Հողը, որի վրա գտնվում է 8-րդ դարում կառուցված Վանի հայկական Վարագավանք վանական համալիրը, պատկանում է թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլիի ընտանիքին։ Վարագավանքը կարեւոր նշանակություն ունի հայկական ճարտարապետության եւ մշակութային ժառանգության համար։ Սակայն ավերակներն օրըստօրե ավելի ու ավելի են խոնարհվում ու քայքայվում։ Ֆաթիհ Այթայլին հայտարարել է, որ պատրաստ է եկեղեցու տարածքն անվճար փոխանցել Թուրքիայի մշակույթի նախարարությանը։
«Հողը, որի վրա գտնվում է եկեղեցին կամ եկեղեցական համալիրը, ինձ չի պատկանում։ Մինչեւ հիմա այդ հողատարածքը գրանցված է պապիս անունով։ Եթե մշակույթի նախարարությունը ցանկանում է, թող գան, ես էլ կխոսեմ ընտանիքիս մյուս անդամների հետ։ Թող վերցնեն եւ օգտագործեն այն։ Թող պետականացնեն առանց փոխհատուցման։ Մենք եկեղեցիների սիրահարներ չենք»,- Նիլ Գյուլսյումի հետ զրույցում ասել է Ալթայլին, ըստ «Ալֆանյուզի» փոխանցման։ Լրագրողը նշել է, որ հողատարածքը, որի վրա գտնվում է Վարագավանքի համալիրը, որպես սեփականություն անցել է իր ընտանիքի տիրապետությանը։ «Ես առաջին ձեռքից հստակ տեղեկություններ չունեմ, սակայն ինձ ասել են, որ երբ կառավարությունը հանրային նշանակության շինություններ է կառուցել ընտանեկան հողատարածքի վրա, փոխանակել է հողատարածքի մի մասն այլ սեփականությամբ, եւ այդ փոխանակված հողատարածքներից մեկի վրա էլ գտնվում է եկեղեցին։ Մենք չենք քանդել եկեղեցին, չենք փորձել վաճառել։ Այն կանգնած է մինչ այսօր»,- ասել է Ալթայլին։
Վարագավանքի հարցը գտնվում է պոլսահայ համայնքի օրակարգում։ Այն բարձրացվել է 2025 թվականի դեկտեմբերին, Հայ առաքելական եկեղեցու Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի կողմից՝ Թուրքիայի մշակույթի նախարար Նուրի Էրսոյի հետ հանդիպման ժամանակ։ Սահակ պատրիարքը հայտարարել էր, որ Վարագավանքի վերականգնումն ու բացումն այցելուների առաջ զգալի ներդրում կլինի ռեգիոնի տուրիզմի համար եւ կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը։ Պատրիարք Մաշալյանը նաեւ հայտարարել էր, որ հիշեցրել է նախարար Էրսոյին, թե պետությունը կարող է այդ եկեղեցին վերցնել իր հովանու տակ։ Նախարար Նուրի Էրսոյն էլ հայտարարել է, որ այդ հարցին կանդրադառնան այն ժամանակ, երբ Ֆաթիհ Ալթայլին ազատության մեջ լինի։ Այն ժամանակ լրագրողը գտնվում էր բանտում։