Հասարակություն

«Հրապարակ». Նախարարությունը հիմա էլ «Ակունք» համույթին է դատի տվել

«Հրապարակ». Նախարարությունը հիմա էլ «Ակունք» համույթին է դատի տվել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի եւ գումար է պահանջում։ Հայցը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին, ով նախարարության հայցադիմումը 2023 թվականի ապրիլի 11-ին հետ է վերադարձրել՝ թերությունները եռօրյա ժամկետում շտկելու եւ կրկին ներկայացնելու համար։ Նշենք, որ «Ակունք» համույթը հասարակական կազմակերպություն է։ Մենք փորձեցինք համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանից ճշտել, թե ինչ գումար է նախարարությունը հետ պահանջում իրենցից։

Մեզ հետ զրույցում Շահնազարյանը զարմացավ, երբ իմացավ, որ նախարարությունը հայցադիմում է ներկայացրել, եւ ասաց, թե չգիտի՝ հայցն ինչի համար են ներկայացրել։ «Առաջին անգամ եմ լսում, էդպիսի բան ո՞նց կարող է լինել»,- ասաց Շահնազարյանը։

Հարցրինք՝ գուցե դրամաշնո՞րհ եք ստացել նախարարությունից, որը հիմա հետ են պահանջում, որովհետեւ նման դեպքեր էլի են եղել։ Շահնազարյանը պատասխանեց․ «Մի անգամ ինչ-որ հարց եղավ՝ տարազի հետ կապված, թե` գումար եք ստացել, բայց տարազը չեք կարել։ Ասացինք՝ ո՞նց չենք կարել, այդ տարազն են հագնում։ Մի անգամ այդ մի հարցն է եղել, որը եղել է շատ շուտ՝ մի 2 տարի առաջ, եւ այդ հարցը փակվեց, այսինքն՝ այնտեղ թղթերը չէին նայել, թե ինչ: Մտածել էին, որ գումարը փոխանցվել է, տարազը չի կարվել։ Բայց, ախր, դա ի՞նչ հարց կարող է լինել, չեմ պատկերացնում։ Ես հիմա զանգեմ հարցնեմ, մեր համույթն էլ այստեղ չէ, համերգի է»։

Նշենք, որ նախարարությունը հայցադիմումը դատարան է մուտքագրել մարտի 30-ին, եւ սա առաջին դեպքը չէ, երբ նախարարությունն իր տված դրամաշնորհը հետ է ուզում։ Այդպես եղավ նաեւ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացման պարագայում, երբ նախարարությունը հետ էր պահանջել 2 մլն 756 հազար դրամի չափով դրամաշնորհը։ Այս դեպքում էլ էր նախարարությունը դատական հայց ներկայացրել ընդդեմ «ԱԺԶ» մշակութային ՀԿ-ի, հայցադիմումն այս պահին քննության փուլում է։

Հետաքրքիր է, որ 2019 թվականին նախարարությունը տոնել էր «Ակունք» համույթի ստեղծման 45-ամյակը։ Նախարարության կայքում համույթի մասին կարդում ենք հետեւյալը․ ««Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաեւ հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում՝ Գերմանիա, Կիեւ, ՌԴ, Էստոնիա, ԱՄՆ, Կանադա, Վրաստան, Իտալիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս եւ այլուր: Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը»։
Փաստորեն, համույթն իր առաքելությանը հավատարիմ է, իսկ նախարարությունը՝ ոչ, եւ փոխանակ աջակցի ազգային ու ազգագրական երգի ու պարի տարածմամբ զբաղվող համույթին, դատական հայց է ներկայացնում ու գումար պահանջում։

Դրամաշնորհների հետ կապված՝ վերջին տարիներին ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունն առհասարակ ամենաքիչը տարօրինակ է, եթե չասենք՝ պետության շահերին վնասող: Ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ պետական միջոցներով տպագրվող մանկապատանեկան պարբերականների ֆինանսավորումը դադարեցնելու եւ անհայտ պարբերականներին գումարներ տրամադրելու հետ կապված: Նույնն արեցին «Հրապարակի» մշակութային հավելվածի հետ կապված` մեզ տրամադրվող փոքրիկ դրամաշնորհը դադարեցվեց, ինչը, ըստ ամենայնի, քաղաքական որոշման արդյունք էր: 5 տարի շարունակ տպագրվող «Մշակութային Հրապարակ»-ին, որը մեծ լսարան ունի եւ մշակութասեր հանրության շրջանում բարձր հեղինակություն, ԿԳՄՍՆ-ն հրաժարվեց տարեկան 1 միլիոն դրամ տրամադրել, որպեսզի ծախսերի գոնե մի մասը դրանով հոգանք: Այժմ հավելվածը տպագրվում է բացառապես «Հրապարակի» ուժերով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image