Գնալով նոր թափ ու որակ է ստանում Կիրանցից Երեւան եկած` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Հասարակությունը լավ գիտակցում է, որ այս շարժումը միայն Տավուշի չորս գյուղերի հետ չէ կապված, այլ` ՀՀ պետականության եւ անվտանգության: Բագրատ սրբազանը կարողացավ իր շուրջը համախմբել հասարակական-քաղաքական ամենատարբեր, նույնիսկ իրար միջեւ քաղաքական հակասություններ ունեցող ուժերին` սկսած խիստ հակառուսական եւ ամերիկյան կողմնորոշում ունեցող ԱԺԲ-ից մինչեւ նախկին երեք նախագահներ:
Այնուամենայնիվ, հասարակության մեջ կա ռադիկալ տրամադրված մի հատված, որը շտապում է, շատ է շտապում՝ մտավախություն ունենալով, թե այս շարժումը եւս «կմաշեցվի»` նախորդ հինգ տարվա բոլոր շարժումների նման: Եվ 2020-ից առաջ տեղի ունեցան թե՛ տարբեր ընդդիմադիր շարժումներ, թե՛ առավել ուժեղ շարժումներ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Եղան բազմահազարանոց շարժումներ, որոնք ի վիճակի էին երկրում իրավիճակ փոխել` ճիշտ մարտավարության եւ ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Սակայն այդ շարժումները, իսկապես, «մաշվեցին», «մաշվեցին» երեւանյան փողոցներում «զբոսնելիս»: Թե ինչու՝ դժվար է ասել: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը դա արդարացնում է․ «Ուժներս չպատեց»: Ընդունենք, որ դա այդպես է: Սակայն արձանագրենք, որ այդ շարժումների անհաջողության պատճառներից է նաեւ ընդդիմության պառակտվածությունը. յուրաքանչյուրն ուզում էր ինքը վերցնել շարժման հաղթանակների դափնիները: Ու ստացվեց` ինչպես կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը...
Արդյունքում հասարակությունն ընկավ հիասթափության ու հուսահատության ճիրանների մեջ ու ... լռեց։ Կիրանցից ճանապարհ ընկած Բագրատ սրբազանը նոր հույսեր արթնացրեց հուսահատության ու հիասթափության մեջ հայտնված մարդկանց մոտ: Սակայն ոմանք հիմա էլ ընկան մյուս ծայրահեղության մեջ. ոմանց թվում էր, թե սրբազանի գլխավորությամբ շարժումը հասնելու է Երեւան ու անմիջապես կառավարության շենքից դուրս շպրտի Նիկոլ Փաշինյանին:
Բայց այդպես լինել չէր կարող: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ չկա այն հարցի պատասխանը, թե Փաշինյանին դուրս շպրտելուց հետո ով կամ ովքեր են մտնելու կառավարության շենք: Եթե չկա այդ հարցի պատասխանը, եւ չկան գոնե առաջնահերթ ծրագրեր, այդ իրավիճակը կհանգեցներ քաղաքական քաոսի, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ կշտապեր նստել վարչապետի աթոռին: Դա կհանգեցներ քաղաքական խառնաշփոթի: Սրբազանը գնում է քայլերի խելամիտ հերթականությամբ եւ հստակ գծով: Այլ հարց է, որ այդ քայլերը չեն բավարարում հասարակության խիստ ռադիկալ տրամադրված հատվածին: Մի մասն էլ ուզում է հանրահավաքներին սրբազանի շուրթերից լսել այնպիսի բառաֆոնդ, ինչպիսիք են` ծեփել, փռել, լիզել, ինչը բացառված է Բագրատ սրբազանի պարագայում: Այո, մարդիկ վախենում են, որ իրենց երկար չարչարանքից հետո նորից կուղարկվեն «տներով»: Աչքը տեսածից է վախենում: Սակայն արձանագրենք, որ սա նոր շարժում է, նոր որակի, նոր գաղափարների: Հիշենք, որ սրբազանը մինչ հոգեւորական դառնալը եղել է ԱԻՄ-ի` Հայաստանի անկախության գաղափարակիրը, անցել է քաղաքական լավ դպրոց: Ի վերջո, Բագրատ սրբազանը մեղավոր չէ նախորդ շարժումների ձախողումների համար: Ուստի տեղին չէ տրտնջալ, հուսահատվել ու հիասթափվել: