Ամառը մեր գյուղացիների համար լավ սկսվեց, ծառերը ծիրանի առատությունից ճկվում էին, բայց հունիսյան կարկուտները, անձրեւներն ու քամիները հարամեցին բերքահավաքը: Կարկուտներից եւ ուժգին հողմերից հատկապես տուժել են Արմավիրի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերը, Արարատի գյուղերը, Ապարանը, Տավուշում Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Դովեղ բնակավայրերը։ Ուժեղ քամին պոկել է տանիքները, ավտոմեքենաներ է շարքից հանել, վնասվել են տանիքներ եւ գույք։ Հունիսի 15-ին Ապարան քաղաքում եւ Լուսագյուղում ցունամիի ուժգնության քամին նույնիսկ ծառեր է տապալել, 4 ապարանցի մարմնական վնասվածք են ստացել: Վանաձորով, Գյումրիով հորդառատ անձրեւներ ու փոթորիկներ են անցել:
«Բնական աղետի հետեւանքով զգալի վնաս է հասցվել ծիրանի, խաղողի, բոստանային եւ այլ մշակաբույսերի այգիներին ու ցանքատարածություններին։
Հանձնարարվել է համայնքային եւ մարզային պատկան ստորաբաժանումներին՝ անհապաղ իրականացնել վնասների նախնական գնահատում եւ կազմել համապատասխան փաստաթղթեր՝ հետագա ընթացակարգերի կազմակերպման նպատակով»,- հաղորդում է Արմավիրի մարզպետարանը։
Բայց փաստաթղթեր կազմելը դեռ չի նշանակում, որ փոխհատուցում լինելու է: Անցյալ տարի էլ Արմավիրում կարկուտ եկավ, բերք փչացավ, օրինակ՝ Արգինա համայնքում: «Փաստաթղթեր կազմեցինք, վնասը հաշվեցինք, ներկայացրինք, բայց փոխհատուցում չեղավ»,- «Հրապարակի» հարցերին ի պատասխան՝ ասում է Արգինայի վարչական ղեկավար Ռոստամ Արոյանը:
Երեկ էլ գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել: «Մինչեւ այս կարկուտը՝ մայիսի 13-ին, հունիսի 15-ին էլ էին կարկուտներ եղել տարածքում, ծիրանն ամբողջը տարել էր: Մինչեւ այս վերջին կարկուտը մենք ապրանքային տեսքի ծիրան արդեն չունեինք, կարելի է ասել: Արդեն հաց-հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներն էլ են վնասվել: Մեր բնակավայրն ունի մոտ 230 հեկտար ծիրանի այգի: Գույքագրում ենք, ցուցակներ ենք հանել, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասում է նա եւ նշում, որ ապահովագրական կազմակերպություններն արդեն երկու տարի է՝ չեն գալիս Արգինա: Ռիսկերը բարձր են: «Նրանք չեն ցանկանում մեր տարածքում իրենց գործունեությունը ծավալել, որովհետեւ ռիսկերը մեծ են, բայց 2021, 2022, 2023 թվականներին աշխատել են»,- ասում է վարչական ղեկավարը:
Շենիկ բնակավայրում բերքահավաքը նոր էր սկսվել: Հունիսի 30-ի կարկուտն ու քամիներն ամբողջությամբ սրբեցին-տարան բերքը: «100 տոկոսով վնաս ենք կրել: Շենիկով, Քարակերտով, Դալարիկով անցել է կարկուտը։ Որ տարածքով որ անցել է, բերք էլ չկա»,- հաղորդում են Շենիկից: Մարզպետարանի ներկայացուցիչները եկել-լսել են գյուղացիներին, առայժմ ոչինչ չեն խոստացել:
Տավուշի մարզի գյուղերում եւս վնաս են հաշվում: Կողբում հունիսի կեսերի տեղումներն ու քամիները այգիներն են վնասել, ասբեստից տանիքներ են ծակել, փչացրել, ավտոմեքենաներ են վնասել: Վարչական ղեկավար Արարատ Թամազյանն ասում է, որ դեռ չեն վերլուծել, թե որքան վնաս են կրել: «Մարդիկ եկել են, դիմել են, կվերլուծենք՝ կարկուտ է, տվել է՝ ավտոներ, տանիքներ է ջարդել: Նոր է եղել, փորձում ենք ինչ-որ լուծում տանք»,- ասում է Թամազյանը: Լուծումն էլ սեփական միջոցներով նորոգումներն են:
