Երեկ կեսգիշերին մոտ միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին Իսրայել-Իրան բախման մեկնարկից ի վեր երեւի ամենից սպասված եւ որոշիչ լուրը։ Սպիտակ տան մամլո քարտուղարը հայտարարեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահը որոշում կկայացնի Իսրայել-Իրան բախումներին միջամտելու կամ չմիջամտելու, Իրանին հարվածելու կամ չհարվածելու մասին։
Այլ կերպ ասած առաջիկա երկու շաբաթներին ԱՄՆ հարված Իրանի տարածքին չի լինի, իսկ առանց ԱՄՆ միջամտության անիմաստ է դառնում ներկա հակամարտությունը։ Իսրայելը եթե միայնակ մինչեւ իր գոյության ավարտն էլ պատերազմի՝ Իրանի միջուկային ծրագիրը վերացնել չի կարող։ Այն ինտենսիվությունը, որով առաջին երկու-երեք օրերին Իսրայելը հարձակումներ էր իրականացնում Իրանի դեմ, օրըստօրե նվազում է, քանի որ զորուգիշեր իրանի հրթիռային արսենալը հաշվող Իսրայելը ինքն էլ այդքան զինամթերք չունի, որ մի երկու շաբաթից երկար արդյունավետ հրթիռային հարձակումներ իրականացնի։
Վերջապես ամենից էականն ու որոշիչը։ Իսրայելյան հասարակությունը առանց այն էլ ուժասպառ էր եղել Գազայում մղվող պատերազմից, որ դարձավ ամենատեւական ռազմարշավը Իսրայելի 77-ամյա պատմության մեջ։ Սակայն Իրանի հետ դիմակայությունը բերեց փորձություններ, որոնց Իսրայելի հասարակության համար բացարձակ նորություն էին։ Իսրայելում սովոր էին HAMAS-ի, HEZBOLLAH-ի հրթիռներին ու հարվածներին, որոնց դեմ Իսրայելն ուներ արդյունավետ հակա-օդային պաշտպանություն։ Իրանի հետ բախումը բացեց բոլորովին այլ, մինչեւ այժմ չտեսնված իրականություն իսրայելցիների համար։ Իրանի հեռահար հրթիռները ներթափանցում են Իսրայելի հակաօդային պաշտպանության բոլոր շերտերով եւ ավերում իսրայելյան բնակավայրերը։
Թե որքան ավերածություն է գործում Իրանը Իսրայելի ռազմական օբյեկտներում, առհասարակ գաղտնի տեղեկություն է, որը Իսրայելը ամեն կերպ թաքցնում է։ Սակայն ավերածությունների տեսանելի մասն էլ, այն էֆեկտիվությունը, որով Թել-Ավիվում ամբողջ թաղամասեր են ավերվում, բավարար եղավ Իսրայելի հասարակության մեջ խուճապ ստեղծելու համար։ Եվ այդ խուճապը չի կարող հաղթահարվել Իրանին հարվածելով, նույնիսկ այաթոլաների վերացնելով։ Հակառակը, որքան շարունակվի բախումը, այնքան ավելի ցավալի եւ ավերիչ են լինելու դրա հետեւանքները իսրայելցիների համար եւ անհասկանալի է դառնալու բախման վերջաբանը մնացյալ աշխարհի համար։ Առանց ԱՄՆ միջամտության Իսրայելի պատերազմելը կատարյալ արկածախնդրություն է։
Մեկ շաբաթ առաջ Իսրայելը Իրանի վրա հարձակվեց վստահ լինելով, որ ԱՄՆ-ին պատերազմի մեջ կներքաշի։ Հետո սկսեց խնդրել ու հորդորել, որ ԱՄՆ-ը ներքաշվի։ Վերջում սկսեց համոզել, թե եթե չեք ներքաշվում, գոնե մի քանի որոշիչ հարվածներ հասցրեք bunker-buster (ստորգետնյա խորություններում պայթող) ռումբերով։ Առայժմ ոչնչի էլ չհասան։ Սիրիայում հաստատված ԱՄՆ-ի համար Իսրայելը տրամաբանորեն պետք է որ ավելի ու ավելի քիչ նշանակություն ունենա։ Իսկ Թրամփի հիմնական ընտրազանգվածի՝ MAGA շարժման հետեւորդների համար Իսրայելն առհասարակ որեւէ առանձնահատուկ նշանակություն չունի։
Ներկա պահին էականն այն է, որ Մերձավոր Արեւելքում հետագա էսկալացիայից Թրամփը խուսափեց։ Եվ դա ամենակարեւոր զարգացումն է բախման սկզբից ի վեր։