Հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած եւ ազատագրական պայքար մղած հայ մարդու սխրանքները:
Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը․ սա մեր կռիվն է՝ մեր խաչը՝ հանուն պատմական արդարության: Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի եւ արցախցի Սոնայի պատմությունները: 1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը։ Մեծ տարիքում Ժակին մարմնավորում է ռուս դերասան Բորիս Խվոշնյանսկին, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը: Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում՝ ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Մինչդեռ Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը` փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլեւ վիրավոր հոգին։ Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով։
Տպավորված Սոնայի եւ արցախյան մյուս հերոսների պատմություններով՝ պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանի մոտ ծագում է դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածելու գաղափար, որը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի եւ Արսեն Դանիելյանի հետ համատեղ դառնում է գեղարվեստական կինոսցենար: Ի դեպ, ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբեւէ չհանրայնացված վավերագրական կադրեր:
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում դերասանական մեծ կազմով՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոեւ, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լեւոն Մելոյան, Լեւոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան եւ այլք։ Ինչպես նաեւ ֆիլմում մասնակցություն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան եւ Կարինա Գոնդագսազյանը:
Բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորները՝ Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Հայկոն է: Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը եւ Վալերի Սահարյանը։ Հնչունային ռեժիսորն է Վասիլի Կրաչկովսկին, ձայնի երաժշտական սուպերվայզերը՝ Արտաշես Անդրեասյանը:
Ֆիլմում ներգրավված դերասան Ալեքսանդր Խաչատրյանն իր խոսքում նկատում է՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում շատ բաներ դարձան մեր խաչը, որը պետք է կրեինք. «Մենք ինչ արեցինք պատերազմի ժամանակ, ինչ ունեցանք հաղթելուց հետո, դա է խաչը, իմ կարծիքով, որը գնալով ծանրացավ եւ դարձավ բեռ, որն անհնար է կրել։ Ես մարմնավորեցի մի արվեստագետի, որը կրում էր իր խաչը՝ որեւէ կապ չունենալով պատերազմի հետ. մի ձեռքում՝ սուրը, մյուսում՝ վրձինը: Արվեստի մարդը չէր կարող մասնակցություն չունենալ պատերազմին, քանզի յուրաքանչյուրս ունենք քաղաքացիական գիտակցություն, եւ կարեւոր չէ՝ զենք վերցնում է իր ձեռքում, թե՝ ոչ»։ Դերասանն ընդգծում է՝ նման ֆիլմերը շատ կարեւոր են, որոնք ստեղծում են հերոսներ եւ ազդում երիտասարդների դաստիարակության վրա: «Մենք Սասունցի Դավթից հետո ունենք հերոսներ, որոնց մասին մոռացել ենք, իսկ այսօր խնդիր ունենք սերունդ դաստիարակելու»:
Դերասան Անդրանիկ Խաչատրյանը ֆիլմում մարմնավորել է ադրբեջանցու։ Ասում է՝ չնայած իր դերն այդքան էլ ընդգրկուն չէ, սակայն իրական պատմությունների հիման վրա գրված սցենարը շատ է հավանել, ուստի համաձայնել է․ «Հայ ծնվելն արդեն խաչ է, խաչով ես ծնվում, ու պարտավորություն է՝ պահես ու պահպանես այդ խաչը, արժանի լինես խաչին ու խաչի զորությամբ առաջնորդվես: Մեր ազգին նման ֆիլմեր շատ են պետք: Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը հաղթանակած ենք դուրս եկել, որը պետք է պահենք նաեւ նման ֆիլմերով քարոզելու միջոցով»:
