Հասարակություն

«Karabakh is Azerbaijan». ադրբեջանցիները հասանելիություն են ստացել հայաստանյան WiFi-ներին

«Karabakh is Azerbaijan». ադրբեջանցիները հասանելիություն են ստացել հայաստանյան WiFi-ներին

Երևանի բնակիչ, Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին խոսնակ Նանա Գնդոյանն իր հեռախոսով ֆիքսել է մի WiFi-ի լոգին, որի անվանումը եղել է KarabakhisAzerbaijan (հայ.՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»)։

Հեռախոսը գտել է ցանցը այն ժամանակ, երբ հեռախոսի WiFi համակարգը միացված է եղել և այլ ցանցերի մեջ գտել է նաև KarabakhisAzerbaijan-ը։ «Հեռախոսի WiFi-ը երբ միացնում ես տարբեր անվանումներով լոգիններ կարող է գտնել, ու դա էլ մյուսների հետ բերեց։ Ինձ համար անհասկանալի էր, թե Երևանում ինչպես էր կարող նման անվանումով WiFi լինել։ Եվ սքրինել եմ ու տեղադրել ֆեյսբուքյան էջում՝ հասկանալու համար, թե ինչպես է կարող նման բան լինել։ Եվ միգուցե ինչ-որ բացատրություն կա։ Եթե մեկնաբանություններում նայեք, կտեսնեք, որ որոշ օգտատերեր մեկնաբանություններում գրել են, որ ադրբեջանցի հաքերները կոտրում են լոգինները և անունը փոխում։ Ես չգիտեի, թե ումն է, որ զգուշացնեի, որ փոփոխություն աներ», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց նա։

Գնդոյանը Վահագնի թաղամասում է եղել, երբ ֆիքսել է այն։

ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ամիսներ է, ինչ այսպիսի բան է տեղի ունենում։ «Կան մի քանի տեսակի WiFi մոդեմներ։ Պրովայդերը [ինտերնետ ծառայություն մատակարարող ընկերությունը] մտնում է, գաղտնաբառերը դնում է, թարմացնում է մոդեմի ծրագրային ապահովումը, օգտագործողին «մուտք» չի տալիս, բայց ինքը վերահսկում է։ Կա էժան տարբերակը, օրինակ՝ խանութից մոդեմ եք առնում, կամ եթե պրովայդերն ուշադրություն չի դարձնում։ Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն WiFi-ն ունի գաղտնաբառ, այլ նաև մոդեմը։ Եթե դու չգիտես դրա մասին, բերում ես, դնում ես, միացնում ես մոդեմը, WiFi-ի վրա դնում ես գաղտնաբառ, իսկ մոդեմի վրա մնում է գործարանային «admin admin» լոգինը և գաղտնաբառը, ու ադրբեջանցիները դրած սքան են անում մոդեմների մեր տիրույթը, որտեղ բռնացնում են, որ օգտագործողը չի փոխել գաղտնաբառը, գործարանային է մնացել, մտնում են, ներսից անունը փոխում են», - բացատրեց մեդիափորձագետը։

Վտանգների մասով Մարտիրոսյանն ասաց, որ մեկը հոգեբանական ճնշումն է, եթե հաքերը դպրոցական մակարդակի հաքեր է։ «Եթե լուրջ հաքեր լինի, նա կարող է ավելի խորացված միջամտություն անի մոդեմի մեջ և ընդհուպ մինչև, օրինակ, կեղծ կայքերի վրա ուղղորդի, ինքներդ չհասկանաք։ Ու այդպես ինչ ասես հնարավոր է անել։ Կարող է մեկը hraparak.am բացի, բայց իրականում ոչ թե «Հրապարակ» մտնի, այլ Բաքվում սարքած «Հրապարակի» կլոն, որտեղ լրիվ ուրիշ բաներ են գրված։ Չհասկանաք, որ ուրիշ տեղ ես մտել», - ասաց նա։

Ըստ մեդիափորձագետը՝ բարեբախտաբար շատ դեպքերում միայն լոգինն են փոխում։ «Սակայն, իրականում, ռեալ վտանգ կա։ Եվ նույնն արվել է այստեղից Ադրբեջանի վրա», - ընդգծեց Մարտիրոսյանը։ 

Հարցին՝ լուրջ դեպքի առնչվել է, պատասխանեց, որ եթե անողը «դեբիլոիդ չէ, այլ Ադրբեջանի պետական անվտանգության հաքերային թիմը, այդ դեպքի մասին հնարավոր է, որ չիմանանք»։

«Կարող են կոնկրետ մարդու վրա ուղղորդված հարձակում անել, դեմ տան ուրիշ կայք, լոգին, փասվորդը գրի մեջը՝ չիմանալով, որ իրենց կողմից վերահսկվող է, հետո իր հաշիվը գողանան, բայց մենք չիմանանք, որ այդ միջոցով են գողացել։ Որովհետեւ չեն բարձրաձայնելու, թաքուն են անելու։ Ով ասես մոդեմը կոտրում է էլի էդ ձևով, ու քեզ անընդհատ գովազդ է լցնում, ինչ նայում ես, գովազդ է գալիս, փող է աշխատում», - շարունակեց Մարտիրոսյանը։ 

Մեդիափորձագետը ենթադրում է, որ լուրջ հարձակումներ եղած կլինեն, որոնց մասին չենք իմացել։ «Հնարավոր է, որ մոդեմով է եղել, հնարավոր է, որ այլ ձևով։ Ենթադրում եմ, որ եղել է այսպիսի դեպք։ Որովհետև Ադրբեջանում կան թե՛ բարադի հաքերներ, թե՛ շատ խորացված։ Մենք տեսնում ենք բարադիների գործը, խորացվածներինը սովորաբար չես իմանում, մինչև գլխիդ մի քյալակ չի գալիս։ Օրինակ՝ կարող են մտնել, մի կարևոր մարդու մեյլերը կարդալ, դա ամիսներ տևի, մարդը չիմանա», - եզրափակեց Մարտիրոսյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image