Ադրբեջանական հանրույթը մեծ ցնծության մեջ է Բերձորի եւ Աղավնոյի՝ Լաչինի միջանցքի հայաթափմամբ, օկուպացմամբ: Ադրբեջանական մեդիադաշտը ողողված է Ալիեւի փառաբանմամբ, քանի որ նա կարողացավ իրականություն դարձնել «հեքիաթը եւ օկուպացիայից ազատել ադրբեջանական հողերը», որոնք, ըստ ադրբեջանական հանրույթի մեջ տարածված համոզման, եղել են ադրբեջանական, սակայն .«1992 թ-ին թաքնվելով մարդասիրական նպատակների ետևում՝ ղարաբաղցի անջատողականները հայկական կանոնավոր բանակի հետ միասին, ինչպես նաև ռուսական ռազմական կազմավորումների աջակցությամբ, Շուշայի գրավումից անմիջապես հետո հասան Լաչինի շրջանի անեքսիայի»: Ադրբեջանցիները քաջ գիտակցում են, թե ինչ ռազմավարական կարեւոր նշանակություն է ունեցել Արցախի համար Լաչինի մարդասիրական միջանցքը: Ըստ ադրբեջանական մեդիայի.
«Լեռնային Ղարաբաղի անկլավը Հայաստանի հետ կապի միայն մեկ երթուղի ուներ՝ Ադրբեջանի սահմանամերձ Լաչին քաղաքով։ Հայաստանը ուղիղ միջանցք ստացավ դեպի Ղարաբաղի լեռնային հատված և սկսեց ազատորեն օգտագործել այս անցուղին՝ անջատողականների կանոնավոր ստորաբաժանումներին զենք, պաշարներ և զինամթերք հասցնելու համար»։ Ալիեւն ինքն է պնդում, որ Հայաստանի նախկին նախագահները ամեն ինչ արել են, որ Քարվաճառը եւ Լաչինը ադրբեջանականացնելու հեռանկար անգամ չծագի: Բոլոր բանակցություններում այս երկու շրջանը դիտարկվել է առանձին: Հայկական կողմի համար դա չքննարկվող հարց է եղել եւ հեքիաթ: Ու քանի որ Ալիեւի օրոք այն դառնում է իրականություն, ադրբեջանական մամուլը նրան հերոսացնում է.«Հայկական բանակը ջարդուփշուր անելով, ինչպես նաև ոչնչացնելով Հայաստանի ողջ ռազմական ենթակառուցվածքը, Իլհամ Ալիևը առաջ քաշեց Լաչինի վերադարձ: Անպատկերացնելի, հեռահար, առասպելական...
Ալիևը իրականություն դարձրեց հերթական հեքիաթը. Սա նրա հաղթանակն Է: Ալիևը Լաչինի մարտիկ է….
Ադրբեջանի նախագահը շտապում էր. Նա քաջ գիտակցում էր միջազգային առանց այն էլ անորոշ իրավիճակի անորոշությունը, նոր տարածաշրջանային համակարգի մարտահրավերների վտանգը, բուն Հայաստանում ռեւանշիստական ուժերի կողմից ներքաղաքական հաշվեհարդարի հավանականությունը։ Բառացիորեն մի քանի օր անց ազատագրող նախագահը հանդիսավոր կերպով կմտնի Լաչին քաղաք»։
Ինչպես տեսնում ենք, Ալիեւը անհանգստացած է Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ: Որքան էլ Փաշինյանը խաղաղություն է մուրում Ադրբեջանից եւ արժանապատվությունը կորցրած տան տղամարդու նման ադրբեջանցիներին առաջարկում է տուն մտնել ու դուրս գալ ոնց ուզում են, իսկ ինքը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը, ադրբեջանական թե իշխանությունների, թե հանրության մոտ նա հարգանք չի վայելում. ոխերիմ թշնամուն կարելի է ատել, պայքարել, ոչնչացնել, բայց ոչ՝ հարգել: Իսկ հարգում են արժանապատիվ պահվածքի համար: Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որն արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս մոռանում է արժանապատվության մասին: Ադրբեջանական մամուլը գրում է. «Այս միջնաբերդը ժամանակին հանձնվել է միջակ ֆրոնտիստ պանկերի կողմից Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի տապալումից անմիջապես հետո։ Սկզբում առանց կռվի կորցրեցին Շուշան, հետո, թողնելով զինտեխնիկան, փախան Լաչինից... 1992-ին Ադրբեջանը նման էր այսօրվա Հայաստանին, և ոչ միայն «մորուքով», թեև շատ բաներում մեղավոր էին փշոտ մորուքավոր իշխանությունները. և մնացածը՝ նույնպես»:
Փաշինյանի մասին ադրբեջանական մեդիան նաեւ գրում է. «Մանիպուլյացիայի և շահարկումների անվան տակ Հայաստանին, թեկուզև Ղարաբաղին, դատապարտեց կյանքի նոր դժվարությունների: Հանուն չբավարարված ամբիցիաների և մեկ քաղաքական գործչի վիրավորված «էգոյի»՝ հայերը ստիպված են լինելու Երևան կամ Էջմիածին հասնել գրունտային ճանապարհով»։