Քաղաքականություն

Պե՞տք է արձագանքել պատրիարքի քայլին, թե՞ դա «залп в никуда» շարքից էր 

Պե՞տք է արձագանքել պատրիարքի քայլին, թե՞ դա «залп в никуда» շարքից էր 

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի փոխնախագահին, Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում: Շքանշանը հանձնվել է ռուս ուղղափառ եկեղեցուն օգնելու և Աստրախան քաղաքը բարեկարգելու համար: 

Պատրիարք Կիրիլի այս քայլը բավականին ցավոտ ընկալվեց հայ հանրության շրջանում: Համացանցի հայկական տիրույթում բուռն քննարկումներ են ծավալվել, քննադատում եւ խարազանում են ռուսիո պատրիարքին: Աստվածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ բոլորն իրենց շահերն ունեն՝ լինի դա Հռոմի Պապը, թե` ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ կամ որևէ այլ բարձրաստիճան հոգևոր գործիչ: «Յուրաքանչյուրն ունի որոշակի շահեր, որոնք անհրաժեշտ է, որ սպասարկվեն: Եվ այդ առումով էական տեղ է զբաղեցնում Ադրբեջանը ներկա ռուս քաղաքականության մեջ՝ որպես հնարավոր պլացդարմ ունենալը: Պլացդարմ տարբեր պատճառներով, չմոռանանք, որ Ադրբեջանն ինչքան Ալիևի ձեռքում է, այնքան էլ Ալիևայի ձեռքերում է, որովհետև Մեհրիբանի ընտանիքը ավել հզոր է: Չմոռանանք, որ Ալիևը ամուսնացել է նրա հետ իր հոր պահանջով, ինչը պայմանավորած էր այն ժամանակ որոշակի հաշվարկներով»,-ասաց Խաչատրյանը: 

Փաշաևների կլանը, որից սերում է Մեհրիբանը, արտաքին կապերով ավելի զորեղ է եղել, քան Ալիևները, և Արդբեջանը որպես այդպիսին ներկայիս Ռուսաստանի համար այնպիսի պլացդարմ է, որն անհրաժեշտ է որոշակիորեն հեռացնել Թուրքիայից: «Թուրքիան հակառուսական այնպիսի գործողություններ է իրականացնում, և Ռուսաստանն էլ մտածում է, որ համանման գործողությունների առավել ծանր տարբերակը կարող է լինել, եթե Ադրբեջանը անի, որովհետև Ադրբեջանը որոշակի քայլեր արել է այդ ուղղությամբ: Եթե հիշում եք` այդ ինքնաթիռի ընկնելը, դրա հետ կապված սկանդալային հայտարարությունները հենց Ալիևի կողմից, և այլն, և այլն, այդ ամենը, ըստ էության, Ռուսաստանի համար կարող է պրոբլեմների առիթ դառնալ, ինչից ելնելով որոշակի մեղմացման տարբերակը լինելու է դա»,-ասաց աստվածաբանը: 

Այս քայլը` պարգեւատրումը զուտ քաղաքակա՞ն բնույթ է կրում, Խաչատրյանն ասաց, որ դժվար է պատկերացնել, որ դա կրոնական հաշվարկի տակ է արվել: Այդ տեսակետից այս քայլը հուշում է, որ սա քաղաքական հաշվարկի շարունակություն է: «Բոլորս հասկանում ենք, որ Աբխազիայի դեպքերը պայմանավորված էին Թուրքիայի ազդեցությամբ, Թուրքիան խորությամբ Աբխազիա է մտել և Ռուսաստանն այնտեղ ստիպված էր ռազմաճակատից ուժեր հանել և տեղափոխել Աբխազիա՝ կասեցնելու համար այնտեղ վերահաս շատ մեծ վտանգը իր հարավում: Մյուս կողմից` Նախիջևան, Թուրքիա և Մեծ Թուրանի մարմաջ, որը ոչ մի կերպ չի մարում: Հատկապես կոնսոլիդացված Արևմուտքի երկրների համար դա ամենակոնստանտ ծրագիրն է, ինչպես կարելի է ֆիքսել նրա պահպանման դինամիկայից: Ինչ-ինչ, բայց այդ գիծը շարունակում է ոչ միայն ապրել, այլև ֆինանսավորվել: Նպաստում են դրան բոլոր հնարավոր տարբերակներով: Մեզ համար էլ անհրաժեշտ է ունենալ կոնտր ֆորս, այսինքն հակակշիռ դրան»,- նշեց վերջինս: 

Հայկական կողմը պե՞տք է արձագանքի այս պարգեւատրմանը, կրոնագետը պատասխանեց, որ դա պետք է արվի ոչ հրապարակային տիրույթում, որպեսզի չվերածվի փոխադարձ արգումենտների ներկայացման: Որովհետև այդ պարագայում ոչ մի ազդեցություն չի ունենա: «Ռուս ուղղափառ եկեղեցին ծանրակշիռ կողմ է ու չեմ կարծում, որ մենք պետք է իրենց հետ ինչ-որ բարդություններ ձգտենք ունենալ, քանի որ որպես դաշնակից իրենց ու վրացիներին ենք պատկերացնում: Չէի ասի, որ վերջնականապես նվիրված դաշնակիցներ են և իրենց շահերից դուրս կարող են ինչ-որ բան անել մեզ համար, դա այդպես չի: Ուղղակի այնտեղ, որտեղ մեր շահերը միասնական են, այդ ոլորտում փորձել հեռանկարն իրականացնել: Կարծում եմ, որ չարժի իրավիճակը լարել, որովհետև ռուսերեն մի խոսք կա՝ залп в никуда»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image