Հասարակություն

Իբրեւ թե Եվրոպայից հետ չենք մնում

Իբրեւ թե Եվրոպայից հետ չենք մնում

Երևանի մետրոյի կայարաններում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով: Այս նորամուծությունը դժգոհության տեղիք է տվել, համացանցում գրառումներ կան, թե` «ինչու եք մարդկանց կյանքը բարդացնում»: Նախ` հատկապես տարեցներն են դժվարանում օգտվել էլեկտրոնային համակարգից: Բացի այդ` հերթեր են առաջանում եւ պիկ ժամերին կուտակումներ տոմս գնելու համար: Եւ մի խնդիր էլ կա` ժետոն վաճառողները մարդիկ էին, որոնք փոքր աշխատավարձով, բայց աշխատանք ունեին, հիմա նրանք գործազուրկ են դառնալու:

Մեզ ասացին, որ մետրոպոլիտենում նոր վճարային համակարգը սպասարկող «Թել-Սել» ՓԲԸ-ն աշխատակիցներ է տրամադրել, որոնք մետրոյի կայարաններում համապատասխան սարքավորումների մոտ մետրոյից օգտվողներին ցույց են տալիս քայլերի հաջորդականությունը։ 

Երևանի Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ ճակատագրի են արժանանալու ժետոն վաճառողները, նրանց հաստիքները կրճատվելո՞ւ են: Պարզվեց` նրանք դեռեւս աշխատում են, բայց ժամանակի ընթացքում այս հաստիքները կվերանան.

«Ժետոն վաճառողները կան, անցակետները տեղադրված են առանձին, տևական ժամանակ կգործի նաև ժետոնային համակարգը: Իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ են արվում, որպեսզի հանրությունը կարողանա նաև QR կոդի հավելվածով, «Թել-Սել» համակարգից օգտվել: Հետագայում էլ ամեն դեպքում ժետոն վաճառող գանձապահները կլինեն: Տարեց մարդիկ` տատիկ-պապիկները դժվարությամբ են ընտելանում նորագույն տեխնոլոգիաներին, այնպես որ տևական ժամանակ հաստատ մետրոպոլիտենի գանձապահները կաշխատեն», - նշեց նա:

Նկատենք, որ անգամ արեւմտյան առաջադեմ երկրներում, որտեղ ամեն ինչ թվայնացված է եւ ամենուրեք էլեկտրոնային տոմսեր են վաճառվում, օնլայն սպասարկում է իրականացվում, երկաթուղային կայարաններում կամ մետրոներում կան նաեւ կենդանի մարդիկ, որոնք սպասարկում են թվայնացված ծառայություններից օգտվելու հարցերում դժվարություններ ունեցողներին: Իսկ որ երկրներում այդ մասին չեն հոգացել, անպայման նման ապարատների մոտ հայտնվում են իրենց ծառայություններն առաջարկող անհատ «բիզնեսմեններ», որոնք փոքր գումարի դիմաց օգնում են մարդկանց` տոմս գնել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image