Վերլուծություն

Կոկորդիլոսը գոնե կծում էր, ձին կարող է մի լավ քացի տալ

Կոկորդիլոսը գոնե կծում էր, ձին կարող է մի լավ քացի տալ

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը հերթական անգամ հետաձգվեց։ Պաշտոնական բացատրությունը՝ տեխնիկական խնդիրներն ու տեղափոխման հետ կապված հարցերն են, իսկ սոցցանցերում արդեն հասցրել են գտնել իրենց՝ ոչ այնքան պաշտոնական, բայց շատ ավելի զվարճալի տարբերակը։

Կոկորդիլոսների պատմությունից հետո, երևի, որոշել են այս անգամ չշտապել։ Պարզվել է՝ տեղափոխման ժամանակ ամենամեծ տեխնիկական խնդիրը ոչ թե մեքենան է, այլ այն պահը, երբ ձին իր կարծիքը հայտնում է հետևի ոտքերով։ Մի բան պարզ է՝ կենդանիների հետ գործ ունենալը հեշտ չէ․ մեկը ատամներով է «փաստարկ բերում», մյուսը՝ հետևի ոտքերով։ «Կոկորդիլոսը գոնե կծում էր, իսկ ձին կարող է մի լավ քացի էլ հասցնել»,– կատակում են օգտատերերը։

Իհարկե, սա պարզապես հումոր է։ Բայց պետք է խոստովանել՝ երբեմն իրականության որոշ դրվագներ՝ իշխանության պրոդյուրսերությամբ, այնքան անհավանական են թվում, որ իրենք իրենցով սև հումորի նյութ են դառնում։

Հիշում եմ ուսանողական տարիներիս պատմությունը, երբ Վովա փիղը փախել էր, և ամբողջ Երևանը դրա մասին էր խոսում։ Այն ժամանակ փղի որոնումները համազգային իրադարձություն էին դարձել։ Լավ է, ժամանակներն ուրիշ էին, Փաշինյանը չէր, որ փղին հավերժ քնեցնեին։

Մինչ ձիերի մասով իրավական գործընթացները շարունակվում են, համացանցում արդեն կատակում են, թե առգրավման ամենաբարդ փուլը գուցե ոչ թե փաստաթղթերն են, այլ այն պահը, երբ պետք է համոզել ձիուն, որ ինքը «կամավոր» պիտի տեղափոխվի։
Որովհետև, ինչպես ասում են՝ մարդուն կարելի է համոզել, բայց ձին երբեմն սեփական տեսակետն ունի։ Եվ այն արտահայտում է շատ համոզիչ ձևով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image