Քաղաքականություն

Երկու կողմերն էլ Արցախում կոշտացրել են իրենց պահվածքը

Երկու կողմերն էլ Արցախում կոշտացրել են իրենց պահվածքը

Արցախյան բարձրաստիճան պաշտոնյային խնդրեցինք նկարագրել իրավիճակն այս պահին։ Նա ասաց, որ թշնամին ագրեսիվ է եւ առաջ շարժվելու, Արցախը հայթափելու հստակ ծրագիր ունի, որը որոշել է ամեն գնով իրականացնել, սակայն փաստ է, որ հանդիպել է դիմադրության եւ նրա առաջընթացը կասեցված է։ Նիկոլ Փաշինյանի «հայելային» հետքաշման մասին վտանգավոր առաջարկի արդյունքում է թշնամին հայտնվել Փառուխում եւ Քարագլխի մի հատվածը գրավել։ Ի դեպ այսօր կառավարության նիստում սրա մասին խոսեց ու խոստովանեց նաեւ ՀՀ վարչապետը։ Հայելային հետքաշում է իրականացվել Արցախի Ասկերանի շրջանում եւ ադրբեջանցիներն արագ զբաղեցրել են մեր հետ քաշված դիրքերը։ Սրանում Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ռուսական զինուժին, որը մի կողմից արդարացի է՝ ռուսները բավարար չափով չեն հակազդում ադրբեջանցիներին, բայց մյուս կողմից՝ եթե դու ի վիճակի չես պաշտպանել քո հողը, ինչու պետք է ռուսը պաշտպանի եւ եթե ի վիճակի չես՝ ինչու ես անհեթեթ առաջարկներ անում, որոնց հետեւանքները չես հաշվարկել։

Փաշինյանն ասել է․ «Պիտի տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ եւ այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:  Մենք ցավով ենք արձանագրում սա եւ այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար»: 

Մինչ մենք ակնկալում ենք, դիմում ենք, խնդրում ենք, ադրբեջանցիներն ագրեսիվ եւ կոշտ եղանակներով փորձում են իրենց ծրագիրն ամեն գնով առաջ տանել։ Արցախցի պաշտոնյան շեշտում է, որ ադրբեջանցիները խուսափում են լայնամասշտաբ բախումից, հասկանալով, որ բախվելու են ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի, այլ Ռուսաստանի հետ, որն այս պահին, քանի դեռ պատերազմում է Ուկրաինայում, Կովկասում նոր ֆրոնտ չի ուզում բացել, բայց եթե ադրբեջանցիները չափն անցնեն՝ կբացի այդ ֆրոնտը։ 

Արդյունքում ստացվել է, որ այս պահին Փառուխը եւ Քարագլխի 30-ից 50 տոկոսը հայտնվել են թշնամու տնօրինության տակ եւ այնտեղ լավ ստրատեգիական դիրքեր է ստացել հակառակորդը, որը սկսել է խրամատներ փորել՝ դիրքավորվել, ճանապարհներ բացել եւ անգամ Փառուխի գերեզմաններն են վնասվել։ Բայց ծրագիրը կիսատ է մնացել, քանի որ ռուսները սկսել են կոշտացնել իրենց պահվածքը։ Նաեւ Արցախի ՊԲ ուժերն են կանգնել Քարագլխի՝ մեզ պատկանող հատվածներում, Խրամորթում, Նախիջեւանիկում, մյուս գյուղերում եւ գիշեր-ցերեկ հերթապահություն է իրականացվում։ 

Մեր զրուցակիցը շատ փոքր հույս ուներ, որ թշնամուն հնարավոր կլինի վերադարձնել ելման դիրքեր, բայց կարծում է, որ այլեւս թույլ չեն տա առաջ շարժվել։ Եւ մի դրական բան էլ նշեց այս ամենի մեջ՝ չնայած այս զրկանքներին ու վտանգներին, արցախցիները չեն արտագաղթում Արցախից։ Ովքեր պետք է գնային՝ այս տարիներին արդեն գնացել են, մնացել են նրանք, ովքեր այս հողի վրա ապրելու են եւ մեռնելու են։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image