Hraparak.am-ի տեղեկություններով` Գյումրու քաղաքապետարանի աշխատանքն այս օրերին որոշ առումով պարալիզացված է, անգամ ավագանու նիստը չկայացավ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` աշխատանքի չի ներկայանում Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որի աշխատանքը խիստ կարևոր է։ Բանն այն է, որ փոխքաղաքապետը գտնվում է տնային կալանքում եւ քրեական գործ կա հարուցված նրա նկատմամբ, ազատ է արձակվել 20մլն․ դրամ գրավի դիմաց։ Անցյալ շաբաթ Ջանոյանը ձերբակալվեց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ հարուցված գործի շրջանակում։ «Բալասանյան դաշինք»-ում անհանգստացած են վերջին օրերի ձերբակալություններով։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին քաղաքապետի թիմը փշերի վրա է։ Իշխանությունը լծվել է գործի, իրագործում է վաղեմի պլանը՝ ամեն գնով զավթել Գյումրին։ Այն որ իշխանությունը արդար դատաստանի տենչով է տարված եւ ձերբակալություններն էլ օրինական են, խիստ կասկածելի է։
«Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից արդարադատության իրականացմանը, ես բավականին խորը կասկածներ ունեմ, միայն այն առումով, որ մամուլում գրեթե ամեն օր հանդիպում ենք բազմաթիվ դեպքերի, որոնք կապված են գործ կարելու , քաղաքական հետապնդումների , ընդդիմադիր հայացքների հետ։Այսօր ականատեսն ենք բազմաթիվ քաղբանտարկյալների, քաղաքական ճնշումների , եւ խոսել իշխանությունների կողմից արդարադատություն իրականացնելու մասին, մեղմ ասած, անհավատալի է»,-hraparak.am- ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը՝ նշելով, որ նախկին քաղաքապետի որդու նկատմամբ հարուցված գործի շուրջ հանրային հետաքրքրությունը, հատկապես Գումրիում մեծ է։«Հուսով ենք, որ ոչ թե քաղաքական, այլ իրական արդարադատություն կիրականացնեն, կպարզվեն գործի մանրամասները, որովհետև մենք էլ ենք շահագրգռված, որ օրենքը գերակայի, արդարություն լինի»,-ասաց ավագանու անդամը ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին՝ Գյումրու պատմական «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու համար։ Վերջինս նույնպես 70 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այդ գործի շրջանակում ձերբակալել էին նաև նախկին փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանին՝ Բալասանյանի քրոջ ամուսնուն։ Սանոյանին ևս ազատ են արձակել՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով։ Ի դեպ, Խաչատուր Բալասանյանը իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում ։
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշվում է․
«Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Միսակի Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` «Գյումրի-գարեջուր» ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերի պատասխանատու Խաչատուր Սամվելի Բալասանյանի և Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Սեպուհի Ջանոյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող 1հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերի 1-ին Ս. Ջանոյանի և Խ. Բալասանյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին` օտարման գին նշելով 4.900.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք: Բացի այդ, Ս.Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` Խ. Բալասանյանի և Սիրական Մկոյանի նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող 0,31049 հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 6-ին Խ. Բալասանյանի և Ս. Մկոյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին՝ օտարման գին նշելով 16.000.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք թաքցնելով գույքի իրական բնույթը»: