Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ` 2019 թվականին, 74 միլիոն դրամով Երևանի գլխավոր տոնածառ գնվեց: Լուրն այդ օրերին փոթորկել էր հանրությանը․ բյուջեի սուղ միջոցներ ունեցող քաղաքի համար նման գնում կատարելը երևանցիները համարեցին ավելորդ ծախս։ Մարությանն ավելի ուշ պարզաբանել էր, թե ինչպես է այդքան մեծ գումար գոյացել․ «Երևանի գլխավոր տոնածառն արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերն ամբողջությամբ՝ 36 միլիոն 500 հազար դրամ, իսկ խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ: Իսկ տոնածառի մոնտաժումն արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ»:
2020 թվականին այդ տոնածառը չդրվեց Հրապարակում` 44-օրյա պատերազմի սուգը դեռ չէինք հաղթահարել, փոխարենը տեղադրվեց 2021 թվականին։ Այսինքն, բավականին թանկարժեք տոնածառը, որն ընդամենը 2 տարի է տեղադրվել, ըստ մեր տեղեկությունների, արդեն վնասվել է` այն աստիճանի, որ արդեն տեղադրվելու ենթակա չէ։
«Հրապարակ»-ի աղբյուրը փոխանցում է, որ Տիգրան Ավինյանը չի ուզում նոր տոնածառ գնել, նա տրամադրված է, որ Մարությանի օրոք գնված տոնածառը այս տարի եւս տեղադրվի: «Տեղադրելիս ինչ-որ խնդիրներ են առաջանում, ամրացնելու, վերանորոգելու կարիք ունի տոնածառը, մետաղական հատվածները վնասված են, բայց իրար վրա կհավաքվի, կդնեն, նորը էլ չի գնվի»։
Երեւանի քաղաքապետարանից տոնածառի վնասված լինելու վերաբերյալ, մեզ փոխանցեցին․ «Տոնածառն այս պահին նորմալ վիճակում է։ Այն պահվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակա տարածքում, որը պահեստային տարածք է։ Օգտագործվելու է այն, բայց ինչ֊որ որոշակի բաղադրիչների փոփոխություն, համալրում կլինի, թե չի լինի, այս պահին հնարավոր չէ նշել։ Հետագայում պարզ կդառնա` ամբողջությամբ նույն վիճակով է օգտագործվելու, թե հնարավոր է որոշակի կոմպոնենտներ ավելանեն, օրինակ` լուսավորություն եւ այլն»։
Նշենք, որ ԱՊՀ 2023-2022 թվականների 10 ամենաբարձր տոնածառների թվում Երևանի Հանրապետության հրապարակի տոնածառը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։