«Հրապարակի» զրուցակիցը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է:
- Իշխանությունները ցնծության մեջ են․ Ռուսաստանից, ապա Ղազախստանից` Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն են ներմուծել, ինչը մենք պարզել ենք, որ վարակված ցորեն է, որը բացառապես որպես անասնակեր կարելի է օգտագործել: Փաստորեն, չկա պատշաճ վերահսկողություն, եւ վտանգավոր ցորենից կարող են հաց թխել: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:
- Ես դեռ վաղուց եմ կասկածներ ունեցել` որակի հետ կապված: Բնական է, դրսից է գալիս, ինչ ասես, կարող է լինել, բայց ո՞վ պետք է վերահսկի, որպեսզի հիվանդություններ չլինեն, վնասատուներ ու վարակներ չլինեն: Այն ոչ միայն վտանգավոր է որպես սնունդ կիրառելու համար, այլեւ` հողերի վարակման համար: Կարող են ցանել այն եւ հողերը վարակել, ինչն ամբողջապես կվտանգի ոլորտը: Հացի ցորենը պետք է, միանշանակ, բարձրակարգ լինի: Վերջին դասի ցորենը, մեկ բառով ասած, «ֆուրաժ» է` անասնակեր եւ չի կարող մարդկության համար պիտանի լինել, բայց ի՞նչ ասես, ո՞ւմ ասես, սրանց համար Արցախը բեռ էր` տվեցին, ուրախացան: Ունենք այսքան նահատակներ, մեր տղերքը չկան, բայց իրենք երջանիկ են, ողջ օրը համերգներ, ֆեստիվառներ, քեֆեր: Ի՞նչ կարող ես ասել սրանց, ո՞ւմ ասես: Ինչքան ծանր օրեր կան՝ սրանց համար ուրախալի, տոն օրեր են: Իրենք իրենց հանձնառությունը կատարում են, իսկ հասկացող մարդիկ շվարած մտածում են, թե էս ինչ է կատարվում: Ժողովուրդը մոլորվել է սրանց ձեռքին, բայց մոլորվելուն էլ չափ պիտի լինի:
- Ինչո՞ւ են կասկածելի ծագման ցորեն ներմուծում Հայաստան: Հայաստանն իսկապե՞ս հացի խնդրի առաջ է կանգնած:
- Մենք հանրապետությունում ամեն տարին տարվա վրա ստանում ենք շատ վատ բերք: Քանակը խայտառակ քիչ է, ինչպես իշխանությունն է սիրում ասել` աննախադեպ, խայտառակ ցուցանիշ ենք արձանագրել: Բերքն ահավոր վատն է, ըստ իրենց հրապարակած թվերի` 2024 թվականին բերքը եղել է 22,8 տոկոս, այս տարի՝ դրա կեսը, ինչը սարսափելի վատ է, կա ներկրման խնդիր: Հայաստանն ունի պահուստի հետ կապված լուրջ խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ պիտի բերեն, մի հատ էլ ժողովրդին հացի խնդրի առաջ կանգնեցնեն: Քիչ աղետ են իբր բերել, հիմա էլ մնում էր հացի խնդիրը: Ադրբեջանի տարածքով ցորենի անունը ես դրել եմ արյունոտ ցորեն: Մեզ արյունոտ ցորեն ընդհանրապես հարկավոր չէ: Արյունոտ ցորենը հատուկ տեսարաններ սարքելու համար է:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ հայկական ցորենի բերքը տարեցտարի վատանում է:
- Ամեն ինչ գալիս է նրանից, որ մենք իշխանություն չունենք: Ունե՞նք իշխանություն, գուցե ունենք, ե՞ս չգիտեմ: Մենք ղեկավար ունե՞նք, կա՞ կառավարություն, ունե՞նք համապատասխան մասնագետներ: Կա՞ անվտանգության համակարգ: Այս ուղղությամբ որեւէ մասնագետ չի աշխատում: Գյուղատնտեսության նախարարության չլինելը դեռ մի կողմ դնենք, դա չարյաց փոքրագույնն է: Պատկերը խայտառակ է: Ընտրությունը վատի ու վատագույնի միջեւ է: Նախորդ կիսամյակ ցորենի վիճակը եղել է վատ, այս կիսամյակ` սարսափելի, ծայրահեղ վատ:
- Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը: Ինչպե՞ս բացառել վարակված եւ կասկածելի ցորենի կիրառումը Հայաստանում: Առաջ ինչպե՞ս էին լուծվում նման խնդիրները։
- Առողջ ցորենի խնդիր մենք չենք ունեցել: 99 տոկոս բարձր կարգի ցորեն Հայաստան է մտել Ռուսաստանի Դաշնությունից: Որպես ԵԱՏՄ երկիր, որպես ՀԱՊԿ անդամ ու բարեկամ երկիր՝ Հայաստանն ունեցել է այդ հնարավորությունները: Հիմա սրանք արտաքին քաղաքական վեկտորը փոխում են, ասում են` ցորենի տեղը թող գրող ուտեն, պետք եղած դեպքում եկեք այս հարցն էլ շրջանցենք: Խնդիրները շատ-շատ են: Նույնիսկ եթե այս պահի դրությամբ նույն ուղով ներկրվեր սերմացու ցորեն, այլ ոչ թե հացի, ես՝ որպես մասնագետ, խնդրելու էի մանրակրկիտ ստուգել լաբորատորիաներում: Կարանտին հիվանդություն կա, կան վնասատուներ: Չի բացառվում, որ ՌԴ-ից եկած ցորենը որոշ ժամանակ ղազախականի անվան տակ կիրառեն, մարդկանց թմրեցնեն, սակայն թե հետո ինչ որակի ցորեն կգա, դա կմնա գաղտնի: Այդ եղանակով կարող են մարդկանց սթափությունը նվազեցնել, սակայն այստեղ խնդիրը ոչ միայն մարդկային կյանքեր վտանգելու հարցն է, այլեւ` դաշտերի վարակման: Ոչ վաղ անցյալում` առաջին նախագահի տարիներին, Թուրքիայից Հայաստան ներմուծվեց վարակված կարտոֆիլ, որը մինչ օրս Արագածոտնի մարզում մեծ խնդիր է: Կարանտինը որոշ դաշտերում չեն կարողանում վերացնել, հողը բուժել: Ինչ վերաբերում է այս «շնորհակալություններին», «ցնծություններին», ապա այդ ամենի փոխարեն լավ կանեն՝ սերմացուի հարց լուծեն, վտանգները կանխեն, գարնանացանով ապահովեն, անտեղի ինչ-որ քայլեր են անում եւ մարդկանց հույզերի հետ են խաղում: 1000 տոննա այդ «աննախադեպ» ցորենի ներկրումը Հայաստանի համար մի քանի ժամվա խնդիր է լուծում, այն էլ՝ միայն սննդի համար, այլ ոչ թե անասնակերի եւ մյուս հարցերի: Մենք, այսինքն, ամեն օր պիտի լարված սպասենք, թե երբ ցորենը կգա, որտեղից եւ ինչ վիճակով: