Հասարակություն

«Հրապարակ». 6-ամյա տղայի մահվան պատճառը պատկան մարմիններն են 

«Հրապարակ». 6-ամյա տղայի մահվան պատճառը պատկան մարմիններն են 

Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասի 8-րդ շենքի դիմացի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ էր եկել 6-ամյա երեխայի գլխին։ Նույն օրը, ժամը 16․49-ին «Ուիգմոր» ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «գանգի հիմքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2019թ․ ծնված Բյուրեղավանի բնակիչ։ Հոկտեմբերի 12-ին տղան «Ուիգմոր» ԲԿ-ում մահացել է:

Հոկտեմբերի 27-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին․ «1․Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Դեպքից վեց օր անց արցախցի երեխան հիվանդանոցում մահացել է։ Այդ ցավալի դեպքի առթիվ համայնքապետարանի որեւէ պաշտոնյա պատասխանատվության ենթարկվե՞լ է, եթե` այո, ապա ո՞վ, ի՞նչ ձեւով։ 2․ Արցախցի այդ երեխայի ընտանիքը Բյուրեղավանում սեփական բնակարանո՞ւմ, թե՞ վարձով է բնակվում։ Երեխայի մահվան դեպքի կապակցությամբ Բյուրեղավանի համայնքապետարանն արցախցի երեխայի ընտանիքին որքա՞ն դրամական աջակցություն է ցուցաբերել։ 3․ Բյուրեղավան համայնքում քանի՞ խաղահրապարակ կա, դրանցում տեղադրված մետաղական կոնստրուկցիաները վերջին անգամ ե՞րբ են մասնագիտական ստուգման ենթարկվել, ի՞նչ են պարզել այդ ստուգումները։ 4․ 2025թ․ հոկտեմբերի 27-ի դրությամբ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատողները համայնքի բյուջեից ընդհանուր որքա՞ն գումարով են պարգեւատրվել»։ 

Երկար ժամանակ Բյուրեղավանի համայնքապետարանը չէր պատասխանում հարցմանը։ Ստիպված եղա զանգահարել Բյուրեղավանի համայնքապետարան, հիշեցնել հարցումիս մասին։ 

Դեկտեմբերի 11-ին ստացել եմ հետեւյալ պատասխանը․ «Ձեզ է տրամադրվում անհրաժեշտ տեղեկատվությունը. 1. 2025 թվականի հոկտեմբերի 6-ի դեպքի հետ կապված հարուցվել է քրեական վարույթ, արդյունքները կքննարկվեն նաեւ համայնքապետարանում: 2. Երեխայի հայրը մեզ խնդրել է դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներին նյութեր չտրամադրել։ 3. Բյուրեղավան համայնքում կա 22 խաղահրապարակ: Կարուսելների վիճակը պարբերաբար ստուգվում է։ 4. Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատողները 2025 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ համայնքի բյուջեից ստացել են 1 3091,4 հազար դրամ պարգեւատրում»։ 

Սակայն պարզվում է՝ Բյուրեղավանի համայնքապետարանի պատասխանի մեջ շատ բան չի համապատասխանում իրականությանը։ Հեռախոսազրույց ունեցա մահացած 6-ամյա տղայի՝ Արայիկ Սարգսյանի մոր՝ Աքսանա Ասրյանի հետ։ Արայիկը 2023-ին Արցախից բռնագաղթած, Բյուրեղավանում բնակարան ունեցող ընտանիքի կրտսեր՝ 3-րդ տղան էր։ Տիկին Աքսանան հայտնեց, որ իր ամուսինը Բյուրեղավանի համայնքապետարանին չի խնդրել դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկություններ չտալ, նոյեմբերի 9-ին Բյուրեղավանի համայնքապետարանից իրենց հայտնել են, որ լրագրողից՝ ինձնից նամակ են ստացել, որի պատասխանը կտրամադրեն նաեւ իրենց ընտանիքին։ Սակայն դա չեն արել։ Ես տիկին Աքսանային հայտնեցի համայնքապետարանի պատասխանի բովանդակությունը։ Աքսանա Ասրյանի խոսքերով՝ համայնքապետարանից հայտնել են, որ այդ  խաղահրապարակը չի եղել Բյուրեղավանի համայնքապետարանի հաշվեկշռում։ Համայնքապետարանն ինձ հայտնել է, որ կարուսելների վիճակը պարբերաբար ստուգվում է, խաղահրապարակի չարաբաստիկ մետաղյա կոնստրուկցիան նույնպես պարբերաբար ստուգվել է․ ինչպե՞ս է դա արվել, եթե այդ խաղահրապարակը քաղաքապետարանի հաշվեկշռում չի եղել։ Տիկին Աքսանան տարակուսեց, որ շուրջ 30 տարի առաջ կառուցված, բազմահարկ 12 շենքերի առաջ, այդ շենքերի հետ կառուցված խաղահրապարակն ինչպես կարող էր անցած 30 տարում չհաշվառվել համայնքապետարանի հաշվեկշռում։ Աքսանա Ասրյանն ասաց, որ այս տարի նույն խաղահրապարակում վնասվածք ստացած, ճակատի ոսկորը վնասված մեկ այլ  երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» ԲԿ, դրանից առաջ էլ  նույն խաղահրապարակում այլ երեխա է վնասվածք ստացել։ Տիկին Աքսանայի խոսքերով՝ հոկտեմբերի 6-ի դժբախտ դեպքից հետո համայնքապետարանի աշխատակիցները խաղահրապարակը քանդել, դրա մասերը թափել են Բյուրեղավանի եկեղեցու հարակից տարածքում։ Նա պատմեց, որ երբ իր տղան գտնվել է հիվանդանոցում, համայնքապետարանից եկել են, ասել՝ ինչո՞վ օգնենք, իրենք էլ պատասխանել են, որ օգնելու հարկ չկա։ Երբ տղայի գերեզմանի տարածքը բարեկարգելիս են եղել, համայնքապետարանը գերեզմանի մոտ փոքր բարձրության ցեմենտից հարթություն է սարքել։ Սակայն երբ տղայի հայրը՝ Դավիթ Սարգսյանը, որդու գերեզմանի համար գերեզմանաքարի պատվեր է տվել, Բյուրեղավանի համայնքապետի տեղակալը հայտնել է, որ համայնքապետարանն այդ գործում 200 հազար դրամից ավել չի կարող օգնել, ընտանիքը հրաժարվել է այդ օգնությունից։ Դա՝ այն դեպքում, որ համայնքապետարանի անգործությունն է եղել այդ դժբախտ դեպքի՝ Արայիկ Սարգսյանի մահվան պատճառը։ Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնյաներն էլ համայնքի բյուջեից ճոխ պարգեւատրվում են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image