«Ֆիլմն իմ սրտին դիպավ պատերազմի թեմայով: Չնայած որ պատերազմին չեմ մասնակցել, բայց ազգովի պատերազմի մեջ ենք եղել,- իր խոսքում նկատում է դերասան Արա Սարգսյանը։- Երբ ստացա հրավեր՝ նկարահանվելու ֆիլմում, մարմնավորելու դաշտային հոսպիտալի խոհարարի կերպարը, միանգամից ասացի՝ այս դերն իմն է: Ի դեպ, ավարտել եմ առեւտրախոհարարական ուսումնարանը եւ ճակատագրի բերումով 22 տարի է՝ տանը խոհարարությամբ եմ զբաղվում: Հետաքրքրական դրվագներ շատ են եղել ֆիլմում։ Օրինակ՝ ռմբակոծության ժամանակ երբ դրվում էին պայթուցիկները, սկսում էինք նկարահանումը եւ լարվածությունից մոռանում տեղերը, ու չգիտես՝ որ կողմ վազես, որ չվնասվես»։ Դերասանն ընդգծում է․ այս ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ ռեժիսորը մասնակցել է պատերազմին եւ իր աչքով տեսել այն:
Որպես դերասան՝ ներգրավված է նաեւ երաժիշտ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը․ «Ֆիլմում նկարահանվելու եւ երգը կատարելու առաջարկը հաճելի էր, եւ փորձել եմ չխաղալ։ Հիշելով պատերազմին մասնակցության տարիները՝ արեցի այն, ինչ ժամանակին արվել է: Րաֆֆիի գրած երգն ինձ շատ դուր եկավ, եւ առաջին անգամ չէ, որ կատարում եմ իր ստեղծագործությունը: Ինձ համար կարեւոր է, որ մեղեդին չի կրկնվում եւ ռազմահայրենասիրական չէ, այլ՝ մարդկային ու սիրային: Մարդկային մեղեդու մեջ ավելի շատ հայրենիք, մարտական ընկեր ու կորուստ կա, քան ճոռոմաբանված այլ մեղեդիների մեջ»։
Ո՞րն է իր խաչը։ «Իմ խաչը սիրելով ապրելն է եւ ապրելով սիրելը, երկու դեպքում էլ կռիվը երկուսի պաշտպանողական եւ միացման միջոցն է, երկուսի պտուղը: Տա Աստված՝ գալիք ֆիլմերը խաղաղության մասին լինեն, որպեսզի վաստակենք այդ խաղաղությունը, որի համար սիրել ու ապրել է պետք: Նման ֆիլմեր շատ են պետք մեզ, սակայն պատերազմի մասին ֆիլմ ասելով՝ բոլորը պատկերացնում են կրակոց, թուր, Վարդան Մամիկոնյան… Հերի՛ք է… կհոգնեցնի մի օր, եւ ոչ մի երիտասարդի չես կարողանա ասել, որ կռվելը բարոյական արժեք է, քանի որ «հայրենասիրություն» բառը հայրենիքից հեռացնում է մարդուն, եւ մարդը եթե սիրել գիտի, սիրում է այն, ինչ սիրելի է։ Չի կարելի կշռել արժեքները, իսկ հայրենիքն այդ արժեքներից մեկն է: Այս ֆիլմում ասելիքը շատ հետաքրքիր է, հայրենիքի հանդեպ սերն ավելի է արժեւորվում, երբ համամարդկային կողմից ես նայում: Կարող ես լինել աֆրիկացի, սակայն, նայելով այս ֆիլմը, հուզվել ու հասկանալ հայի ցավը»:
Դերասան Հովակ Գալոյանն էլ մարմնավորում է պատերազմական ճակատից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող զինվորական հոսպիտալի առաջին օգնությունը ցուցաբերող բժշկին․ «Պատկերացնելով իրավիճակը՝ կերպարն իմը դարձնելու համար այդ ամենը անցկացրեցի իմ պրիզմայի միջով, թե ինչ կարող է ապրել ու զգալ այդ բժիշկը: Հետաքրքրական դեպքերից մեկը, երբ զինվորական հոսպիտալը ռմբակոծում էին, եւ շտապ պատգարակներով պետք է տեղափոխեինք հիվանդներին, եւ պատգարակներից մեկն ընկնում է ու… վերջ, մահացավ… ստոպ, նորից: Ղարաբաղի թեման անսպառ է: Եվ նկարելով նման ֆիլմեր՝ պետք է այնպես նկարել, որպեսզի ոչ միայն մենք հիշենք, այլ որ հիշի ամբողջ աշխարհը, ինչպես նաեւ տեղեկանա, թե ինչից է եղել կոնֆլիկտը, ինչով պետք է վերջանա, որ արդարացի լուծում ստանա»: