Քաղաքականություն

Ռուսները սկսել են հասկանա՞լ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում

Ռուսները սկսել են հասկանա՞լ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում

Հայաստանում զարմացած են այն փաստից, որ Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, մինչդեռ ՀՀ կառավարության ծրագրում անգամ հանրապետություն բառը չի գործածվում: Այսպես՝ ՌԴ կառավարության կայքի գնումներ բաժնում գրված է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:  

«Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ձևակերպումը պատահական չէ․ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել և  Թուրքիայի՝ այստեղ շատ ակտիվ մասնակցությունն արդեն ակնհայտորեն անհանգստացնում է ՌԴ-ին։ «Թուրքիան իր առջև դրել է՝ անցնել Հայաստանի վրայով և ինչու ոչ՝ վերացնել այն երկրի երեսից և միավորել թյուրքալեզու պետությունները՝ որպես մեկ միավոր և մենք այս մասին ոչ հրապարակավ դիմումներ ներկայացրել ենք»։ Ա․ Սարգսյանը հավելեց, որ այս բոլորը հարցերը քննարկվել են հայ-ռուսական «Լազարևյան ակումբի»  վերջին նիստին։ Եւ երկրորդ պահը՝ ՌԴ-ն խիստ մտահոգված է Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան կարող է ցանկացած պահին թեքվել թիկունքով։ «Եվ ՆԱՏՕ-ն արդեն ուղղակի կհասնի իրենց սահմաններին։ Իրենք այդպիսի վտանգ են տեսնում։ Բացի այդ, Ադրբեջանն է իրեն շատ ավելի սանձարձակ պահում՝ մեղմ ասած և, կարծում եմ, որ դրանից հետևություններ են արել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրենց մեկ անգամ բացահայտ ասել ենք թուրքական հնարավոր էքսպանսիայի մասին։ Օրինակ, պատկերացնենք, որ Թուրքիան կարողանում է տնտեսական էքսպանսիա իրականացնել Հայաստանում։ Դա շատ հեշտ է և մենք հիմա արդեն օրինակներ ունենք, երբ Ապարանի շրջանում, չգիտես ովքեր են, արաբների անվան տակ տներ և հող գնում մեր գյուղացիներից և այստեղ արդեն տնավորվում են։ Եվ այդպիսի ծրագիր իրենք մշտապես ունեցել են, Թուրքիան արդեն մշակել ու սկսել է իրականացնել այդ ծրագիրը։ Ու եթե հայերի մեծ մասը հեռանա երկրից, ելնելով նրանից, որ շատերն իսկապես ուզում են վաճառել հող, տուն, իրենց բիզնեսներն անգամ, ապա այդ պարագայում Ռուսաստանը ո՞ր սահմանն է պաշտպանելու, երբ որ թուրքերն արդեն կլինեն իրենց թիկունքում՝ Արարատից, Ապարանից» ,-ասաց Դեմկուսի նախագահը։

Նշենք, որ ռուսական մամուլում էլ վերջին շրջանում ավելացել են հոդվածները թուրքական «մեղմ էքսպանսիայի»  մասին, որտեղ բերվում են փաստեր, թե ինչպես է Թուրքիան  տարբեր հիմնադրամների, բարեգործական ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով   հետխորհրդային տարածքում, հատկապես՝ միջինասիական երկրներում փորձել գրավել այն դերը, որը խորհրդային տարիներին ունեցել են ռուսները։ Եվ որ թուրքերն այս ճանապարհին օգտագործել են ամեն ինչ՝ մեդիա, սոցիալական ցանցեր, հանրային տրամադրություններ։ Օրինակ՝ ուզբեկներին մտածված կերպով անվանում են ոչ թե ուզբեկ, այլ «թյուրքական ուզբեկներ»։

Հիշեցնենք, որ Մոսկվան վերջին շրջանում սկսել է խոսել նաև Մինսկի Խմբի շրջանակներում  Արցախի կարգավիճակի շուրջ տարվելիք բանակցությունների վերսկսման մասին։ Մի բան, որ պատերազմից հետո ակնհայտորեն ադրբեջանամետ ՌԴ-ում դեռ 3 ամիս առաջ չէին էլ ուզում լսել։ Ռուս փորձագետներն իրենք նման շեշտակի փոփոխությունը պայմանավորում էին նրանով, թե, իբր ՌԴ-ին էլ է ձեռք տալիս ՄԽ շրջանակներում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լեգիտիմացումը։

Ռուսական կողմը Թուրքիայի մեծապետական ծրագրերի մասին միայն պատերազմից հետո մեկ տարի ա՞նց գլխի ընկավ։ Ի վերջո, երբ մերոնք փորձում էին ռուսական կողմին բացատրել, այնտեղ ջղաձգվում էին, թե՝ մեզ մի բացատրեք մեր շահը։ Արամ Սարգսյանն ասում է․ «Իսկ ինչո՞ւ եք զարմանում, շատ ժամանակ հենց այդպես էլ լինում է։ Մենք երեկ, օրինակ, ԱՄՆ դեսպաատանը՝ երբ ներկայացնում էինք հիմնահարցի էությունը իրավական տեսանկյունից, դրա պատմությունը, մեզ շատ ուշադիր և զարմացած լսում էին։  Մեզ թվում է, թե բոլորը գիտեն մեր բոլոր խնդիրների ու դադերի մասին։ Երկրորդ՝ հաշվի առնենք, որ օրվա իշխանությունը և նախորդները, այստեղ տարբերությունը շատ չէ, չեն վարել այնպիսի քաղաքականություն, որ հարաբերություններն այնպիսի վստահելի մակարդակի լինեն, որ երբևէ չփոխեն այս կամ այն ուղին»։ 

«Հրապարակի» հետ զրույցում Մոդեստ Կոլերովը հարցին, թե ինչու է օգտագործվում այս եզրույթը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, նախ ենթադրեց, որ սխալմունք է, ապա տեղեկանալով, որ խոսքը պաշտոնական կայքի մասին է, նկատեց․ ««Լեռնային Ղարաբաղը» մեր կողմից մշտապես օգտագործվել է։ Բերեմ մի օրինակ՝ ռուսական լրատվամիջոցների «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տերմինների օգտագործման համամասնությունը հետևյալն է․ Արցախ՝ 540 հազար և Լեռնային Ղարաբաղ՝ 5 միլիոնից ավելի հիշատակում։ Եվ բնականաբար՝ «Լեռնային Ղարաբաղի» հետ երբեմն էլ կարող է օգտագործվել «Հանրապետությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image