ՊՆ-ն մի քանի օր է՝ հանրությանը կոչ է անում հեռախոսային խոսակցություններում եւ համացանցում տեղանքի, մարդկանց, առավել եւս՝ զինվորների քանակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չհաղորդել։ Եվ հանրությունը, մեծ հաշվով ու բարեբախտաբար, ականջալուր է լինում ՊՆ-ի հորդորներին։ Բայց, ահա, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, թեպետ Սահմանադրությունը մի քիչ այլ բան է ասում, ֆեյսբուքյան «լայվի» միջոցով, տրամադրությունը՝ բարձր, համենայնդեպս՝ դեմքին ժպիտ, մարտակոչով հանդես եկավ՝ հայտարարելով, որ նոր զորացրվածները պետք է գնան կենտրոնական զինվորական հավաքակայան եւ զինվորագրվեն՝ մեկնելու ռազմաճակատ։ Եվ այդ նույն «լայվի» ընթացքում մանրամասն նկարագրում էր՝ որտեղ է գտնվում կենտրոնական հավաքակայանը, խոսում էր զորացրվածների քանակի մասին եւ այլ ռազմավարական նշանակության տվյալներ հաղորդում։ Սա արդեն շատերի մոտ անհանգստություն է առաջացնում, թե արդյոք վարչապետի այս «լայվից» ու հաղորդած տվյալներից չի՞ օգտվի թշնամին, եւ արդյոք այլ քաղաքացիների կողմից նույն կարգի տվյալների հաղորդումը չէ՞ր դիտվի որպես թշնամուն օժանդակություն։ Փորձեցինք ԱԱԾ-ից ստանալ մեր հարցի պատասխանը, թե վարչապետի հայտարարություններն իրենց մեջ ազգային անվտանգության խնդիր պարունակո՞ւմ են։ Սակայն ԱԱԾ-ն, իր սովորության համաձայն, մեր հարցին որոշեց արձագանքել «ամենաօպերատիվ» տարբերակով՝ առաջարկեց հարցը գրավոր ձեւակերպել՝ կպատասխանեն։ Թե երբ՝ հայտնի չէ։
Նույն հարցն ուղղեցինք նաեւ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին, ով ամենաակտիվն է հորդորում՝ բաց կապով կամ հրապարակավ նման տվյալներ չհաղորդել։
- Վարչապետը «լայվով» կենտրոնական հավաքակայանի տեղի եւ ռազմական նշանակության այլ տվյալներ հաղորդեց, ուստի մեր ընթերցողներին հետաքրքրում է՝ այստեղ ռազմական եւ ազգային անվտանգության խնդիր չի՞ կարող առաջանալ։
- Վահե ջան, էդ հարցը պիտի ի՞նձ տայիք։
- Իսկ ո՞ւմ տամ, Դուք եք կոչ անում, որ մարդիկ եւ հատկապես լրատվամիջոցները, հրապարակավ նման տվյալներ չհայտարարեն։
- Գերագույն գլխավոր հրամանատարն ինչ որ հայտարարում է, ինքը գիտի՝ ինչ է հայտարարում։
- Այսինքն՝ ՊՆ-ի հետ համաձայնեցվա՞ծ էր դա, Դուք գիտեի՞ք, թե ինչ էր խոսելու, նորմա՞լ է այն, ինչ ասել է։
- Ես նորից եմ ասում՝ գլխավոր հրամանատարն ինչ որ հայտարարում է, գիտի՝ ինչ է հայտարարում։ Ես չեմ մեկնաբանում իր հայտարարությունները։
- Իսկ եթե գերագույն գլխավոր հրամանատարի փոխարեն, ինչպես Դուք եք ասում, նույն տվյալները ես կամ որեւէ մեկ ուրիշը հայտներ՝ ի լուր աշխարհի, խնդիր կառաջանա՞ր, թե՞ ոչ։
- Դե, դու եւ ինքը չեք կարող համեմատվել ոչ մի առումով։
- Բարեբախտաբար, չեմ կարող համեմատվել, ես ինֆորմացիոն առումով նկատի ունեմ։
- Ավելի բան մի ուզիր, էլի, ախպոր պես։