Հասարակություն

Մարմարաշենի դպրոցում 3 ամիս է մայրենի չեն անցնում

Մարմարաշենի դպրոցում 3 ամիս է մայրենի չեն անցնում

Արարատի մարզ Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հինգ դասարան երեք ամսից ավելի է հայոց լեզվի եւ գրականության դասեր չեն անում։  6-րդ դասարանի ա և բ,  7-րդ դասարանի՝ ա, 10, 11՝ ա դասարանների ուսուցչուհի Ազնիվ Անտոնյանը սեպտեմբերին գնացել է վերապատրաստումների, նոյեմբերին վերադարձել է դպրոց, սակայն մի միջադեպի պատճառով այլեւս չի ուզում աշխատել եւ դպրոցը մնացել է առանց մայրենիի ուսուցչի։ Անտոնյանի վերապատրաստման ամբողջ ընթացքում դպրոցի 5 դասարաններում հայոց լեզվի եւ գրականության դասընթացներ չի անցկացվել, փոխարինող չի եղել։ Այդ դասաժամերը գցել են վերջին ժամերին եւ աշակերտներին տուն ուղարկել։  
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ազնիվ Անտոնյանը, որ ավելի քան 25 տարվա մանկավարժ է, «Հրապարակ»-ին պատմեց եղելությունը՝ դպրոցի տնօրենը վիրավորել է իրեն, որդուն, ամուսնուն, չի վճարել 1 ամսվա հասանելիք աշխատավարձը։ 

«Ես դիմում եմ գրել, որ դուրս եմ գալիս։ Պատճառն իմ եւ տնօրենի միջեւ տարաձայնությունների խորացումն է։  Վերապատրաստման ընթացքում իմ աշխատավարձը չի փոխանցվել, ինձ բացակա են դրել։ Պետությունը հովանավորել է, որ ես գնացել եմ վերապատրաստման, բանից պարզվում է՝ իմ անունը նախարարություն չի ներկայացրել ֆինանսավորման։ Մանկավարժականում վերապատրաստվում էի՝ մինչեւ կամավոր ատեստավորման երկրորդ փուլն անցնելը։ Գալիս եմ դպրոց, պարզվում է՝ բացակա են դրել։ Փոխտնօրենն ինձ ասում է՝ իրավունք չունեմ ներկա դնելու»,-պատմեց նա։ 

Անտոնյանը պատմեց, որ ատեստավորումը տեւել է մեկ ամիս՝ սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր։ Նոյեմբերի 1-ին եւ 4-ին աշխատել է ու այլեւս դպրոց չի գնացել։ «Եթե ես պիտի իմ ուժերով գնամ վերապատրաստվեմ, հետն էլ բացակա դնի, աշխատվարձս էլ պահի՝ չեմ աշխատի։ Դիմում եմ գրել, ասում է՝ այդպես, որ դիմում ես գրում ՝ խնդիր է։ Ինձ ծանուցում է ուղարկում, որ եթե մինչեւ նոյեմբերի 15-ը աշխատանքի չգաք՝ էսինչ-էնինչ հոդվածներով ազատելու եմ, այսինքն՝ անբարեխիղճ աշխատողի պես, իբրեւ անհարգելի բացականեր եմ տալիս։ 25 տարվա մանկավարժին, որ մեկ օր անհարգելի բացակա չի ունեցել, նա անվանում է անբարեխիղճ եւ ուզում է ազատել աշխատանքից»,-պատմեց ուսուցիչը։ 

Անտոնյանի խոսքով՝ իրեն ասել են, որ իր բացականության ընթացքում աշակերտները կսովորեն մայրենի, դասերը բաց չի մնա, սակայն պարզվել է, որ ամիսներ շարունակ լեզու եւ գրականություն չեն անցնում։ «Տնօրենը թքած ունի՝ դպրոցականները մայրենի լեզու կսովորեն, թե ոչ։ Ժողովի ժամանակ ասում է՝ մեկ տարի որ գերմաներեն չպարապեցին, ի՞նչ եղավ որ։ Սա տնօրենի խոսքն է։ Նա վիրավորում է իմ ամուսնուն, իմ որդուն, անցնում է բոլոր սահմանները, նման մարդու հետ ո՞նց աշխատեմ»,-վիրավորված պատմեց Անտոնյանը։

Դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյանը հաստատեց՝ այո, մի քանի ամիս է հայոց լեզու եւ գրականություն չեն անցնում։ Նրա խոսքով՝ ուսուցիչը վերապատրաստման է եղել, հիմա սպասում են ատեստավորման միավորների պատասխանին, որ ըստ այդմ հասկանան՝ աշխատելու է, թե ոչ։ «Սեպտեմբերի 16-ից է վերապատրաստումը եղել, մինչեւ հոկտեմբերի 16-ը ներառյալ, հետո Ազնիվ Անտոնյանը եկել է աշխատանքի, կրկին չի եկել»,-ասաց դպրոցի տնօրենը։ Վերջինս պնդեց՝ նոյեմբերին Անտոնյանը աշխատել է, իսկ թե քանի օր, ասաց՝ չի հիշում, հստակ չի կարող ասել։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ փոխարինող ուսուցիչ չկա, ըստ նրա՝ 28 ժամ ոչ ոք չի կարող փոխարինել։ «Մյուս ուսուցիչներս էլ 28, 31 ժամ դաս ունեն»,-նշեց նա։ 

Ուսուցչի եւ իր միջեւ կոնֆլիկտի մասին տնօրենը չցանկացավ խոսել, հարցին՝ աշխատավա՞րձն է պատճառը, որ մայրենիի ուսուցիչը չի ցանկանում աշխատել, պատասխանեց, թե չգիտի ինչ լուրեր են պտտվում, չի հանդիպել ուսուցչի հետ։ «Չգիտեմ, թե Ձեր տեղեկություններն ինչ են, ես դեռ ուսուցչի հետ չեմ հանդիպել։ Երբ կհանդիպեմ, կխոսեմ, կհասկանամ, թե ինչն է խնդիրը»,-ասաց նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image