Դովեղում 7 մեքենա է վնասվել, բոստաններն ամբողջությամբ վնասվել են: Վարչական ղեկավար Գնել Կիրակոսյանն ասում է, որ հաշվետվությունը մարզպետարան են ուղարկել: «Կարկուտ է եղել, վնասները մեծ են, դե պատկերացրեք, որ մեքենաները ջարդվել են»,- նշում է նա:
Վարչական շրջանների ղեկավարները դժկամությամբ էին խոսում, կարծես չէին ցանկանում ցույց տալ, որ դժգոհ են, անգամ փոխհատուցում չէին պահանջում պետությունից։ «Մենք ներկայացրել ենք մարզպետարան, իրենք պետք է որոշեն վնասի չափը»,- ասում է Գնել Կիրակոսյանը:
Զանգահարեցինք Ալավերդու բնակիչներին: Տեղեկացանք, որ Ալավերդու համայնքապետարանը վերջին կարկուտներից տուժածներին փոխհատուցման կարգով վառելիք եւ պարարտանյութ է հատկացրել եւ ոմանց՝ գումարային փոխհատուցում: «Բայց շատ քիչ, ծիծաղելի գումար»,- ասաց մեր զրուցակիցը:
Նախարարություններն առայժմ չունեն տուժած բնակավայրերի ամբողջական ցանկը: «Վնասները գույքագրվում են, ցանկն էկոնոմիկայի նախարարությունից ճշտեք»,- հորդորում են ՏԿԵՆ-ից: Էկոնոմիկայի նախարարությունը եւս այս պահի դրությամբ բնական աղետներից տուժած բնակավայրերի ո՛չ ցանկն ունի, ո՛չ էլ փոխհատուցման չափը: «Հիմա մենք դեռ վերջնական ցանկ չունենք, որովհետեւ տվյալները պարբերաբար փոխվում են: Երեկ, օրինակ, կարկուտ եղավ մի շարք համայնքներում: Վերջին շրջանում կարկուտից տուժած քաղաքացիների տվյալները ձեւավորված աշխատանքային խմբերը հավաքագրում են, վնասի չափի գնահատում են անում, հանձնաժողովներում քննարկումներ են տեղի ունենում, տվյալները հավաքագրելուց ու ամփոփելուց հետո կներկայացվեն արդեն նախարարություններին, ու եթե բոլոր տվյալները ճշգրիտ լինեն, փոխհատուցման հարցը կքննարկվի»,- հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Արտակարգ իրավիճակների պատճառած վնասի գնահատման եւ փոխհատուցման հարցերում կառավարությունը մինչ օրս առաջնորդվում է 2011 թվականի նոյեմբերի 11-ի N 1582-Ն որոշմամբ, որը սահմանում է, որ վնասի գնահատումն իրականացնում են մարզպետների կողմից ու համայնքների ղեկավարների որոշումներով ստեղծված հանձնաժողովները: Մեխանիզմը բարդ է, օպերատիվությունը՝ զրո:
Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանին հարցրինք, թե որպես երկար տարիների համայնքապետ՝ հիշո՞ւմ է, արդյոք, թե իր ղեկավարման տարիներին քանի անգամ են փոխհատուցումներ տվել գյուղացիներին: Նա հիշեց միայն 2015 թվականի փոխհատուցումը: «Կառավարության կողմից, մեծ հաշվով, չեն եղել փոխհատուցումներ: Երեւի 23 թվականին էլի կարկուտ եղավ, էլի մեծ վնասներ կրեցինք, հանձնաժողով ձեւավորվեց, բայց փոխհատուցում չտրամադրվեց: Գյուղատնտեսությունը ռիսկային է, կառավարության կողմից ուշադրություն չի դարձվում, ապահովագրություն վաղուց չի արվում: Նախկինում ապահովագրում էին որոշ ոլորտներ, հետո զարմանալի կերպով դա վերացրին: Այո, ապահովագրությունը ռիսկ է, բայց կառավարությունը պետք է դրան ուշադրություն դարձնի, պլան մշակի ու փրկի գյուղատնտեսությունն այս վիճակից»: