Երեկ պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ասվում էր, որ ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառել 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի նկատմամբ, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել էին ձախ բազկոսկրի կոտրվածք:
«Տիկին Ջուլիետան այսօր կանգնած էր իմ կողքին՝ Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքշել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,-նշված էր Մամիջանյանի գրառման մեջ։
Hraparak.am-ի հետ հեռախոսազրույցում տիկին Ջուլիետայի հարսն ասաց, որ սկեսուրը պատահականորեն է հայտնվել այդ հատվածում, որտեղ անհնազանդության ակցիա էին իրականացնում «Դիմադրության» շարժման անդամները։
«Սկեսուրս դեղատուն գնալիս է եղել, երբ տեղի է ունեցել այդ միջադեպը։ Այդ պահին կողքին անհնազանդության ակցիա են իրականացնելիս եղել «Դիմադրության» շարժման մասնակիցները։ Քանի որ այնպիսի հատվածում է կոտրվածքը, որ անհնար է գիպս դնել, ուստի բժիշկները եռանկյունաձև ֆիքսատոր են դրել և մեկ ամիս պիտի թևը մնա անշարժ, որպեսզի ինքն իրեն ամրանա։ Ցավերն, այո, շատ ուժեղ են, օգտագործում է ցավազրկողներ, անգամ սրսկումներ ենք անում, որ ցավը մեղմվի»,- ասաց Ջուլիետա Հովհաննիսյանի հարսը։ Տիկին Ջուլիետայի հարսից տեղեկացանք նաև, որ այսօր ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում միջադեպի հետ կապված իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանների գործողությունների դեմ։