«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի Նարեկ Սարգսյանը, ԱԱԾ մեկուսարանից` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Սեւան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո հաշվառվել է որպես թմրանյութերից կախվածություն ունեցող կալանավոր։ Մեզ պատմեցին, որ նա ամեն օր ֆիքսված չափաբաժնով թմրանյութին փոխարինող «մեթադոնային լուծույթ» է ստանում, որը տրամադրվում է նման կախվածություն ունեցող կալանավորներին` ՔԿՀ բժշկի նշանակումով։ Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ որոշ ՔԿՀ-ներում չարաշահում են այս դեղամիջոցի գործածումը` տրամադրելով ոչ միայն մշտական կախվածություն եւ բուժման կարիք ունեցողներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ թմրանյութերից կախվածություն ունեն եւ կարիք ունեն մեթադոնի:
Մեզ հասած տեղեկություններով, այս դեղամիջոցն օգտագործող կալանավորները երբեմն հենց կալանավայրում են կախվածություն ձեռք բերում, քանի որ հաճախ չի ստուգվում՝ նրանք նման բուժման կարիք ունե՞ն, թե՞ ոչ, ուղղակի բանավոր հայտարարությունների հիման վրա նրանց մեթադոն են տրամադրում:
Ինչո՞ւ է Նարեկ Սարգսյանը մեթադոնային լուծույթ ստանում, ի՞նչ աստիճանի կախվածություն ունի թմրանյութերից, ինչպե՞ս է որոշվում, թե որ դատապարտյալը մեթադոնի կարիք ունի, ինչպե՞ս է որոշվում կալանավորի՝ թմրանյութից կախվածության աստիճանը։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժսպասարկման բաժնի ղեկավար Նաիրա Բաբայանն այս հարցերին ի պատասխան ասաց, որ կոնկրետ անձի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունի։ Բայց խոսելով՝ մեթադոնային բուժման մասին առհասարակ, նշեց, որ դատապարտյալը դիմում է գրում առ այն, որ ժամանակին օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի եւ ցանկանում է օգտվել մեթադոնային բուժման ծրագրից։
«Դիմումի հիմքով անձի մեզը ենթարկում ենք հատուկ հետազոտության՝ Կախվածությունների ազգային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում։ Կենտրոնում անձի հետազոտությունն իրականացնելուց հետո, եթե դրական պատասխան է ստացվում, երեւում է, որ անձի օրգանիզմում կա թմրամիջոց, ինչը կարող է բերել զրկանքի համախտանիշի, այլ կերպ ասած՝ լոմկայի, նա նշանակվում է բուժման»,-ասաց նա։
Վերջին տվյալներով համակարգում ամսական կտրվածքով 190 կալանավոր է մեթադոնային բուժում ստանում։ Նաիրա Բաբայանը վստահեցնում է՝ թիվը նվազում է, քանի որ դատապարտյալները, ըստ նրա, այս մեթոդով բուժվում են։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ն Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում Սարգսյանին պատկանող ճամպրուկներում հայտնաբերել էին կոկային եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով եւ այլ իրեր: