Որքան հասկանում եմ՝ Նիկոլը որոշել է աշխարհը զարմացնել դիվանագիտության մեջ չլսված հերթական անհեթեթությամբ: Ինքը փորձում է րոպե առաջ իրականացնել մի բան, որ չգիտի, թե ինչ է, քանի որ մանրամասների առումով դեռեւս իրեն ոչինչ չեն հայտնում: Իսկ երբ ոմանց կողմից հնչեցվում է «միջանցք» բառը, իրեն պատեպատ է տալիս, թե նման բան չկա թղթերում: Իսկապես, միջանցքի վերաբերյալ հիշատակություն չկա, բայց աչքիս՝ մոռացել է, որ թղթերում որեւէ բան չկար նաեւ Գորիս-Կապան ճանապարհահատվածը թշնամուն հանձնելու մասին: Սակայն դա կատարվեց՝ որպես հիմք ընդունելով ընդամենը ամերիկյան մասնավոր առեւտրային ընկերության վիրտուալ քարտեզը: Իսկ այն, մասնագետների ասելով, չէր համապատասխանում խորհրդային հանրապետություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին, ինչը գծված էր խորհրդային տարիների քարտեզներում: Եվ քանի որ նախադեպն արդեն առկա է, ինչո՞ւ չպետք է մտածենք, որ նույնը կարող է տեղի ունենալ «Զանգեզուրի միջանցքի» առումով:
Բայց, ինչքան հասկանում եմ, «Զանգեզուրի միջանցք» անվանումն այն կարմիր լաթի կտորն է, որ անընդհատ հասցեագրվում է Նիկոլին, ու ինքը դրանից կատաղում է: Չէ, ոչ թե կատաղում է, այլ փորձում է մարդկանց հիմարի տեղ դնելով՝ «կրուտիտներով» դուրս գալ իրավիճակից: Ու շատ հաճախ, ընդունենք, հասնում է անհեթեթության կատարյալ տարբերակի: Նախ հայտարարում է, որ ինքը կոչով դիմել է իր «ադրբեջանցի գործընկերոջը», որպեսզի վերջինս պարզաբանի, թե ինչ է նկատի ունեցել «Զանգեզուրի միջանցք» ասելով, եւ դա ցույց տա քարտեզի վրա: Իսկապես, նման բան Նիկոլը հայտարարել է, իսկ նրա «ադրբեջանցի գործընկերն» էլ արհամարհանքով անտարբերության է մատնել իր հարցապնդումը:
Հետաքրքիր է՝ քարտեզ ասելով ո՞րն է նկատի ունեցել Նիկոլը՝ խորհրդայի՞նը, թե՞ վիրտուալը: Առաջինում իսկապես նման բան չկա, ինչպես չկար Գորիս-Կապանն Ադրբեջանի տարածքում: Իսկ վիրտուալը… Այստեղ պետք է ընդունենք, որ վերջին յոթ տարվա ընթացքում դա Նիկոլի «ադրբեջանցի գործընկերոջ» առաջին լուրջ բացթողումն էր: Կասեի նույնիսկ՝ ձախողումը, որովհետեւ ինքը կրկին կարող էր դիմել վերը նշված մասնավոր կազմակերպությանը, եւ, խնդրեմ՝ միջանցքը քարտեզի վրա: Օրինակ, չգործող գազատար խողովակի միջով ուկրաինացիների թիկունք անցնելու դրվագը ռուսներն արդեն իրականացրել են մի քանի անգամ՝ հասնելով լուրջ հաջողությունների: Չնայած վերջինն այնքան էլ հաջող չէր՝ այն բացահայտվել էր ժամանակից շուտ՝ շնորհիվ ռուս բլոգերներից մեկի անզգուշության: Այնպես որ, Իլհամն էլ կարող էր նույն հնարքը բանեցնել երկրորդ անգամ:
Ինչեւէ, դա չի արվել, ու Նիկոլն առաջ է գնացել: Որովհետեւ եթե վերջինս կանգներ քարտեզի վրա, ապա այդ «հանճարեղ» գաղափարը կիսատ կմնար: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վերջինս ավարտին է հասցրել իր այդ գաղափարը: Քանի որ Իլհամը չի կարողացել կամ, ավելի ճիշտ, չէր ֆայմել քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», վերջինս փորձել է բացատրություն գտնել քարտեզի վրա գոյություն չունեցող միջանցքի խնդրին: Իր ընկալմամբ (այս համատեքստում ճիշտ կլիներ «ենթադրել» բառը, բայց թողնենք նրա օգտագործածը), «Զանգեզուրի միջանցք» ասելով ադրբեջանցիները նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։ Արտահայտության վերջին մասն ուղղակի մեջբերեմ, քանի որ նման անհեթեթության կյանքումս չեմ հանդիպել: Եվ այսպես. «Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են՝ թող ասեն, բայց Հայաստանի մասին չէ դա: Այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով՝ ես հասկացա, որ խոսքը Հորադիզ-Զանգելան ճանապարհի մասին է: ...Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված»: Այսքանն ասելով, ՀՀ «մեծարգո վարչապետը» հայտարարել է, որ փակում է «Զանգեզուրի միջանցքի» թեման: Մնում է, որ դրան հետեւի նաեւ իր երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերը, ինչում խիստ կասկածում եմ:
Անկեղծ ասեմ՝ բազմաթիվ անհեթեթություններ եմ լսել՝ արտաբերված ՀՀ վարչապետի կողմից, բայց այսպիսի կատարյալ «գլուխգործոց» չէի լսել: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո այս արտահայտությունն անպայման պետք է ներառվի Հայոց պատմության դասագրքերում: