«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքագետ, արեւելագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փորձագետ Կարինե Գեւորգյանն է:
- Իրանի շուրջ լարվածությունը մեծանում է, Թրամփն ընդհուպ սպառնացել է հարվածել Թեհրանին: Խնդրում եմ գնահատել Վաշինգտոն-Թեհրան լարվածությամբ պայմանավորված իրավիճակը եւ հնարավոր էսկալացիայի հավանականությունը:
- Իրանի շուրջ իրավիճակը, իմ կարծիքով, առայժմ միայն ծխածածկույթ է: Կարծում եմ՝ Թրամփն ամբողջությամբ չի վերահսկում, կամ հարց է՝ վերահսկո՞ւմ է արդյոք ուժային կառույցներն ու Պենտագոնը: Այնպես որ, Իրանի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ իբրեւ «իրականացնողի էքսցես» (իրավական տերմին է, որը նշանակում է անձի կողմից հանցագործության կատարումը, որը կապված չէ այլ հանցակիցների դիտավորության հետ՝ խմբ․) դրոշի ներքո, իբրեւ թե դա Թրամփն է իրականացրել, իսկ նրան այլ ելք չի մնա, քան համաձայնել դրա հետ: Իրականում Թրամփը կատեգորիկ հետաքրքրված չէ դրանում, նաեւ այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան, Օմանը, ԱՄԷ-ն, Քաթարը կատեգորիկ դեմ են այդ օպերացիային, որովհետեւ Իրանն անմիջապես կփակի Օրմուզի նեղուցը, իսկ դա այս երկրների համար աղետ կլինի, որովհետեւ իրենց ածխաջրածնի հիմնական մասը նրանք ուղարկում են Օրմուզի նեղուցով: Իրանն ամրապնդել է Օրմուզի նեղուցում իր դիրքերը, նույնը վերաբերում է նաեւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցին, որտեղ հուսիներն են, որոնց, ճիշտ է, ամերիկաբրիտանական օդուժը հարվածում է, բայց ես հիշեցնեմ՝ Սուդանում նոր ռազմաբազա է կառուցվել, դեռեւս անհայտ դրոշի ներքո, եւ իրանական կողմը գրեթե չի թաքցնում, որ դա իրենց հենակետն է, եւ, իսկապես, նրանք հարաբերություններ ունեն Սուդանի իշխանությունների հետ: Բայց, կրկնեմ, «իրականացնողի էքսցեսը» հնարավոր է, եւ, այսպիսով, Նեթանյահուն էլ շահագրգռված է Թրամփին եւ ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում ներքաշելու մեջ: Չնայած նրան, որ Իրանն իսկապես կարող է լուրջ կորուստներ կրել, դա ի սկզբանե պարտված քայլ կլինի, որովհետեւ այդ կորուստները չեն լինի կատաստրոֆիկ:
- Տարածաշրջանում ստեղծված այս լարվածությունից կօգտվի՞ Ադրբեջանը: Հավանական համարո՞ւմ եք նրա կողմից ուժային ճանապարհով, այսպես կոչված, միջանցք վերցնելը, եթե Իրանի շուրջ իրավիճակը, այդուհանդերձ, զարգանա:
- Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել միջանցքի խնդիրը, նա դրան պատրաստվում է, հետախուզություն է իրականացնում, բայց առնվազն մինչեւ մայիսի 9-ը, քանի դեռ, ընդհանուր առմամբ, միջազգային իրավիճակը դեռ ճոճվում է, այդ սցենարը նրան ծայրահեղ ձեռնտու չէ: Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ Ալիեւի ակտիվների հիմնական մասը բրիտանական օֆշորում է գտնվում, որպես ուլտագլոբալիստների առաջամարտիկ, Մեծ Բրիտանիան «կոլորի նրա ձեռքերը», եւ Ադրբեջանը ռազմական գործողություններ, այդուհանդերձ, կսկսի: Նաեւ Թուրքիային՝ Էրդողանին են մղում դրան: Նկատեմ, որ հատկապես ուժեղացված կոնտինգենտ Իրանը կենտրոնացրել է հենց հյուսիս-արեւմտյան եւ հարավ-արեւելյան սահմաններին, որտեղից ակնկալվում է հնարավոր հարձակումը: Ես նկատի ունեմ Իրանական Ադրբեջանը, որտեղ Իրանի ԶՈՒ-ների եւ սպառազինության շատ լուրջ կենտրոնացում կա, եւ Իրանական Բելուջիստանի՝ Պակիստանի հետ սահմանը:
- Իսկ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Ալիեւը բառացիորեն 2 օր առաջ կրկին վերջնագրային հայտարարություններ արեց:
- Ես չեմ կարող գնահատել Երեւան-Բաքու գործընթացը, որովհետեւ ներկայիս տուրբուլենտության պայմաններում ինչի մասին էլ խոսեն կողմերը, դա լինելու է փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում, եւ որեւէ նշանակություն չի ունենալու: Ե՛վ Բաքուն, ե՛ւ Երեւանը կողմնորոշվելու են «մեծ հորեղբայրներ»-ով, նկատի ունեմ մեծ մայրաքաղաքները, այդ թվում՝ ոչ միայն Վաշինգտոնը, Մոսկվան եւ Պեկինը, այլեւ՝ Լոնդոնը եւ մակրոտարածաշրջանային մակարդակում՝ Թեհրանը եւ Անկարան:
- Այս պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանին, որի իշխանությունը ժողովրդին կերակրում է «խաղաղության» օրակարգով:
- Առայժմ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակ է: Հիշում եք, չէ՞, 1918 թվականի Ռուսաստանը՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը՝ ցրե՛լ»: Կարծում եմ՝ հայ ժողովուրդը հետտրավմատիկ սինդրոմի մեջ է գտնվում, եւ մարդկանց վրա չեն ազդում ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի օրակարգերը: Մարդիկ գտնվում են հուսահատ վիճակում, եւ նրանք, ովքեր շրջափակման մեջ են եղել, որոնց մտքով երբեք չի անցել լքել Հայաստանը, այժմ երազում են հեռանալ երկրից, ինչի մասին ինձ հայտնում են իմ աղբյուրները: Ինչ վերաբերում է իրենց՝ իշխանությանը, մենք տեսնում ենք այն գործընթացները, որոնք տեղի ունեցան Գյումրիում ընտրություններով: Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, միայն արտաքին տրիգերը կարող է խթանել իրավիճակի վերաֆորմատավորման: Ի դեպ, ես այն քչերից եմ, որն այս իշխանությունների մասին խոսելիս երբեք չի իջել գնահատողական հայհոյանքի մակարդակի, բայց ես կարծում եմ, որ նրանք, մեղմ ասած, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում ժամանակակից համաշխարհային քաղաքական մեխանիկան եւ, ընդհանրապես, պատկերացում չունեն, թե ուր է գնում աշխարհը: Նրանք շփոթված են, փորձում են հենվել այն կենտրոնների վրա, որոնք իրենց թվում են ուժային կենտրոններ, իսկ դրանք, այդուհանդերձ, արդեն «տոնավաճառից» հեռացող սուբյեկտներ են: Սա բավականին ուշագրավ է, այսինքն՝ Հայաստանի իշխանություններն ապրում են իրենց իլյուզիաների աշխարհում, ինչի մասին վկայում է նրանց ոչ արդյունավետ ու անհեռանկար արտաքին քաղաքականությունը, ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ես Հայաստանում չեմ ապրում, ուստի մեկնաբանել չեմ կարող, բայց գիտեմ, որ գներն աճում են: