Խմբագրի կողմից

Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար

Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար

Այն, որ մեր պետությունը խաղալիք է դարձել պետությունից ոչինչ չհասկացող եւ պետական պաշտոնները վայելք համարող մարդկանց ձեռքում, հատուկ ապացուցման կարիք չունի։ Միայն նման մարդիկ կարող են իրենց քաղաքական հակառակորդների դեմ «քսի տալ» ողջ պետական ապարատը եւ ուժայինների ամբողջ ռեսուրսով հարձակվեն մի մարդու եւ նրա տնտեսության վրա։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ատելությունը քաղաքական հակառակորդների հանդեպ, «գլխին խփած» իշխանությունը կարող է մեծ ավերածություններ գործել, բայց այնպես, որ հազարավոր շարքային մարդկանց վնասես, տասնյակ օբյեկտներ փակես, պետբյուջե վճարվող հարկերից հրաժարվես ու հակասահմանադրական մղձավանջ ստեղծես քո կառավարած երկրո՞ւմ․․․ինքդ էլ գնաս սարերն՝ արշավի․․․

Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ բա ո՞նց էր Ծառուկյանը տենց ունեցվածք կուտակել, բա ինչի՞ էր առյուծներ պահում, որս անում, խրտվիլակներ սարքում, բա ինչի՞ էր մեր Փաշինյանին սպառնում, թե՝ կգցեմ առյուծի վանդակը․․․աղաչում եմ՝ դադարեցրեք կարդալ այս գրառումը, դա ձեզ համար չէ, այլ իրավական տարրական գիտելիքներ ունեցող, մարդկային բարոյականության նորմերը պահող, չափի ու տակտի նվազագույն զգացում ունեցող մարդկանց համար։
Մարդկության պատմությունը բազմաթիվ դեպքեր գիտի՝ եւ քաղաքական հալածանքների, եւ զանգվածային անկարգությունների ու հեղափոխությունների։ Բայց գիտի նաեւ շատ դեպքեր, երբ պետական կառույցները մեկ անձի իրավունքները, մեկ անձի գույքն ու սեփականությունը պաշտպանելու համար ինչ ահռելի ծախսեր են արել, ինչքան նուրբ են վերաբերվել օրենքի ու իրավունքի, պետության պարտավորությունների եւ անհատների հարաբերությունների հարցերին։

Ասենք, 2010 թվին Հնդկական ծովում զբոսանավով շրջագայող մի 16-ամյա մոլորված ամերիկուհու փրկելու համար ԱՄՆ եւ Ֆրանսիայի իշխանությունները 4 նավ եւ ուղղաթիռ են ուղարկել աղետի վայր, որ հազար կիլոմետր անցնելով՝ փրկեն աղջկան։ Քաղաքակիրթ երկրների հիմքում դրված է «պետությունն՝ ի պաշտպանություն քաղաքացիների» սկզբունքը, ընդ որում՝ պետությունների պոզիտիվ պարտականությունն է եւ երկրի ներսում, եւ երկրի սահմաններից դուրս իր քաղաքացիների պաշտպանությունը։

Իսկ մեր՝ ոչ բարով 8 տարի իշխող խմբակը ոչ միայն պետության առաջ բարեխղճորեն իր պարտականությունները կատարող բիզնեսմենին է «պոլերով» տալիս, այլ, փաստորեն, հազարավոր օրինավոր քաղաքացիների, զբոսաշրջիկների, սպորտսմենների, հաճախորդների, անգամ հաշմանդամ երեխաների, որոնք օգտվում են Ծառուկյանի օբյեկտների ծառայություններից։ Այն օբյեկտների, որոնք մեծ հերոսությամբ փակեցին ու պլոմբեցին մեր «քաջարի» իրավապահները։

Ենթադրենք, Փաշինյանի նախընտրական կատաղությունը չի եղել (չենք լսել, չենք տեսել, իրավապահները դրանից հետո չեն սկսել գործողությունները)։ Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար։

Նախ, օրենքն ասում է․ «Պետությունն իրավունք չունի կիրառել ավելի շատ ուժ կամ սահմանափակում, քան անհրաժեշտ է վտանգը չեզոքացնելու համար»։ Օրինակ, Ֆրանսիայում նույնիսկ ամենաթեժ անկարգությունների ժամանակ իրավապահներին արգելված է խուզարկել կամ առգրավել խաղաղ անցորդների գույքը՝ առանց հիմնավոր կասկածի: Ցանկացած նման խախտում հետո դառնում է դատական քննության առարկա: Պետության ճիշտ մոդելով ոչ թե «ամեն ինչ փակելն ու արգելելն է» սահմանված, այլ վտանգը տեղայնացնելը (մեկուսացնելը), որպեսզի հասարակության մնացած մասը շարունակի իր բնականոն խաղաղ կյանքը:

Մի օրինակ բերեմ․ 2017 թվին Samsung-ի փաստացի ղեկավար և միլիարդատեր Լի Ջե Յոնին մեղադրանք է առաջադրվել երկրի նախագահին խոշոր չափի կաշառք տալու, յուրացումների, պետական միջոցներ վատնման համար, որի արդյունքում նա 2,5 տարի բանտում է անցկացրել: Սա Հարավային Կորեայի պատմության ամենամեծ կոռուպցիոն սկանդալն է եղել։ Երկրի իրավական համակարգը հստակ տարանջատել է անհատի քրեական պատասխանատվությունը բիզնես կորպորացիայի գործունեությունից:

Մեղադրանքը ներկայացվել է անձամբ Լի Ջե Յոնին, այլ ոչ թե Samsung Electronics-ին՝ որպես իրավաբանական անձի, ընկերության հաշիվները չեն սառեցվել, գործարանները չեն փակվել, շարքային աշխատողները, ինժեներները, սպասարկման ոլորտի աշխատակիցները շարունակել են ամեն օր աշխատանքի գնալ, աշխատավարձ ստանալ և արտադրել տեխնիկա: Կառավարել են տնօրենները եւ փոխնախագահները։ Իրավապահները նույնիսկ թույլ են տվել, որ բանտից Լի Ջե Յոնը կապ պահպանի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ ռազմավարական կարևորագույն որոշումները հաստատելու համար:

Այսինքն, պետական համակարգը պատժում է հանցագործություն կատարած անձին, բայց պահպանում է բիզնեսը, որից կախված է հազարավոր անմեղ քաղաքացիների ապրուստը: Իսկ 2022 -ին, տնտեսության ու հանրության շահերից ելնելով, երկրի նախագահը ներում է շնորհել Լի Ջե Յոնին, որպեսզի նա լիովին վերադառնա իր աշխատանքին: Samsung-ն էլ այդ ընթացքում բարգավաճել էր, ոչ թե կործանվել։

Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին համեմատել որեւէ այլ երկրի նախագահի եւ առհասարակ որեւէ գործչի հետ՝ չգիտեմ էլ ում հետ կարելի է համեմատել նրան (ոչ էլ Ծառուկյանին եմ համեմատում Լի Ջե Յոնի հետ)․․․ Բայց այս թշնամությունը սեփական ժողովրդի, սեփական երկրի նկատմամբ, մարդկանց վնաս տալու, պատժելու անհաղթահարելի մարմաջն ու չարությունն աննախադեպ է եւ անհամեմատելի․․․

Նկարում՝ Լի Ջե Յոնն է․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image