Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտից Գյումրիում Հայաստանի դաշինքի անդամների և վստահված անձանց նկատմամբ իրավապահների կողմից գործողություններ են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ բերման են ենթարկվել տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ շտաբի պետը։
Պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը նշեց, որ առավոտյան շատ վաղ, իրավապահները ներխուժել են Անի թաղամասում գտնվող իրենց գրասենյակներ։ Նրա խոսքով՝ տարածել են նաև սուտ տեղեկություններ, թե իբր ձերբակալվել է նաև ինքը։
Սիմոնյանի գնահատմամբ՝ այս գործողությունները նպատակ ունեն ճնշել իրենց թիմին, սակայն դրանք որևէ ազդեցություն չեն ունենում իրենց գործունեության վրա։
«Մեզ համար դա անակնկալ չէր։ Մեր թիմի ներկայացուցիչները կապի մեջ են, հայտնում են, որ շարունակելու են իրենց աշխատանքը ավելի մեծ պատրաստակամությամբ։ Ասում են՝ չանհանգստանանք, քառապատկել ենք մեր ուժերը»,– նշել է նա։