Քաղաքականություն

Աննա Հակոբյանը մեր համաձայնության կարիքը չունի

Աննա Հակոբյանը մեր համաձայնության կարիքը չունի

Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ջանքերն իրենց ընտրողների կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամ ԿԳՄՍ փոխնարար Արթուր Մարտիրոսյանը բարձր է գնահատում, «Հրապարակ»-ի հետ զրույցում նա շեշտում է՝ նաեւ այս մեթոդով կարելի է կրթել։ Տեւական ժամանակ է արդեն Աննա Հակոբյանը «Կրթությունը նորաձեւ» է կարգախոսով հավաքներ է անում։ Իր շուրջը հավաքված իշխանության սրտի հանրային եւ քաղաքական գործիչներին համար նա գրքերից ինչ-որ տողեր է ընթերցում, մասնավորապես` Խորենացու «Ողբ»-ից։ Թե այդ հավաքույթներին ի՞նչ է քննարկվում, ով ինչ է խոսում եւ ինչ է բացատրում` ակտիվ ժեստիկուլյացիայով տիկին Հակոբյանը, պարզ չէ, քանի որ տեսանյութերը հրապարակվում են անձայն կամ երաժշտական ուղեկցումով եւ ոչ մի լրագրող դրանց չի մասնակցում։ 

ԿԳՄՍՆ փոխնախարարին հարցրեցինք` այնպես է ԿԳՄՍՆ-ն ձախողել կրթության ոլորտը, որ ստիպված Աննա Հակոբյա՞նն է  հասարակությանը կրթելու ծանր գործառույթն իր ուսերին վերցրել: Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Բացարձակ։ Եթե ընդհանուր տրամաբանության մեջ նայենք՝ բոլորս դեր ունենք, եւ շատ կարեւոր է, որ նման մակարդակով աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի կրթվելը դառնա նորաձեւ»։ Ինչի՞ մասին են այդ հանդիպումնները, ի՞նչ գիրք է դրված Աննա Հակոբյանի սեղանին, փոխնախարարը չգիտի` բանից անտեղյակ է, սակայն մինչեւ սրտի խորքը հիացած ողջունում է վարչապետի տիկնոջը։ 

«Ես որպես ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ առաջնորդվում ենք կառավարության ծրագրով։ Տիկին Հակոբյանի նախաձեռնությունը խիստ ողջունելի է, ես կողջունեմ նաեւ հանրային այլ աջակցություն, որպեսզի մեր երեխաները ավելի զարգանան եւ մոտիվացված լինեն»,-ասաց նա։ Դատելով Մարտիրոսյանի պատասխանից՝ պարզ է դառնում, որ նա առհասարակ չի հետեւում Աննա Հակոբյանի «Կրթությունը նորաձեւ» է արշավին, որովհետեւ, եթե գոնե մեկ անգամ նայեր, կհասկանար, որ հավաքներին ներկա են ավելի շատ պաշտոն զբաղեցնող միջինից բարձր տարիքի «անգրագետներ» եւ այդ հավաքներով հնարավոր չէ կրթել մարդկանց։ 

Արդյո՞ք Աննա Հակոբյանը կրթական իր ծրագիրը համաձայնեցնում է ԿԳՄՍՆ-ի հետ, Արթուր Մարտիրոսյանն ասաց՝ ոչ։ «Նման արշավներ իրականացնելու համար համաձայնեցման կարիք չկա։ Ես Ձեզ էլ կոչ կանեի, որ Դուք էլ նախաձեռնեք մի լավ արշավ, որով կնպաստենք դպրոցներում երեխաների ընթերցանության զարգացմանը։ Ժողովրդավար երկրներում լավ բան անելու համար շատ «okey» է, որ շատ կարեւոր դերակատարներ փորձեն իրենց հանրային վարկանիշն օգտագործել ի նպաստ հանրային բարօրրության»,-ասաց նա։ Բայց մի՞թե այդ հավաքները ընթերցանության քարոզ են, կամ` ուղղված են դպրոցականներին:

Այսինքն, կարծում եք, որ Աննա Հակոբյանի վարկանիշը բարձր է, «Իմ կարծիքով բարձր է», ասում է փոխնախարարը։ Մենք դեռ չէինք ավարտել մեր հարցերը, երբ ԿԳՄՍ փոխնախարարը հանկարծ զայրացավ. «Ես եկել եմ Ազգային ժողով այլ բանի համար, Դուք ինձ հետ չեք պայմանավորվել հարցազրույցի մասին, հիմա ամեն ինչից ուզում եք հարցեր տա՞լ, ժողովրդավարությունից եք հարցեր տալիս։ Ես կարծում եմ, որ մենք ժողովրդավար երկիր ենք, այո»,-զայրացած բացականչեց նա։ Իսկ ժողովրդավարական երկրներում պատգամավորների ինտիմ նամակագրությունը հրապարակո՞ւմ են, Արթուր Մարտիրոսյանը հրաժարվեց հայկական ժողովրդավարությունից խոսել. «Այդ հարցը կրթության, մշակույթի, երիտասարդության հետ կապ չունեցող հարց է։ Ես կարծում եմ, որ այս հարցն անտեղի եք ինձ տալիս»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image