Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Երեկ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում։
Այպես ասած՝ փրայմերիզներ, մինչ այդ ես կնշանակեմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան եթերով։
Գյումրու ավագանու ընդդիմադիր Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը վստահ է, որ իշխանության գերխնդիրն այս պահին ՔՊ ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է, որի նշանակմանն ամեն գնով հասնելու են ։
«Քանի որ հասկացան, որ իրավական փակուղու առաջ են հայտնվել, ուստի ցանկացած ճանապարհով փորձելու են քաղաքային իշխանությունը վերցնել ։ Ես համոզված էի, որ իրենք այդ ճանապարհով են գնալու, իրենք լավ գիտեն՝ իրենց վարկանիշն ինչքան ցածր է Գյումրիում, գիտեն՝ ինչպիսի խնդիրներ են ստեղծել քաղաքի համար, եւ այդ խնդիրները կարգավորելու համար որոշակի վարչական ռեսուրս կիրառելով, ՀՈԱԿ-ների, համայնքապատկան կառույցների վրա ազդելով, ժամանակ ձգելով՝ փորձելու են ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որպեսզի կարողանան համապատասխան լծակներ ձեռք բերեն՝ ընտրություններին ձայներ հավաքելու համար։ Իրենք համոզված են, որ եթե չլինեն վարչական լծակները, իրենք չեն անցնելու, գյումրեցիներն իրենց չեն ընտրելու։ Բնականաբար, դեկտեմբերին իրենք ընտրություն անելու ցանկություն չունեին, քանի որ գիտեին, թե որքան է իրենց վարկանիշը։ ՔՊ-ն հասկացել է, որ առանց ժամանակավոր պաշտոնակատարի, այսինքն՝ առանց վարչական ռեսուրսի օգտագործման Գյումրիում ձայն չի տանի »,-hraparak.am-ին ասաց ավագանու ՀՀԿ-ական անդամը։