Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը շարունակվում է: Եկեղեցու դեմ գործիք են դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամները, որոնք «անապատում արձագանքի» նման տիրաժավորում են իրենց առաջնորդի ասածները:
«Հրապարակն» այս թեմայով զրուցել է «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի հետ:
- Եկեղեցու դեմ պայքարի խորքային նպատակը, ըստ Ձեզ, ո՞րն է:
- Եվրոպայում, Արեւմուտքում քրիստոնեությունը ոչնչացվել է` համարյա գոյություն չունի, դրա համար էլ այլասերվածությունը ծաղկում է այնտեղ, իսկ առանց հոգեւոր համակարգի՝ այլասերված մարդը մարդ կոչվելու իրավունք էլ չունի: Խնդիրը հետեւյալն է․ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն զրկել մարդկայնությունից, որովհետեւ հավատք ունեցող մարդը` իսկապես քրիստոնյա լինի, մուսուլման, բուդդայականություն դավանող, այսօրվա ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ պաշտոնական ընդդիմությանը չի ընդունի: Սա է խնդիրը՝ առանց հոգեւոր համակարգի ազգերը շատ հեշտ ստրկանում են, վերածվում են մի հոտի, ազգ կոչվելու իրավունքից են զրկվում, իրենց անցյալն են մոռանում: Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք մեր անցյալը, պատմությունը: Առանց պատմության, առանց արմատների, առանց հոգեւոր համակարգի ժողովրդին շատ հեշտ է կառավարելը, եւ ինչ ուզես, կանես նրա հետ: Ընդհանրապես, երրորդ հանրապետության իշխանավորներից որեւէ մեկի մասով չենք կարող ասել՝ ազգի նվիրյալ: Մեզ պարտադրվել են սահմանադրական ընտրական համակարգեր, ժողովրդավարություն ասվածը, որը բացարձակ խաբեություն է: Պարտադրվել է այս կարգը, եւ երբ օտարին հաջողվել է մեր երկրում ընտրել իրենց հարմար, հաճելի թեկնածուի, ընտրությունները ճանաչվել են դրական, չնայած բոլորս գիտենք, որ բացարձակ խախտումներով են արվել: Այնպես որ, եթե իրենց հարմար չէ թեկնածուն՝ ընտրությունները կեղծ են, եթե դա էլ չի օգնում՝ կվերացնեն ֆիզիկապես: Դա էլ ենք տեսել մեր երկրում: Համարյա եզակի մի դեպք է եղել, երբ ժողովուրդն իր ուզած իշխանությունը ձեւավորել է, ավարտվեց` գիտեք ինչով:
- Երեւի Հոկտեմբերի 27-ը նկատի ունեք:
- Այո, այո: Եվ ոչ միայն դա, մեր երկրում բազմաթիվ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել: Ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում, երրորդ փուլով են անցկացնում ընտրությունները` եթե առաջին, երկրորդ փուլերում իրենց ուզածը չի լինում, դատարանով զրկում են քվեարկելու իրավունքից: Նույն՝ այդ ժողովրդավարություն կոչվող աշխարհում՝ մեր աչքի առաջ է այս ամենը տեղի ունենում: Լավ է, վերջերս ժողովրդավարության դրոշակակիր երկիրը՝ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դա խաբեություն է, կեղծիք է, սուտ է, դրոշակակիրը հայտարարեց՝ իրենց առաջին դեմքերի շուրթերով:
- Իսկ այս հարվածները մինչեւ ո՞ւր են շարունակվելու:
- Ընդհանուր քաղաքականությունը պարզ է, դա նոր բան չէ եւ շարունակվելու է այնքան, մինչեւ մենք մեր ուզած հայ մարդու իշխանությունը չունենանք... մեր երկրում վերջին 35 տարում փաստացի հայ մարդ չի իշխել, պատահական չէ, որ բոլոր չորս իշխանությունն էլ Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչել: Սա ինձ համար վկայություններից մեկն է, որ բոլորն էլ համարյա նույն տեղից են կառավարվել՝ հակառակ դեպքում ո՞նց կարող էին նույն երկրի չորս ղեկավարներ չճանաչել իրենց հարազատ ժողովրդի մի մասի անկախությունը՝ հանրաքվեով, օրենքի սահմաններում անցկացված, ո՞նց կարող էին: Միայն մի դեպքում՝ եթե իրենք, ճիշտ է` տարբեր խողովակներով, բայց նույն տեղին են ծառայել, նույն մոտեցմանն են ծառայել: Եվ այդ չորսից ոչ մեկն էլ չի ուզեցել, որ Ղարաբաղն անկախանա, որովհետեւ իրենց այդպես էր թելադրվում: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Եվ դա նույն քաղաքականության շարունակությունն է, այդ ծրագրերը՝ պանթուրքական եւ այլն, դրանք 100, 150 տարվա ծրագրեր են, նոր բաներ չեն: Այն, որ Նժդեհը փրկեց Սյունիքը, այն ժամանակ նա դեմն առավ Թուրանի ստեղծման՝ 100 տարի առաջ, դրանով այս աշխարհամասը շատ մեծ պրոբլեմներից փրկեց: Հիմա էլ մեր վերջին պատերազմով մեր երիտասարդների հաղթանակի շնորհիվ կարողացանք դեմն առնել՝ Սյունիքը պահպանել եւ Թուրան ստեղծելու եւս մեկ փորձը խափանել: Եվ այդ փորձերը շարունակվելու են, ու ինչքան մեր երկրի ղեկավարը ոչ հայ լինի` ազգանունը կարող է «յան»-ով ավարտվել, բայց էությամբ հայկականությունը չկրող մարդ լինի, այնքան այդ վտանգները մեծանալու են: