Հասարակություն

«Հրապարակ». Նման հիմարություններ ասում են նրանք, ովքեր ոչինչ չեն կորցրել՝ ո՛չ երեխա, ո՛չ տուն

«Հրապարակ». Նման հիմարություններ ասում են նրանք, ովքեր ոչինչ չեն կորցրել՝ ո՛չ երեխա, ո՛չ տուն

Երեք տարի առաջ` 2020 թ․ նոյեմբերի 9-ին, արցախյան 2-րդ պատերազմն ավարտվեց հայկական կողմի նվաստացուցիչ, կապիտուլյացիոն պարտությամբ: Շուրջ 5 հազար զոհ,  հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, տեղահանվածներ, օր-օրի լկտիացող թշնամի, եւ այս ամենի հետ մեկտեղ` սողացող պատերազմ, որի արդյունքում անընդհատ հողային եւ մարդկային կորուստներ ենք ունենում: Արդյունքում` վերադարձանք «ո՛չ պարտերազմ, ո՛չ էլ խաղաղություն» վիճակին եւ, ի վերջո, հանձնվեց Արցախը: 

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի կինը` Արուս Հարությունյանը, «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ չարաբաստիկ պատերազմից երեք տարի անց Հայաստանում ամեն բան փլուզվել է` հայ ժողովուրդը, կորցնելով Արցախը, թերթել է հայոց պատմության վերջին էջը։ «Այսօր էլ ոչինչ չունենք` ո՛չ երկիր, ո՛չ պետություն: Իշխանություններն այս տարի որոշել էին չայցելել Եռաբլուր, չեմ զարմանա, որ մի օր էլ Եռաբլուրը վերացնելու որոշում ընդունեն»,- նշում է զոհվածի այրին: 

44-օրյա պատերազմի սիմվոլ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը նշում է, որ իր հույսը չի մարում, որ մի օր անպայման լկտի Իլհամ Ալիեւին Հայաստանից արժանի պատասխան կտան: Զոհված զինծառայողի հայրը կարծում է, որ ամեն ինչ հայ ժողովուրդը կարող է վերադարձնել: Միակ բանը, որ էլ երբեք չի վերադառնա, անմահացած տղաներն են, որոնք հրաժեշտ տվեցին երկրային կյանքին: Նա կարծում է, որ պատերազմն այս երեք տարիներին չի ավարտվել, վտանգն ամեն րոպե կախված է Հայաստանի գլխին։ «Իմ ընկալմամբ` պատերազմը երբեք չի ավարտվել: Հայաստանում այսօր լիքը անելիք կա: Թե՛ Սյունիքի մարզը եւ թե՛ մնացած մարզերն այսօր փաստացի մեծ վտանգի տակ են: Լսո՞ւմ եք Ալիեւի ճոռոմ-ճոռոմ խոսքերը: Վստահ եմ` գալու է ժամանակը, եւ Հայաստանից նա կստանա իրեն արժանի պատասխանը: Ես չգիտեմ, թե դա ինչպես կլինի` իշխանություն կփոխվի, թե ոչ, բայց վստահ եմ, որ գալու է այն օրը, որ մենք տալու ենք նրա զառանցանքների պատասխանը»,- նշում է մեր զրուցակիցը: Ըստ նրա` այն բոլոր թեզերը, թե Արցախը հանձնելով, Հայաստանը մտնելու է խաղաղության դարաշրջան, կեղծ էին։ «Ոչ մի պարագայում մենք Արցախը հանձնելով չէինք կարող հանգիստ ապրել: Նման կերպ մտածող մարդիկ անգամ իրավունք չունեն ապրելու: Նման հիմարություններ ասում են նրանք, ովքեր ոչինչ չեն կորցրել, ո՛չ երեխա, ո՛չ տուն, ոչինչ…. նման մարդկանց երբեք Արցախն ու Արցախի ճակատագիրը հետաքրքիր չեն եղել: Ավելի կտրուկ չեմ ուզում ծավալվել ու չեմ ուզում ավելի կտրուկ բաներ ասել»,- նշեց նա: 

Հարցին, թե ինչու իշխանություններն այս տարի նոյեմբերի 9-ին Եռաբլուր չայցելեցին, Արտակ Հովհաննիսյանը նշեց. «Այցելեն, որ ի՞նչ անեն: Ի՞նչ ունեն ասելու մեր տղերքին: Գնան ասեն, որ բոլորը միասին դավաճանե՞լ են, հա՞: Չկա այդպիսի մեկը` ներկա, նախկին կամ էլ միջանկյալ, որ մեղավոր չլինի այս աղետի համար: Բոլորն էլ մեղավոր են, բոլորն էլ դավաճաններ են, ամեն մեկը` իր մասով, իր չափով, իր ժամանակի մեջ: Որ հիմա էս վիճակում ենք, որ երեք տարի առաջ մեր տղերքը տուն չվերադարձան, դրա համար բոլորն են մեղավոր, այնպես չէ, որ ինչ-որ մեկն անմեղ էր, հակառակ դեպքում անմեղ մարդն ասելիք կունենար, անելիք կունենար, ոչ թե ընդհատակ կանցներ: Իրենք էլ մեզնից լավ գիտեն, թե ինչն ինչոց է: Այնպես որ, իրենց պաթոսախառը զրույցները թող պահեն միամիտ մարդկանց համար, մենք լավ գիտենք՝ ով ով է: Ես մեծ հույսեր ունեմ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու, հույս ունեցել եմ, ունեմ եւ ունենալու եմ: Միայն մեկ հարցում հույս չունեմ՝ մեր տղերքն էլ երբեք հետ չեն գա, մնացած ամեն ինչ լավ է լինելու»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image