Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու հետ կապված «Արյունոտ ծաղրածու» նախագծի (ֆլեշմոբ) հեղինակներ, գյումրեցի ընդդիմադիր գործիչներ Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանն այցելել են Տավուշի մարզի Դիլիջան համայնք։
«Ճանապարհին տեսանք արագաչափ կամերա ու նորից հիշեցինք հայտնի կապիտուլյանտին [Նիկոլ Փաշինյանին], ով երեք տարի առաջ քայլելով-տեսնելով կամերաները՝ էսպես կանգնում էր, բոցաշունչ ճառեր էր ասում։ Հիմնավորում էր, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերյալ չի», «չի կարելի իրանց տուգանել»», - Դիլիջանի ճանապարհին նկարահանված ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Կարապետ Պողոսյանը։
Ցույց տալով իր ետևում տեղակայված արագաչափը՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ այն իր համար Փաշինյանի ստերի խորհրդանիշներից մեկն է։ «Ցավոք, այս արագաչափը չենք կարող տեղադրել պայուսակի մեջ։ Բայց դե բավականին շատ բաներ տեղադրվել են, որոնք իր ստերը հիշեցնում են։ Դիմելով իրան՝ նորից կասեմ, ինչպես Մկոն ասեց, «Ա՛յ տղա, հնչի՞ սուտ խոսացիր»։ Հիմա ինչքանո՞վ կեղնի, մենք էլ էս կամերայի մոտը սկսենք սուտ խոսալ», - նշեց նա։
Մկրտիչ Վարդանյանն ասաց, թե իրենք պայքարը ժողովրդին հասկացնելու համար է, որ ստախոսը ստախոս է։ «Սաղին հասկացնենք, որ այս մարդը, Նիկոլօղլին ստախոս է։ Մեզի ո՛չ սուտ է պետք, ո՛չ կեղծիք, ո՛չ էլ․․․ Մեզ պետք է ամուր, կայուն, միասնական հայրենիք ու միասնական հայ ժողովուրդ։ Ձեր ցավը տանիմ, մենք կուգանք», - ընդգծեց Վարդանյանը։
Նշենք, որ «Արյունոտ ծաղրածու» ֆլեշմոբի շրջանակներում ընդդիմադիր գործիչները շրջում են 2018-ին Փաշինյանի՝ ապրիլյան իշխանափոխության օրերին սկսած ճանապարհով ու պայուսակի մեջ հավաքում իմքայլականներին խորհրդանշող իրեր՝ Արցախից մնացյալ հատվածի քարտեզ, ցեխոտված Սահմանադրություն, ծաղրածուի դիմակ, «Հպարտ քաղաքացու անձնագիր» և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում