2025թ․ մարտից Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, քաղաքի եւ նույն համայնքի ավելի քան 200 աշխատող զրկվել են հանապազօրյա եկամտից։ 2018թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի ձեռնոցի գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ։ Ծնունդով Արծվաբերդ գյուղից, Ռուսաստանում գործարարությամբ զբաղվող Սուրեն Երիցյանը, բացի Բերդ քաղաքից, ձեռնոցի գործարաններ է ստեղծել, գործարկել Բերդ համայնքի սահմանամերձ Արծվաբերդ, Մովսես, Չորաթան, Պառավաքար գյուղերում։ Սակայն ընկերության Բերդի, Արծվաբերդի, Մովսեսի գործարանները չեն գործում։ Լրատվամիջոցները նախկինում նշում էին, որ այդ գործարանների աշխատանքով Բերդի սահմանագոտում 1500 աշխատատեղ է ստեղծվել։
2025թ․ նոյեմբերի 19-ին զանգահարեցի Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին։
Նա ասաց, որ տեղի ձեռնոցի գործարանը կսկսի աշխատել, խնդիրների լուծումն ընթացքի մեջ է, սակայն գործարանի վերագործարկման որոշակի ժամկետ չնշեց։ Ոչինչ չասաց նաեւ գործարանի չաշխատելու պատճառների մասին։ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի ձեռնոցի գործարաններում բանվորներն աշխատում են օրական 12 ժամ՝ 20-30 րոպե ընդմիջումով, գիշերային հերթափոխի աշխատողները հավելյալ չեն վարձատրվում, աշխատավարձը բարձր չէ։ Բայց սահմանագոտու բնակիչները հարկադրված համաձայնում են այդ պայմաններին, որովհետեւ չհամաձայնելու այլընտրանքը գործազրկությունն է։
2026թ․ փետրվարի 12-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը որոշել է Բերդի Տավուշեցու փողոց, 2 հասցեում գտնվող, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 1320.34 քմ ընդհանուր մակերեսով արտաքին չափերով եւ 1265.81 քմ ընդհանուր մակերեսով ներքին չափերով շինությունները ճանաչել օրինական, այդ թվում՝ արտադրական նշանակության շինություններ՝ պահակատուն, կաթսայատուն, ծածկ եւ պահեստներ, որի դիմաց «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն տեղական բյուջե պետք է մուծի 2 միլիոն 816 հազար 216 ՀՀ դրամ՝ պահակատան, կաթսայատան, ծածկի եւ պահեստների համար: Նույն օրը Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը մեկ այլ որոշում է ընդունել, որով Բերդ համայնքի Չորաթան գյուղի 3-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 48.55 քմ մակերեսով արտաքին չափերով եւ 45.56 քմ մակերեսով ներքին չափերով շինությունը ճանաչել է օրինական՝ որպես արտադրական նշանակության շինություն՝ պահեստ, պարտավորեցրել է «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ին՝ տեղական բյուջե մուծել 39 հազար 35 դրամ։
Փետրվարի 20-ին զանգահարեցի Միքայել Եզեկյանին, որը հայտնեց, որ շուրջ 10 տարի զբաղեցնելով «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը՝ 2025-ի նոյեմբերին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է, որովհետեւ աշխատանքի ավելի լավ առաջարկ է ունեցել, որն ընդունել է: Մ․ Եզեկյանին հարցրի՝ ճի՞շտ է, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի ձեռնոցի գործարանների աշխատողները կենսաթոշակի անցնելիս խնդիրներ են ունենում, քանի որ ընկերության տնօրինությունը չի վճարել աշխատակիցների սոցիալական վճարները։ Մ․ Եզեկյանն ասաց, որ նման բան չկա։
Բերդի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության, գյուղատնտեսության, անշարծ գույքի կառավարման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը ճիշտ է համարում, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության ապօրինի կառույցներն օրինականացվում են, մտնում են հարկային դաշտ։ Նա հավելեց, որ, օրինականացնելուց զատ, համայնքապետարանի կողմից տույժ է նախատեսված «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից Բերդ քաղաքի Տավուշեցու փողոցում ինքնակամ շինարարության համար։ Հավելեմ, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի ձեռնոցի գործարանների նոր տնօրեն է նշանակվել Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Հրաչ Օհանյանը, որը նախկինում նույն ընկերության Արծվաբերդի ձեռնոցի գործարանը ղեկավարելու անհաջող փորձ ունի։