Հայաստանում ոչ միայն պառլամենտական ընդդիմությունն ու, այսպես կոչված, ազգայնական ուժերն են դժգոհ գործող իշխանություններից և նրանց վարած քաղաքականությունից, այլև մարդիկ, որոնք հայտնի են իրենց լիբերալ հայացքներով, արևմտամետությամբ, Եվրոպայից դրամաշնորհներ են ստանում եւ ժամանակին ակտիվորեն աջակցել են ու երկար տարիներ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին: Նախորդ օրերին այս սեգմենտից ոմանք անգամ ստատուսներ գրեցին, հայտարարություններ արեցին` ցուցադրելով իրենց դժգոհությունը Փաշինյանի «թավիշից», դանդաղկոտությունից, ռուսներին չվռնդելու եւ իրենց հրահանգները չկատարելու պահվածքից:
Բլոգեր, լրագրող Լյուսի Քոչարյանն, ով տարիներ առաջ ԱՄՆ-ում արժանացել էր «Խիզախ կին» մրցանակին, երեկ ֆեյսբուքյան իր էջում նույնպես քննադատել էր Փաշինյանին` «2018-ին պետք է ասած լինեի, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է մնա, դա է իմ ձախողումը» արտահայտության համար: Գրել էր. «Ճիշտ ա ասում...Եթե սույն անձը չլիներ էդքան թուլամորթ, անտաղանդ պոպուլիստ, ապա հենց էդ թվին պետք ա ասեր, որ Ադրբեջանը հետ ա վերցնելու Արցախը ցանկացած գնով։ Չէինք ունենա պատերազմ, զոհեր, արտագաղթ։ Բայց, իհարկե, որ ասեր, մեր՝ «ոչ-մի-թիզ», անիրատես և ինֆանտիլ հանրությունն էդ ինֆոն չէր մարսելու։ Էնպես որ բարդ ա պատկերացնել, թե որ տարբերակն ա որից ավելի վատ, վտանգավոր ու անկանխատեսելի։ Էս երկիրը ոնց որ պուբերտատ անցնող դժվար դեռահաս լինի՝ իմպուլսիվ, խակ, տհասոտ, կասկածելի գենետիկ տվյալներով, հոգնեցնող ու հյուծող վարքով»։
Լյուսին մեզ հետ զրույցում նշեց, որ սա նոր բան չէ` ինքը մշտապես քննադատել է Փաշինյանի իշխանությանը:
- Ձեզ շատ հաճախ ՔՊ-ի գաղափարակիցն են համարում, փաստորեն Դուք էլ եք նրանցից դժգոհ:
- Ես ընդհանրապես կապ չունեմ այս իշխանության հետ, երբեք ու երբեք կապ չեմ էլ ունեցել:
- Կար ժամանակ, որ այս իշխանություններից, կարծես, գոհ էիք: Ինչի՞ց եք հիասթափվել եւ Փաշինյանին անբարոյական, թուլամորթ եք անվանում, ինչո՞ւ:
- Ճիշտն ասած, առաջին անգամ չէ, ես դժգոհ եմ: Չէի ասի, որ հիասթափված եմ, որովհետև առանձնապես մեծ հույսեր չեմ էլ ունեցել, ես միշտ ՀԱԿ եմ ընտրել, միշտ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ընտրել, երբևէ ՔՊ-ական չեմ եղել: Անբարոյականություն էր ժամանակին չասելը, որ միևնույն է` պետք է տարածքները վերադարձվեն` ըստ միջազգային պայմանագրերի` նախքան պատերազմը: Կարելի էր խուսափել պատերազմից, այնպես, ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
- Օրինակ, չորեքշաբթի օրը ոստիկանները նռնակներ նետեցին ցուցարարների ուղղությամբ: Շատերը սա համեմատում են մարտի 1-ի դեպքերի հետ: Ի՞նչ կարծիքի եք:
- Լավ էլի, ինձ համար սա համեմատելի չէ մարտի 1-ի հետ, հատկապես, որ այսօրվա ցուցարարներն ուղղորդվում են մարտի 1-ի կազմակերպիչների կողմից: Քոչարյանը հաջորդ անգամ հուդայի կերպարով է հանդես գալու, մյուս անգամ` Պարույր Սևակի, հետո` Հովհաննես Թումանյանի ու այդպես շարունակ, մինչև որ կհասկանա, որն է ավելի շատ աշխատում:
- Բայց արժե՞ այսօր բոլոր ցուցարարներին Քոչարյանի կողմից ուղղորդված անվանել, ի վերջո այնտեղ կան բազմաթիվ ապաքաղաքական մարդիկ, ովքեր ուղղակի այս իշխանություններին դեմ են:
- Իհարկե կան, բայց դե մեր հանրության ինտելեկտուալ ցենզը չի փայլում, դրա համար էլ` սրբազան, եկեղեցի և այլն: Հայերը սիրում են նման բաներ, իսկ ես աթեիստ եմ ու ատում եմ: Մտածում են` Աստծո անունով մի բան կստացվի….
- Այս իշխանություններն իրենց արևմտամետ են համարում: Դուք նրանց համարո՞ւմ եք այդպիսին:
- Իրենց արևմտամետությունը քիչ է: Բավականաչափ չէ: Մինչև ընտանեկան բռնության վերաբերյալ օրենք մտցրեցին` ծերացանք: Արևմտամետություն կա, բայց քիչ է, ինձ համար բավարար չէ: Պետք է շատ ավելի առաջադեմ լինել:
- Օրինակ` Կիրանց գյուղում Տավուշի մարզպետը, ով Փաշինյանի քավորն է, կանանց կոչ էր արել չխառնվել քաղաքական պրոցեսներին, ասել էր, որ միայն գյուղի տղամարդկանց հետ է հանդիպելու: Սա՞ է իշխանության արևմտամտությունը:
- Դե առանց այդ էլ գյուղերում սեքսիզմը վխտում է, այս առումով ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է իշխանությանն, իսկ ո՞վ ասաց, որ իշխանության մեջ չկան սեքսիստներ, իհարկե, կան: Նույն ՔՊ-ականների մեջ կան մարդիկ, ովքեր դեմ էին ընտանեկան բռնության օրենքի փոփոխություններին: Բոլորն էլ այս երկրի ու այս հանրության արգասիքներն են:
- 2018 թվականից հետո դրական փոփոխություններ կա՞ն:
- Ինչ-որ բաներ փոխվել են, ես այս իշխանություններին համարում են թուլամորթ և իմպոտենտ, բայց որոշ փոփոխություններ կան, կոռուպցիա, ոստիկանների կամայականություններ, սրա-նրա «ախրաննիկը» էլ մարդ չի ծեծում: Մարդիկ որոշ հրեշավոր անուններ մոռացել են, նրանք էլ չկան:
- Ապրիլին ոստիկանները խոշտանգել էին մի երիտասարդի` առանձանկի դաժանությամբ, ՔՊ-ական մի պատգամավորի դավաճան անվանելու համար:
- Գաղափար չունեմ այդ դեպքից, ոչինչ ասել չեմ կարող: