Հարցազրույց

«Հրապարակ». Կապիտուլյացիան քայլ առ քայլ շարունակվում է

«Հրապարակ». Կապիտուլյացիան քայլ առ քայլ շարունակվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օգոստոսի 28-ին հեռախոսային խոսակցություն են ունեցել եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին առնչվող, սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պուտինը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցել Բաքվին եւ Երեւանին՝ փոխընդունելի որոշումների մշակման գործում։ Ընդամենը 11 օր առաջ էր Պուտինն այցելել Բաքու, եւ, դատելով տարածված հաղորդագրություններից, երկու կողմերի սպասելիքներն արդարացել են այդ հանդիպումից։ Հիմա էլ հեռախոսով են ամրապնդում ձեռք բերվածը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Պուտինը վերջերս էր այցելել Ադրբեջան, ինչո՞վ էր պայմանավորված այս հեռախոսազրույցը։

- Ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ Բաքու այցելությունից հետո Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին տեղեկացրել է այդ հանդիպման արդյունքների մասին։ Ես կարծում եմ, որ տարբեր կոմունիկացիաներով այդպիսի խոսակցություն տեղի է ունեցել, եւ հիմա Պուտինը նորից զանգահարել է Ալիեւին, որպեսզի տեղեկացնի հայկական կողմի պատասխանի մասին։ Սա ընդամենը ենթադրություն է, բայց քանի որ Բաքու այցի հիմնական խնդիրն այն էր, որ Ռուսաստանը նորից առաջարկում էր, որ բանակցությունները տեղափոխեն ռուսական հարթակ, իսկ Հայաստանից բավականին կոշտ մերժեցին դա, կարծում եմ, որ հիմա շարունակվելու են` եթե ոչ բանակցություններ, ապա դրա առանձին բաղադրիչներ ռուսական աջակցությամբ փորձելու են լուծել: Առաջին հերթին խոսքը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների մասին է։ Իմ կարծիքն է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում նույնպես կմերժեն։

- Միջանցքի տրամադրո՞ւմը։

- Կարծում եմ` կմերժեն, որ այդ հաղորդակցության ուղիները բացվեն Ռուսաստանի վերահսկողությամբ, այսինքն՝ որպեսզի Հայաստանով անցնող ճանապարհները եւ ոչ թե միջանցքը, վերահսկվեն ռուսական հատուկ ծառայությունների կողմից` այն, ինչ գրված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանի հիմնական ուզածը դա է, եւ կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն այս անգամ եւս դա կմերժեն։

- Խաղաղության պայմանագրի մասով Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ քայլեր հնարավո՞ր է ձեռնարկի․ գիտենք, որ քանի դեռ ՌԴ-ն չգիտի, թե ուկրաինական ճակատում ինչ կլինի, չի ուզում մեր տարածաշրջանում խնդիրներ ունենալ։

- Նախ՝ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն, մեծ հաշվով, որովհետեւ Ադրբեջանը կամաց-կամաց կարողանում է Հայաստանից ստանալ այն, ինչն ինքը պիտի ստանար այդ խաղաղության համաձայնագրով։ Եթե կարողանում է առանց դրա ստանալ, իրենց ինչի՞ն է պետք այդ համաձայնագիրը։ Սա՝ մեկ։ Հայաստանին էլ պետք չէ, կարծես թե, որ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ռուսական միջնորդությամբ։ Հայաստանն ավելի շատ հակված է արեւմտյան միջնորդությանը եւ կարծես ամեն ինչ անում է, որպեսզի ՌԴ-ին դուրս մղի տարածաշրջանից, դրա համար էլ Հայաստանի իշխանությունները ջանում են Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ վարել, ինչը, մեծ հավանականությամբ, հենց ադրբեջանական կողմի պարտադրանքն է։ Ես չեմ կարծում, թե խաղաղության համաձայնագիր կստորագրվի, որովհետեւ Ադրբեջանը, կոպիտ ասած, շաբաթը մեկ ասում է, որ հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է, իսկ այսօր Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են Սահմանադրությունը փոխել 2027 թվականին, այսինքն՝ 3 տարի անց։ Հետեւաբար, ես վստահ եմ, որ մինչ այդ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի։

- Ադրբեջանում էլ են գիտակցում, որ սահմանադրություն փոխելու համար ժամանակ է պետք։ ՀՀ իշխանությունները երբ հայտարարում են, որ դա կլինի 2027-ին, ժամանա՞կ են ձգում՝ մինչեւ ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, թե՞ այդ ժամանակն իրենց պետք է հասարակությանը պատրաստելու համար, որ մարդիկ Ադրբեջանի թելադրած սահմանադրությանը կողմ քվեարկեն։

- Խնդիրը սահմանադրությունը չէ, խնդիրն այն է, որ կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր կամ կապիտուլյացիա: Դրանք տարբեր բաներ են։ Եթե Հայաստանն Ադրբեջանի պահանջով փոխում է սահմանադրությունը, դա նշանակում է, որ ստորագրվելու է ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ՝ կապիտուլյացիայի ակտ, որով Ադրբեջանը ոչ միայն դա է պահանջելու։ Պահանջելու է ռեպարացիաներ, փախստականների վերադարձ, որ Հայաստանի բանակը շատ փոքրաթիվ լինի, վերահսկելի լինի եւ այլն: Դա կապիտուլյացիա է։ Այսինքն՝ Ադրբեջանը սահմանադրության փոփոխություն պահանջելով` ցույց է տալիս, որ իրեն պետք չէ խաղաղության համաձայնագիր՝ իրեն պետք է լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա։ Հայաստանի իշխանությունները տարբեր հայտարարություններով, ձգձգումներով փորձում են իրենց դեմքը փրկել եւ ցույց տալ, թե իրենք ոչ թե կապիտուլյացիայի են ենթարկվում, այլ պարզապես հանուն խաղաղության համաձայնագրի ինչ-որ զիջումներ են անում, ինչպես դա եղավ, օրինակ, Կիրանցի դեպքում, երբ որ մեր զորքերը հետ քաշվեցին եւ այլն, եւ այլն։

- Փաստացի, Ադրբեջանն ամեն ինչ ստանում է առանց պայմանագրի։

- Դրա համար էլ իրենց պայմանագիր պետք չէ։ Իրենց պետք է կապիտուլյացիա, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ դա կապիտուլյացիա չէ, որ դրանք միջազգային նորմեր են, հակառակ դեպքում պատերազմ կլինի՝ պատերազմով վախեցնելով հասարակությանը, այսինքն՝ փրկելով իրենց դեմքը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ամենաշատը կատաղում, վրդովվում է «կապիտուլյացիա» բառից, թեեւ իր եւ իր իշխանության գործունեությունը բերում է կապիտուլյացիայի՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ։

- Այսինքն՝ մենք հիմա կապիտուլյացիոն գործընթացի մե՞ջ ենք։

- Այո, սկսած 2020 թվականի նոյեմբերից՝ քայլ առ քայլ։ Սկզբում՝ Որոտանի ճանապարհ, հետո՝ իրենց զորքերի ներխուժում մի քանի հատվածներում, որոնց հայկական բանակը որոշակի հատվածներում նույնիսկ չդիմադրեց։ Հետո ասացին, որ ձյունոտ սարերի համար չենք կռվելու, հետո՝ Կիրանցից միակողմանի հետքաշումը, ճանապարհների հանձնումը։ Սրանք՝ բոլորը, կապիտուլյացիայի քայլ առ քայլ իրականացվող դրվագներ են, եւ, բնականաբար, Ադրբեջանը պահանջելու է մինչեւ վերջ բոլոր կետերի իրագործում՝ հետեւողականորեն գնալով պահանջների մեծացման։

- Ադրբեջանական պահանջների մեջ է մտնում նաեւ ատոմակայանի փակումը․ կհասնե՞ն դրան։

- Եթե այսպես շարունակվի՝ բնականաբար։ Ես Ադրբեջանի պահանջների ամբողջ ցանկին ծանոթ չեմ, բայց եթե Հայաստանի իշխանությունները որոշել են խաղաղության հասնել ցանկացած գնով, Ադրբեջանը, բնականաբար, պահանջելու է այդ ցանկացած գինը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image