղակի այստեղ այնքանը նշեմ, որ 2002-2006թթ․ ես եղել եմ ֆորմալ առումով Եվրոպական հանձնաժողովի կոնտրակտոր տեղեկատվական ֆիլմերի ստեղծման համար, Ա/Ձ-ի կարգավիճակով, ինչն ուղիղ մեդիա ոլորտի ձեռնարկատիրական գործունեություն է։ Ստեղծվել է 5-6 ֆիլմ, որոնց ռեժիսորը եւ պրոդյուսերը եղել եմ ես։ Նույն ընթացքում նկարած իմ մի այլ ֆիլմ Կաննի կինոփառատոնի Short Film Corner-ի համար է ընտրվել, եւ կյանքում առաջին անգամ Ֆրանսիա եմ մեկնել 2007-ին՝ Կաննի փառատոնի պաշտոնական հրավերով։ Այսինքն՝ իմ մեդիա ոլորտի ձեռնարկատիրական գործունեությունը եւ նկարած ֆիլմերն ինձ մինչեւ Կաննի կինոփառատոն են հասցրել։ 

Լրագրողական գործունեության մասով էլ 1996-ի Վազգեն Սարգսյանի ճեպազրույցից ու 2000-ին տպագրված Կարեն Սերոբիչի «Հետահայաց հարցազրույցներից» մինչեւ այս տարի «Հրապարակում» «Ի՞նչ է նշանակում Իսրայելի նախագահի լռությունը Հայկական պարտեզի հարցով» իմ հոդվածը՝ Իսրայելի նախագահական պալատ ուղարկված հարցերով, ԱՄՆ Պետդեպից ստացված պատասխանով, այս հունիսին տպագրած Չինաստանի մասին ճանապարհորդական նոթերը եւ այլն, եւ դրանց միջեւ ընկած համարյա ամեն ինչ, որ գրել եմ 20-30 տարվա ընթացքում, եղել է դասական լրագրության ժանրերում, բովանդակությամբ էլ՝ հաճախ էքսկլյուզիվ): 

Անհամապատասխանության խոստովանություն եւ Techno-babble

100 տոկոս պետական բաժնեմասով ՓԲԸ-ների համար, ՀՀ կառավարության 2005թ․ թիվ 224-Ն որոշմամբ հաստատված տնօրենի ընտրության ընդհանուր կարգի 3-րդ իմպերատիվ պահանջն է․ «գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր)»։
Պրն Քոլոյանն ինքն է այս դատական գործի առնչությամբ հրապարակավ հայտարարել, որ «ծանոթ չէ իրավակարգերին», եւ խոսքից էլ ակնհայտ է, որ չի տարբերում դատական վարույթ, վարչական ակտի կասեցում, օրենքի ուժով ծագող փոփոխություններ եւ այլն։ Իրավական ակտերի իմացության պահանջին կատարյալ անհամապատասխանությունը պրն Քոլոյանը ինքն է խոստովանել, հետեւաբար, որեւէ մեկնաբանություն այլեւս ավելորդ է։ 

Ակնհայտ է, որ իրավական ակտերի 0 (զրո) իմացություն ունեն նաեւ ՀՀԽ-ի անդամները, այն աստիճան, որ, դատելով նրանց հրապարակային հայտարարություններից, դատարանի որոշումը ծանուցումից չեն տարբերում, որոշումը կատարելու ժամկետ չեն գիտակցում, անգամ իրենց՝ պետական մարմին լինելու հանգամանքը չեն ընկալում։ Նրանց պարագայում էլ՝ no comment: Փոխարենը՝ մեկնաբանության արժանի են ՀՀԽ-ի իրավաբանները, որոնք գրել են հայցադիմումի պատասխանը։ Արդեն ասել եմ, որ 40 էջ արտագրություն-մտավարժանք-մանիպուլյացիաները ՀՀԽ-ի պատասխանում ծառայում էին 3-4 պնդում անելուն։ Գլխավորը երեւի 30 էջ շարադրանքն էր այն մասին, թե ՀՀԽ-ն պետական մարմին չէ, հետեւաբար՝ գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին։ Դա ասվում է մի գործով, որն արդեն Վարչական դատարանի վարույթում է։ 

Իրավական ակտերի առումով գոյությունի ունի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս, «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն ՓԲԸ ստեղծելու մասին» կառավարության 20.07.2001թ․, N 661 որոշում, 19.07.2018թ․, N 808-Ա նոր որոշմամբ դրանում կատարված փոփոխություն, որոնց համադրումից անվիճելի հետեւում է, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի հիմնադրի անունից հանդես եկող ՀՀԽ-ն չի կարող լինել ուրիշ ոչինչ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածով պահանջվող պետական կառավարման համակարգի մարմնից բացի։ 
Բայց ինձ տպավորել ու զարմացրել է հատկապես մի հանգամանք, գիտակցության հետ խնդիրներ չունեցող մեկի մտքով կարո՞ղ է անցնել, թե պետությունն ունակ է հանգելու այնպիսի անհեթեթության, որ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ հանկարծ կառավարի 100 տոկոսով պետությանը՝ սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր կամ ունենա ՊԵՏԱԿԱՆ կարգավիճակով հիմնարկ, ստորաբաժանում, աշխատակազմ, երբ խոսքը ոչ թե մի գյուղական բուժհաստատության կամ կրթօջախի, այլ, դիցուք, Հայաստանի ատոմակայանի, Երեւանի ՋԷԿ-ի, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի, կառավարական «Հատուկ կապի» եւ այլնի մասին է, որոնք՝ բոլորը, 100% պետական բաժնեմասով ՓԲԸ-ներ են եւ կենսական ենթակառուցվածքներ։

Կառավարության 2005թ. թիվ 224-Ն որոշման վերջին իմպերատիվ պահանջի համաձայն, պրն Քոլոյանի ներկայացրած Ռադիոյի զարգացման հայեցակարգի մասին առայժմ ոչինչ չասեմ, որովհետեւ թուղթը, որ ուղարկել են դատարան, ոչնչից չի երեւում, թե վավերական է։ Երբ պարզվի՝ վավերական է, կհրապարակեմ իմ ներկայացրած հայեցակարգին զուգահեռ, իսկ այն, ինչ ուղարկել են, եւ տեսել եմ, թող ներվի ասել, լրագրությանը համարյա չառնչվող պատանեկան techno-babble էր։ Այսքանը՝ դատական գործի ներկա դրության մասին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image