Վերլուծություն

Ի՞նչ տեղի կունենար, եթե…

Ի՞նչ տեղի կունենար, եթե…

Առավոտ վաղ իրավապահները խուզարկություն են սկսել Գագիկ Ծառուկյանի տանը: Դա նշանակում է, որ ստանալով ՍԴ որոշումը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սկսել է ընդդիմադիրների նկատմամբ բռնությունները: Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե հայրենասեր, գրագետ ու մտածող զանգվածների աջակցությունը վայելող երեք քաղաքական ուժերը միավորվեին: Նախ, այդ դաշինքը մաքուր կստանար 545 հազար ձայն: Անփոփոխ ենք թողնում ՔՊ-ի շուրջ 727 հազար և Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ի ստացած մոտ 34 հազար ձայնը: Այդ տվյալների առկայության պայմաններում ԱԺ մուտք կգործեին ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու իրավունքի ուժով՝ «Միասնության թևեր»-ը: Խորհրդարանը կունենար 101 անդամ, որից 56-ը՝ ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 42 և 3 մանդատ «Միասնության թևեր»-ը: Քանի որ Թաթոյանը հայտարարում էր, որ երբեք չի միանա ՔՊ-ին, ապա ընդհանուր պատկերը կլիներ այսպիսին. Նիկոլենք՝ 55.5% և 44.5% էլ ընդդիմությունը:

Գանք հականիկոլական մանր քաղաքական ուժերին՝ «Հայ ազգային կոնգրես», «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք միասին ստացել են 16 հազար քվե: Այդ ձայները ևս կգումարվեին «Ուժեղ Հայաստան»-ի ստացած քվեներին՝ եթե միանային էն գլխից: Արդյունքում կստանայինք 561 հազար, ինչի շնորհիվ ՔՊ-ի բաժինը կպակասեր 1 մանդատով՝ կազմելով 55: «Ուժեղ Հայաստան»-ինը կլիներ 43 և 3 մանդատ՝ «Միասնության թևեր»-ինը: Ընդհանուր կազմը մնում էր նույնը՝ 101: Տոկոսային առումով կունենայինք այսպիսի պատկեր. ընդդիմություն՝ 45.5445544554% (տասնորդական թվերի լրացուցիչ քանակը նվիրում եմ ԿԸՀ-ի նախագահին), իշխանություն՝ 54.45… տոկոս: Եվ մի հանգամանք ևս. միացյալ ընդդիմության առկայության պայմաններում դրա աջակիցների քանակը վստահաբար կավելանար: Այն անձանց կողմից, ովքեր դեռևս չէին որոշել, որ մասնակցելու են ընտրություններին: Եվ կցանկանային մասնակցել հենց այդ հանգամանքի շնորհիվ: Եվ թե նրանց կողմից, ով արդեն որոշել էին մասնակցության հարցը, բայց միտք չունեին քվե տալ ընդդիմությանը կամ առնվազն տատանվում էին:

Եթե նույնիսկ առկա չլիներ վերջին հանգամանքը՝ արդեն ներկայացված՝ մանդատների բաշխվածությունը ցույց է տալիս, որ նույնիսկ օրենսդրական նախաձեռնության համար Նիկոլն անընդհատ ստիպված էր լինելու մոբիլիզացնել իր բոլոր «ուսապարկերին»: Եվ այդ անձանց համար պետության հաշվին միջազգային այցերը լինելու են «պապի համար գաթա ուտելու պես» հազվադեպ մի բան: Ինչն արդեն հոգեբանորեն բացասական ազդեցության հիմք է: Իսկ հիմա պատկերացրեք, որ ագրեսիվ թշնամու պահանջով Նիկոլը ստիպված էր լինելու ոչ թե հանրաքվե, այլ գոնե ինչ-որ օրենսդրական փոփոխություններ անցկացնել խորհրդարանում: Թաթոյանենք, վստահաբար, չէին մնա չեզոք ու կմիավորվեին ընդդիմության հետ. դրա առումով կասկած չունեմ: Դա վկայվել է վերջին տարիների նրա ողջ գործունեությամբ: Նույնիսկ ավելին՝ եթե Նիկոլի երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկեր» Իլհամ Ալիևը փորձեր մի փոքրիկ ռազմական արշավ կազմակերպել, ապա Թաթոյանենց միացումը կարող էր ճեղք առաջացնել իշխող խմբակցության մեջ: Ու, որքան էլ դա զարմանալի հնչի, շատ ավելի հեշտ կլիներ ՔՊ-ից 5 մանդատ կորզելը, քան հակառակն անելը:

Մանդատների այսօրվա բաշխվածությամբ (64-29-12) նրան անհրաժեշտ է ընդամենը 4 մանդատ, որպեսզի ձեռք բերի 2/3-րդը (67.3333): Ու կյանքի կոչի այնքան բաղձալի հանրաքվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է թուլացնել ընդդիմադիր խմբակցություններին: Չգիտեմ, այս անգամ կվերցնի արդյոք մանդատը Ռոբերտ Քոչարյանը, թե ոչ, սակայն նրա նկատմամբ քրվարույթն արդեն հարուցված է: Դրա շարունակությունը չի ուշանա, ինչի վկայությունն այս պահին Գագիկ Ծառուկյանի տանը կատարվող խուզարկությունն է: Եվ Քոչարյանի մանդատը կհանձնվի մեկ ուրիշին: Ինչը նշանակում է, որ արդեն ուսումնասիրվում են (եթե նախօրոք չեն ուսումնասիրվել) «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների նախընտրական ցուցակները: Գտնելով անհրաժեշտ մարդուն՝ հնարավորություն կստեղծեն, որպեսզի վերջինս ստանա բաղձալի մանդատը: Այսինքն, քրվարույթներ կհարուցեն արդեն մանդատ ստացածների նկատմամբ՝ զրկելով նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից: Իսկ որ դա արվելու է՝ կասկածի ենթակա չէ: Որովհետև դրանից է կախված նիկոլական «խաղաղության» ճակատագիրը: Ու, ըստ այդմ, հետագա անամպ պաշտոնավարման հեռանկարը: Թե ինչպես է դրան դիմագրավելու ընդդիմությունը՝ չեմ պատկերացնում: Եթե հաշվի չառնենք փողոցային ընդվզումը: Ինչը դեռևս իրեն զգացնել չի տալիս: Քանի որ դեռևս չի հայտնվել անձնազոհ մեկը: Ով ձեռնոց կնետեր գործող իշխանությանը և կգնար մինչև վերջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image